Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԻՈ+20» ազգային զեկույցի նախագծի քննարկո՞ւմ, թե՞ իմիտացիա

Մայիս 03,2012 13:39

2012թ. հունիսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովը, որին մասնակցելու են գերտերությունների ղեկավարներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ աշխարհի 110 երկրներից: Գագաթաժողովի մասնակից երկրների շարքում է նաեւ Հայաստանը: Գագաթաժողովում նախատեսվում է լսել երկրների ընդհանուր վիճակի վերաբերյալ ազգային զեկույցներ (վերջին 10-ից 20 տարիների ընդգրկմամբ), ինչպես նաեւ քննարկել առաջիկա 20 տարիներին երկրագնդի բնակչությանը սպասող մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթ լուծումներ:

Այս տարվա ապրիլի 6-ին «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ կառավարությունը ներկայացրեց «ՌԻՈ+20» ազգային զեկույցի նախագիծը, որի մշակմանը մասնակցել էր նաեւ Կայուն զարգացման ազգային խորհուրդը: Հակառակ այն ակնկալիքներին, որ քննարկմանը մասնակից կլինեն հ/կ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, նախագծի քննարկումն անցկացվեց կիսադատարկ դահլիճում եւ տպավորությունն այնպիսին էր, որ կազմակերպիչները միայն նպատակ էին հետապնդում ցույց տալու, որ իբր զեկույցը քննարկվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ էր վկայում այն փաստը, որ միջոցառումը բացելուց հետո քիչ ժամանակ անց դահլիճից հեռացան ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահը եւ նրանց ուղեկցող անձինք: Դահլիճում մնացին կառավարության երկրորդական-երրորդական կարգի 3-4 ներկայացուցիչ եւ քիչ թվով հ/կ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության կողմից վառվռուն գույներով նկարագրված ազգային զեկույցում Հայաստանը ներկայացված է որպես բարեկեցիկ, լավ եւ ապահով երկիր, որին կնախանձեին անգամ սկանդինավյան երկրները: Քննարկման մասնակից քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր, այդ թվում՝ «Կայուն զարգացման ծրագրի» (ԿԶԾ) Քաղաքացիական համագործակցության ցանցի (ՔՀՑ) ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ներկայացված զեկույցի նախագծին: Միջոցառմանը ելույթ ունեցողների կողմից հիշատակվեց նաեւ 2009թ. փետրվարի 14-ին կառավարության հետ ստորագրված ԿԶԾ Համաձայնագիրը, ըստ որի՝ նախատեսված է ԿԶԾ շրջանակներում ծրագրի մշակման, իրականացման, մոնիտորինգի եւ գնահատման գործընթացներում ՔՀՑ-ի, որպես հավասար գործընկեր կողմի, ակտիվ մասնակցությունը: Այդ նպատակով ստեղծվել էին, համապատասխանաբար՝ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ղեկավարությամբ եւ համակարգող խորհուրդ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Սակայն անցած 3 տարիների ընթացքում տեղի է ունեցել խորհրդի միայն մեկ նիստ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ նախատեսված առնվազն 6 նիստի եւ աշխատանքային խմբի 4 նիստ՝ նախատեսված առնվազն 12 նիստի փոխարեն: ՔՀՑ խորհրդի անդամները եւ համակարգող խորհրդում ՔՀՑ ներկայացուցիչները բազմիցս դիմել են վարչապետին, որպեսզի հրավիրի խորհրդի նիստ, սակայն վարչապետը մինչ օրս, անհայտ պատճառներով, լռում է եւ չի արձագանքում: Չնայած ՀՀ կառավարության կողմից հարուցված բազմաթիվ խոչընդոտներին եւ ԿԶԾ շրջանակում կնքված համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների չկատարմանը՝ ՔՀՑ շարքերը (ոլորտային խմբերը) համալրվում են նորանոր ոչ կառավարական կառույցներով, տարբեր ոլորտների (տնտեսության զարգացման, բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության եւ այլն) բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներով: Ներկա դրությամբ ԿԶԾ ՔՀՑ -ում ներգրավված են հարյուրից ավելի ոչ կառավարական կառույցներ:

Երկրի զարգացման գործընթացներում այսօր ՔՀՑ-ն պատրաստակամ է աջակցելու վարչապետին, կառավարությանը, ինչը նախատեսված է ոչ միայն ԿԶԾ համաձայնագրով, այլեւ երկրի առջեւ ծառացած այլ մարտահրավերներով: Սակայն, ցավոք, ՀՀ կառավարությունը չի մեկնում իր ձեռքը մեր պարզած ձեռքին, ինչի ապացույցն է հիշատակվող ազգային զեկույցի կազմման ու քննարկման գործընթացը: Այսպես, ըստ ԿԶԾ ՔՀՑ խորհրդի անդամների, «ՌԻՈ+20» ազգային զեկույցի նախագիծը կառավարությունը նախ պետք է ներկայացներ ԿԶԾ ՔՀՑ -ին՝ վերջինիս ոլորտային խմբերում մանրակրկիտ քննարկելու, կարծիքներ հայտնելու եւ առաջարկություններով հանդերձ մասնակցելու նախագծի մշակմանը: Սակայն նախագիծը ԿԶԾ ՔՀՑ-ին ներկայացնելու եւ նրա հետ մշակելու փոխարեն, վերոնշյալ գործընթացներն իրականացվել են Կայուն զարգացման ազգային խորհրդի շրջանակներում, որը իրենից ներկայացնում է ընդամենը խորհրդատվական մարմին՝ իր մոտ մեկ տասնյակ կառավարամերձ հ/կ-ներով:

Իրականում, «ՌԻՈ+20» ազգային զեկույցի նախագծի մշակման հետ կապված, ՔՀՑ-ին մասնակցելու առաջարկ է եղել բանավոր կերպով եւ քննարկման նախօրեին Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար Կարինե Դանիելյանի (ով նաեւ ԿԶԾ ՔՀՑ խորհրդի անդամ է), այլ ոչ թե կառավարության կողմից՝ պաշտոնապես: Բնականաբար, ՔՀՑ խորհուրդը մերժել է այդ ոչ պատշաճ մոտեցմամբ առաջարկին:

2012 թ. մարտի 29-ին, նախագծի քննարկումից ընդամենը 7 օր առաջ, էլեկտրոնային նամակով տարածվեց զեկույցի նախագիծը: Նամակում նշված էր, որ ապրիլի 6 -ին նախատեսված է նախագծի քննարկում: Չնայած հատկացված սեղմ ժամկետին եւ ՔՀՑ-ին արված առաջարկի սխալ ձեւաչափին, ԿԶԾ ՔՀՑ-ի որոշ անդամներ ներկայացրեցին որոշ առաջարկներ: Սակայն իրականում դա ոչ թե քննարկում էր, այլ քննարկման իմիտացիա: Այս մասին ԿԶԾ ՔՀՑ ներկայացուցիչները բարձրաձայնեցին ինչպես քննարկման ընթացքում իրենց ելույթների ժամանակ, այնպես էլ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ վերջերս ՄԱԿ ներկայացուցիչների հետ ՔՀՑ ակտիվի ունեցած հանդիպման ժամանակ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկեցին վերանայել եւ լրամշակել ներկայացված զեկույցի նախագիծը: ԿԶԾ ՔՀՑ ներկայացուցիչները նաեւ դիմում են ՀՀ կառավարությանն ու դոնոր հանրությանը՝ աջակցելու քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությունը «ՌԻՈ+20» վեհաժողովի աշխատանքներին:

ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ԿԶԾ ՔՀՑ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031