Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խրախուսում է ներդրումային հաջողված ծրագրերը

Մայիս 03,2012 13:11
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ի կատարումն ՀՀ Նախագահի` 2012 թ. ապրիլի 23-ի «2012 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։

 

Կհիմնվեն այգիներ, կստեղծվի գինու և կոնյակի արտադրություն

 

ՀՀ կառավարության որոշմամբ «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2013 թ. փետրվարի 1-ը։ Ժամանակացույցի վերանայման պատճառ են դարձել ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ ներմուծվելիք ապրանքների ցանկի փոփոխությունը։ 6.6 մլրդ դրամ ներդրումային ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ, մոտ 80 աշխատատեղ։ «Իսկապես տպավորիչ ծրագիր է, – այս առնչությամբ ասել է կառավարության ղեկավարը։ Այսօր մեծ թափով կառուցվում է ժամանակակից գործարանը։ Այն օրինակելի է լինելու այլ տնտեսությունների համար, որոնք տեսնելու են, թե ինչ մշակույթ է ներդրվում գինեգործության ոլորտում։ Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում ևս, որովհետև բարձրացվում է արտադրության որակը։ Իհարկե, շատոյի սկզբունքով գինու արտադրությունը հնարավորություն է տալու, որպեսզի այդ գինին ամբողջությամբ իրացվի։ Սա մեր հաջողված ծրագրերից է»։

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի և սոցապահովության վճարի գծով մուծված գումարները փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 55 մլն դրամ։

Նախկինում ընդունած իր երեք որոշումներում կատարելով փոփոխություններ, կառավարությունը նախատեսում է կարգավորել միջազգային բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆի քարտերի տրամադրման համար պետական տուրքի վճարի գանձման գործընթացը, մեկ տեղում կենտրոնացնել տնտեսվարողներին մատուցվող միանման ծառայությունները։

Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանի համաձայն լուծարել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը։

 Հավանություն է տրվում ներդրումային ծրագրին

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։ Հաջորդ որոշմամբ, հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ ներկայացրած նշված ներդրումային ծրագիրը, գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիայով ջերմատների կառուցման նպատակով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69.83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձևով օտարման առաջարկությանը։ Սահմանվել է, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն  և կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը կարող է ներդրողներ ընտրել մինչև 2014 թ. դեկտեմբերի 1-ը։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ։ «Սա որակապես նոր ծրագիր է՝ նոր մոտեցումներով և ֆինանսական մեխանիզմներով, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։Պետությունմասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն և մասնակցեն Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը։ Դա էլ հնարավորություն է տալու, որ այդ ծրագրի դրական փորձը տարածենք մարզերում` ստեղծելով լրացուցիչ հազարավոր աշխատատեղեր»։

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձի և իր ընտանիքի անդամների եկամուտների հայտարարագրմանը վերաբերող ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի շնորհիվ հստակեցվել և կոնկրետացվել են հայտարարագրման ենթակա տվյալների ցանկն ու դրանց բովանդակությունը, ընդլայնվել հրապարակման ենթակա հայտարարագրերի շրջանակը։

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի N10/2 հանրակացարանային մասնաշենքի սենյակներից մեկը սեփականաշնորհել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Սեդա Բաբայանցին։

Բարելավվում է իրավական դաշտը

 

            ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի հիմնական նպատակը պետական ֆինանսական ռեսուրսների արդյունավետության բարձրացումն է` այդ միջոցների օգտագործման հասցեականության, նպատակայնության, ինչպես նաև տնօրինվող միջոցների և դրանց հաշվին կատարվող ծախսումների համապատասխան բյուջեներում ամբողջական արտացոլման ճանապարհով։

Նիստում հավանություն է տրվել Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2011 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագծին։

Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 

 Այլ որոշումներ

 

            ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը ֆինանսավորվելու է դրամաշնորհային հիմունքով` իբրև զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակություն։

Գործադիրն ընդունել է Արմավիրի մարզի Գրիբոյեդովի համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։

Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Տավուշ մարզի Աչաջուրի, Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար հասարակական կառուցապատման (հյուրանոցային համալիր) և ջերմոցային տնտեսության կառուցման համար։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031