Հակադարձելով փոփոխություններ անելու՝ իշխանությունների խոստումներին, ասում է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը:
– Նախընտրական քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին: Ինչպե՞ս եք այն գնահատում թիվ 4 ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրվել եք:
– Մեր ընտրատարածքում, ինչպեսեւ վստահ եմ՝ մյուս բոլոր ընտրատարածքներում, հայկական, «ավանդական» իրավիճակ է: Իշխանության բոլոր մարմինները ամեն ինչ անում են մինչեւ ընտրությունները իրենց թեկնածուի «անցումը» (դա հաղթանակ չէ, այլ անցնել է) ապահովելու համար: Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու՝ այդ նպատակով կիրառվում են բոլոր հայտնի մեթոդները՝ վարչական ռեսուրսի ներգրավում, մարդկանց նկատմամբ ահաբեկումներ, վախի մթնոլորտ եւ ամենակարեւորը՝ ընտրակաշառքների բաժանում: Դժբախտաբար, մարդիկ այնպիսի սոցիալական վիճակում են, որ ոմանք նաեւ վերցնում են այդ գումարները: Եվ ընտրական գործընթացի ժամանակ ակնհայտ է դառնում առաջին հայացքից աբսուրդային թվացող մի իրողություն՝ իշխանություններին ձեռնտու է մարդկանց սոցիալական ծանր վիճակը. որքան մարդիկ ավելի վատ պայմաններում են ապրում, որքան ավելի սրված է հանապազօրյա հացի խնդիրը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք ստիպված ընտրակաշառք կվերցնեն: Իրականում այս ընտրակաշառքների մեքենայի գոյությունը հանգեցրել է շատ բացասական, վտանգավոր հանգրվանի՝ իշխանությունը իր չափանիշներով գնահատում է մարդուն: 5, 10, թե 50 հազար դրամ՝ այնքան էլ էական չէ: Եվ ես ընտրողների հետ իմ հանդիպումներում տեսնում եմ հավաքական մի դիրքորոշում, որի մասին մարդիկ, իհարկե, չեն խոսում, սակայն դա դժվար չէ զգալ. շատերը, իմ զգացողությամբ, վերցնելով այդ ընտրակաշառքները, գնալու են ընտրության եւ ընտրելու են իրենց ցանկացած թեկնածուին կամ քաղաքական ուժին: Այդպիսով մարդիկ կարծես լուռ պատասխանում են իշխանությանը՝ ցույց տալով, որ հասարակության հետ չի կարելի վերաբերվել որպես վաճառվող ձայների:
– Բայց այս անգամ այդ ամենը կարծես ավելի շատ արվում է «բարեգործության» անվան տակ:
Կարդացեք նաև
– Հայաստանում բարեգործությունը եւս արժեզրկվել է: Բարեգործությունը չի լինում սեզոնային կամ ըստ ընտրական ժամանակաշրջանի: Եվ հետո՝ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ բարեգործությունը եւս համարվում է ընտրակաշառք, եթե դրա աղբյուրը ասոցացվում է որեւէ թեկնածուի կամ կուսակցության հետ: Հիմա փողոցներ են ասֆալտապատում, բակեր են վերականգնում՝ բնականաբար, բնակիչներին մեկ-մեկ տեղեկացնելով, թե ում կողմից է դա արվում: Ընդ որում, այդ աշխատանքների մի մասը կատարվում է մեր գումարներով՝ Արաբկիրի վարչական շրջանի կողմից, որի ղեկավարը ակտիվորեն ներգրավված է ՀՀԿ-ի թեկնածուի քարոզարշավին: Սակայն բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ես զգում եմ, որ մարդիկ չեն հրապուրվում այդ կեղծ «բարեգործություններով»: Ճիշտ հակառակը՝ շատ շատերը դրանք համարում են իրենց արժանապատվությունը ոտնահարող քայլեր եւ ասում են, որ իրենց ոչ թե բարեգործություն է պետք, այլ աշխատելու եւ ապրելու նորմալ պայմաններ: Մարդիկ ուզում են հավասար հնարավորություններ փոքր բիզնեսով զբաղվելու, պետության կողմից հարկային եւ բյուրոկրատական տեռորի չենթարկվելու երաշխիքներ: Օրինակ՝ այն, ինչ կատարվեց անցած տարի կրպակատերերի եւ փողոցային առեւտրով զբաղվողների հետ, քաղաքի էսթետիկական տեսանկյունից գուցե հաճելի էր, սակայն այսօր իմ հանդիպումներին գալիս են տասնյակ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գոյություն են պաշտպանել նաեւ փողոցում միրգ վաճառելով կամ փոքր կրպակ աշխատեցնելով: Երբ այդ առեւտուրը արգելվեց, քաղաքային իշխանությունը խոստանում էր, որ առեւտրականների համար այլ վայրերում առեւտուր անելու պայմաններ կստեղծվեն: Սակայն ոչինչ չի արվել այդ ուղղությամբ: Փոխարենը՝ կրպակներում եւ մայթեզրերին վաճառվող ապրանքները բնակիչները ստիպված են գնել սուպերմարկետներից՝ բնականաբար, ավելի թանկ գներով: Չնայած հիմա քաղաքային իշխանությունները նաեւ խոստանում են կրպակների նոր թույլտվություններ տալ՝ ՀՀԿ-ի թեկնածուի օգտին ձայներ բերելու դիմաց:
– Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ թիվ 4 ընտրատարածքում հիմնական մրցակից եք համարում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արտակ Սարգսյանին:
– Այո, քանի որ մյուս թեկնածուները՝ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, իմ տպավորությամբ, ավելի շատ զբաղված են իրենց քաղաքական ուժերի քարոզչությամբ: Առավել ակտիվ է Արամ Մանուկյանը, նա հանդիպումներ է ունենում բնակելի շենքերում՝ տուն առ տուն: Նրանց քիչ ակտիվությունը գուցե նաեւ պայմանավորված է նրանով, որ զբաղեցնելով անցողիկ տեղեր իրենց համամասնական ցուցակներում՝ նրանք, այսպես, թե այնպես, ընտրվելու են որպես պատգամավոր: Հասկանալի է, որ այս ընտրությունների հիմնական ինտրիգը քաղաքական ուժերի հարաբերակցությունն է ապագա խորհրդարանում: Սակայն տարօրինակ է, թե ինչու են ընդդիմադիր այդ թեկնածուները առաջադրվել նաեւ մեծամասնական ընտրակարգով, հատկապես, որ այդպիսով ավելի դժվարացնում են իշխանության թեկնածուի դեմ պայքարը: Ինչ վերաբերում է Արտակ Սարգսյանին, ապա ես նորմալ եմ վերաբերվում, որ առանձին վերցրած ինչ-որ թեկնածու այդպիսի գործելաոճ է որդեգրել, գուցե ավելին չի կարող: Ինձ մտահոգում է, որ այդ գործելաոճը խրախուսվում եւ աջակցություն է ստանում իշխանության կողմից՝ ամենաբարձր մակարդակով: Իշխանությունն ասում է՝ «Հավատանք, որ փոխենք»… Ես չեմ հավատում, քանի որ ամեն օր տեսնում եմ՝ ինչ է անում իշխանությունը գոնե մեր ընտրատարածքում: Վստահ եմ, որ նույնը տեղի է ունենում նաեւ հանրապետության ողջ տարածքում: Իրականում իշխանությունն ասում է՝ «վախեցեք, որ չփոխենք», «կաշառվեք, որ չփոխենք», «հուսահատվեք, որ չփոխենք»: Մարդկանց փող տալով զրկում են նաեւ ամենամարդկային՝ ինչ-որ բանի չհավատալու սահմանադրական իրավունքից:
– Քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին: Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը:
– Մի քանի անգամ ավելի բարձր, քան գնահատում էի թեկնածությունս առաջադրելու ժամանակ: Դա չեմ ասում այն պատճառով, որ այդպես է ընդունված ասել: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում մի քանի տասնյակ հանդիպումներ եմ ունեցել Արաբկիրի բնակիչների հետ, եւ նրանց արձագանքն ու վերաբերմունքն են թույլ տալիս բարձր գնահատել հնարավորություններս: Իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու եմ այդ մարդկանց ձայնը պահելու համար՝ ոչ միայն իմ հաղթանակի նպատակով: Մարդիկ այսօր ծայրաստիճան հուսահատված ու հիասթափված են, եւ եթե եւս մեկ անգամ նրանց ընտրությունը կեղծվի, իրենց ընտրած թեկնածուի փոխարեն «անցնի» մեկ ուրիշը, այդ հիասթափվածությունն ավելի է խորանալու: Ես չեմ ուզում գոնե Արաբկիրում դա տեղի ունենա եւ ամեն ինչ անելու եմ դրա դեմ պայքարելու համար:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ