Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանն ընտրությունների ժամանակ չի բացառում պրովոկացիաները, միջադեպերը:
– Երկու անգամ պատգամավոր եք ընտրվել Ապարանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքից: Հիմա առաջադրվել եք թիվ 12-ում, ինչը շատերի համար նույնիսկ անհասկանալի է:
– Ես 8 տարի ապրում էի իմ պապական օջախում, որ մոտ լինեմ իմ ընտրողներին, համայնքներին: Կարծես թե ստացվել է աշխատանքը: Փորձեցի գյուղատնտեսությանն օգնել՝ ոտքի կանգնեցնել, բայց հասկացա, որ մեկ ոլորտ վերցնել ու ոտքի կանգնեցնել՝ հնարավոր չէ, երբ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա: Շատ գործեր արեցինք՝ ջրագծեր, ճանապարհներ, դպրոցներ եւ այլն, բայց հասկացա, որ ինչքան շատ ենք անում, այնքան դրանից օգտվողները քչանում են: Մարդիկ ավելի աղքատանում են: Պետք են համակարգային փոփոխություններ: Ես այդ տարածքի բոլոր խնդիրները գիտեմ, նոր բան իմանալու առումով այդ տարածքն արդեն ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում: Ես շարունակելու եմ այդ տարածքով էլի զբաղվել: Ես ՀՀ քաղաքացի եմ, ապրում եմ Հայաստանում, իսկ պատգամավորը միայն ինչ-որ տեղի խնդիրներով զբաղվելու համար չէ: Որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով էլ անդամագրվեցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ առաջադրվեցի՝ արդեն վերադառնալով իմ ծննդավայր Երեւան:
– Այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ եղան, որ Ձեզ խանգարեցին թիվ 14-ում առաջադրվելու համար: Գլխավոր դատախազի անունը շրջանառվեց: Ճշմարտության հատիկ կա՞ այդ ամենում:
Կարդացեք նաև
– Ես չէի ասի, որ որեւէ մեկը կարող է ինձ խանգարել կամ չխանգարել: Քաղաքականություն է, ամեն մեկն իր շահն է հետապնդում: Իմ եւ շատ մարդկանց տարբերությունն այն է, որ ես ժողովրդի շահով եմ եղել միշտ զբաղված՝ ի տարբերություն ոմանց, ովքեր անձնական շահն են միշտ հետապնդել: Ես որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով էլ առաջադրվել եմ Երեւանում, անդամակցեցի ԲՀԿ-ին, որ քաղաքական ուժի օգնությամբ իրագործեմ շատ ծրագրեր՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից՝ բանկերի եւ վարկերի հետ կապված, որոնք արդեն տարիների ընթացքում շրջանառության մեջ են, ու այդպես էլ չկարողացա մեծ օրակարգ մտցնել: Այն դեպքում, երբ ես որեւէ առաջարկի համահեղինակ էի՝ խնդիր չկար, իսկ միանձնյա հեղինակած նախաձեռնությունների պարագայում ինձ համար անցկացնելու դժվարություններ էին լինում:
– ՀՀԿ-ի հետ կարծես պայմանավորվածություններ ունեիք ու շատ անակնկալ անդամակցեցիք ԲՀԿ-ին:
– Որովհետեւ ԲՀԿ-ի խոսքն ու գործը իրարից չեն տարբերվում: Իմ խոսքն ու գործն էլ իրարից չեն տարբերվել երբեք, այդ իսկ պատճառով հավատում եմ ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին, ով իր համար անելիք չունի, մտածում է երկրի, տնտեսության զարգացման մասին:
– ՀՀԿ-ի խոսքը գործից տարբերվո՞ւմ էր:
– ՀՀԿ-ի տնտեսական ծրագիրն այս տարիների ընթացքում, որը փայլուն կերպով իրագործեցին նաեւ կոալիցիոն գործընկերները, բերեց ոչ թե տնտեսական աճի, այլ աղքատության ավելացման, տնտեսության քայքայման, աշխատատեղերի կրճատման:
– ԲՀԿ-ն էլ էր կոալիցիոն գործընկեր:
– ԲՀԿ-ն իրագործել է քաղաքական մեծամասնության տնտեսական ծրագիրը, եւ քաղաքական մեծամասնությունը երբեք չի ասել, որ ԲՀԿ ներկայացուցիչ որեւէ նախարար իր պարտականությունների մեջ թերանում է: Նրանք շատ մեծ հաջողությամբ իրենց պարտականությունները կատարեցին, բայց արդյունքում պարզվեց, որ այդ տնտեսական ծրագիրը կամ սխալ էր, կամ էլ նպատակաուղղված էր տնտեսության քայքայմանը: Այնպես որ՝ ես այդտեղ չեմ տեսնում պատասխանատվություն:
– Թիվ 12-ում հետաքրքիր պայքար է սպասվում, համարյա բոլոր քաղաքական ուժերը թեկնածուներ ունեն: Դուք ձեզ համար ի՞նչ հետեւություններ եք արել:
– Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ նախորդ օրը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ ղեկավարները ամբիոնից նույնիսկ չհայտարարեցին, թե ով է այս տարածքում իրենց թեկնածուն. կամ ամաչեցին, կամ մտածեցին՝ հայտարարեն, բոլորը կիմանան, որ Մասումյան Ռուբիկը ՕԵԿ-ի անդամ է եւ իրենց թեկնածուն է՝ ձայներ կկորցնեն: Նկարը կպցրել են ՀՀԿ-ի շտաբի վրա, բուկլետները բաժանում է ՀՀԿ շտաբը, ինքը ներկայացված է ՕԵԿ-ի կողմից… Կարծում եմ՝ այդ կուսակցությունների որոշ անդամներ ու իրենց թեկնածուն իրար համապատասխան են:
– Ձեր մրցակիցներից մեկը մի առիթով հայտարարել էր, որ «քաղաքական հնոտին այլեւս անելիք չունի»: Դուք Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:
– «Քաղաքական հնոտի» հասկացողությունը, իմ կարծիքով, վերաբերում է քաղաքական դիակներին, որոնք իրենց սպառել են: Իհարկե, ես ինձ այդպիսին չեմ համարում, որովհետեւ ժողովուրդն ինձ ընդունում է: Ես եղել եմ հրապարակային քաղաքական գործիչ, շատ քչերին եմ զիջել եւ մամուլի հետ շփումներում, եւ հրապարակային ելույթներով: ԱԺ-ում լինելով արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ վարկային ծրագրերի, միջազգային պայմանագրերի 60-70 տոկոսը հանձնաժողովն ինձ է վստահել ԱԺ ներկայացնելու համար: Ես նոր սկսում եմ զբաղվել քաղաքականությամբ: Մինչ այժմ ես ինձ համարել եմ սենատոր, որովհետեւ քաղաքական ուժի անդամ չեմ եղել, եղել եմ կապող օղակ գործադրի, օրենսդիր մարմինների եւ ժողովրդի միջեւ:
– Զուտ մրցակցային առումով ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը այս ընտրատարածքում:
– Մամուլում գրվեց, որ ուժային կառույցներից մեկի ղեկավարը հանցագործների խումբ է ստեղծել՝ ընտրությունների ընթացքի վրա ազդեցություն ունենալու համար: Կարծես դրա արձագանքների մի մասը կա նաեւ այստեղ՝ ընտրական պրոցեսների վրա ազդելու համար: Դա նկատելի է եւ Աջափնյակում, եւ Արագածոտնի մարզում, ու դա պատահական չէր կարող լինել: Իսկ ո՞վ պետք է ընտրական գործընթացների հետ կապված խնդիրներին անաչառ լուծում տա: Վստահել այն կառույցին, որը հանցագործների հետ համատեղ ընտրական գործընթաց է իրականացնում՝ չեմ կարող: Հետեւաբար, կցանկանայի՝ միջազգային կառույցները, երկրի ղեկավարությունը մատնացույց անեն՝ ո՞ր կառույցին կարելի է վստահել՝ որպես անկողմնակալ կառույց, հենվել դրա վրա, եթե ընտրական գործընթացների ընթացքում օրենքից շեղումներ լինեն:
– Ինչպե՞ս եք պատրաստվում վերահսկել ընտրությունների ընթացքը եւ Ձեր ձայները:
– Կաշխատենք պահել ամբողջ թիմով: ԲՀԿ-ն մեծ ներուժ ունի: Բայց երբ դատավորը կողմ է ներկայացնում եւ ոչ թե կանգնած է վեր՝ տվյալ խնդրից՝ դա է անհանգստացնում, քանի որ պրովոկացիաները, միջադեպերը, ընդհարումները բացառված չեն: Ո՞վ է այդ անաչառ դատավորը, որը կանի դա: Կառույցը, որը պարտավոր է անել, բացահայտ կողմ է թեկնածուներից կոնկրետ մարդկանց, հետեւաբար ոչ բարոյական, ոչ իրավական իրավունք ունի դատավոր լինելու ծագած խնդիրներում:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ