Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արշակ Բանուչյանը այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ, չթերագնահատելով կամ չնեղացնելով իր հետ միասին այդ ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներին, այդուհանդերձ, ինքը համարում է, որ մրցակից չունի. «Ես մրցակից չունեմ: Իմ մրցակիցը փողն է, վախը, ընչաքաղցությունը: Մարդիկ ընտրություն են անելու դրանց եւ իմ միջեւ: Ցավոք, կա մարդկանց մի զանգված, որ ամեն ընտրության դառնում է կաշառակեր: Բայց մարդիկ պետք է հասկանան, որ նա, ով իրեն կաշառք է առաջարկում, չի կարող հետո կաշառքի դեմ պայքարել:»:
Պարոն Բանուչյանը տարբեր հարցումներով իր ընտրատարածքում առաջատար դիրքերում է: Նրան հաջորդում են ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը եւ ապա անկուսակցականներ Գրիգոր Մարգարյանն («Բելաջիոյի Գրիշա») ու Մանվել Եղիազարյանը («Արաբոյի Մանվել»): Հիշեցնենք, որ իշխանությունն այդ ընտրատարածքում սատարում է Գրիգոր Մարգարյանի թեկնածությունը:
Պարոն Բանուչյանը, լրագրողի հարցին, թե ինչ է կարծում` թիվ 11 ընտրատարածքում անձամբ իր, թե ՀԱԿ-ի հեղինակությունն է բարձր, պատասխանեց` «ՀԱԿ-ը մեծ հեղինակություն ունի, բայց, նկատի ունենալով, որ թիվ 11-ում ես միակ ընդդիմադիր թեկնածուն եմ, կան դիտարկումներ, որ ես ավելի շատ ձայն կհավաքեմ, քան ՀԱԿ-ը»: Պարոն Բանուչյանը համարում է, որ այդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի եւ Շենգավիթ վարչական տարածքները, ընտրողներն ավելի հակված են դեպի ընդդիմությունը, «ոչ մեկը ի սրտե ձայն չի տալիս իշխանություններին, հայհոյում են…»:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, եթե հանկարծ պարոն Բանուչյանը մեծամասնականով հաղթի, իսկ ՀԱԿ-ը բավարար ձայներ չհավաքելու դեպքում որոշի փողոց դուրս գալ կամ մանդատները վայր դնել, պարոն Բանուչյանը կմիանա. «Ես թիմի մարդ եմ, եթե թիմը որոշի ինչ-որ քայլերի դիմել ԱԺ ընտրություններից հետո, ես նույնպես կգնամ այդ քայլերին»: Նա նաեւ ասաց, որ մեծամասնականով առաջադրվել է ոչ թե հենց իր համար, այլ` ՀԱԿ-ի` «եթե ես անցնեմ մեծամասնականով, ՀԱԿ-ից մեկ հոգի իմ փոխարեն կանցնի համամասնականով»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ