Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարիի ձայնը

Մայիս 03,2012 13:16

Երեկ ես ստացա իմ՝ «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն՝ «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաեւ իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից (թիվ 739206)՝ եկել է մեկ այլ ծանուցում (739207)՝ Մարի Գեւորգյան Վրեժի անունով, որին ես պատիվ չունեմ ճանաչելու: Շուրջ 5 տարի իմ տան միակ սեփականատերը լինելով՝ հավատացնում եմ ձեզ, որ իմ տանը ոչ մի Մարի չի բնակվում եւ գրանցված չի: Հետաքրքիր է, ինչպե՞ս է նա հայտնվել ընտրողների ցուցակում:

Երեք շաբաթ քաղաքական ուժերը եւ ոստիկանությունը հավատացնում են մեզ, որ գնում են տնետուն, ստուգում են եւ մաքրում ցուցակները: Իրականում գնալով համոզվում եմ, որ նրանք բոլորը ծույլիկ են եւ ուժեղ են միայն խոսակցական ժանրում: Գուցե նրանք հույսները դրել են քաղաքացիների՞ վրա, որոնք ոչ միայն կփնտրեն իրենց անունը համապատասխան ցուցակում՝ համոզվելու համար, որ իրենք կան ընտրացուցակում, այլեւ կուսումնասիրեն, թե ովքեր են գրանցված իրենց հասցեում: Բայց չէ՞ որ դա ոչ թե քաղաքացիների շահախնդրությունն է, այլ քաղաքական ուժերի կամ «արդար ընտրություններ» խոստացող իշխանությունների, մասնավորապես՝ ոստիկանության:

Իսկ կուսակցությունները պիտի ոչ թե խոսեն, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները, եւ ինչպես են իրենք կռվից հետո բռունցքներ թափահարելու (հետընտրական գործընթացներ, հանրահավաքներ եւ այլն), այլ պիտի գործեին՝ հնարավոր կեղծիքները կանխելու համար: Իշխանությունն էլ՝ ՀՀԿ-ն (որովհետեւ մնացած կոալիցիոն կուսակցությունները «վիզ չեն առնում», որ իրենք իշխանություն են) պիտի ոչ թե երդվեր, թե ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ, այլ բարձրացներ ընտրողների հավատը այդ թափանցիկության նկատմամբ: Ենթադրում եմ, որ նման ծանուցագրեր միայն ես չէ, որ ստանում եմ:

8 քաղաքական ուժ երեք շաբաթ՝, օրը մի քանի անգամ նույն բաներն էին ասում՝ արտագաղթ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն, անդունդի եզր եւ այլն: Այն էներգիան, որը նրանք ծախսում էին հանրահայտ բաները արձանագրելու համար, կարելի էր ուղղել ավելի կառուցողական հունով եւ կազմակերպել այն մարդկանց, որոնք իսկապես արդար ընտրություններ են ուզում: Իմ կարծիքով՝ ի դեպ, նման մարդիկ Հայաստանում փոքրամասնություն են կազմում, բայց դա ակտիվ, որակյալ փոքրամասնություն է, որին հնարավոր էր առանց գոռալու եւ որեւէ մեկին վիրավորելու դրդել օգտակար գործերի: Օրինակ՝ ցուցակները տուն առ տուն իրականում ստուգելու: Քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են, եւ քաղաքական ուժերից եւ, բնականաբար, նաեւ՝ ոստիկանությունից առանձնապես հույս չկա, որ նրանք նպաստելու են ցուցակների «մաքրմանը», լավ կլինի, որ որեւէ հասարակական խումբ, որը մեր երիտասարդ բնապահպանների նման ներգրավված չէ քաղաքականության մեջ, մոտակա մեկ տարում ձեռնարկեր այդ գործը:

Իսկ թե ում օգտին է «քվեարկելու» իմ տանը «բնակվող» Մարին՝ ես չեմ կասկածում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031