Մայիսի 6-ի ընտրությունները այս տխուր նախադեպի կասեցման սկիզբ դարձնելու համար լուրջ անելիք ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ Դա անհրաժեշտ է միանգամից մի քանի պատճառներով.
առաջին՝ ներկա ընտրությունների օրինականության ապահովման առաջադրանքի լուծումը կարող է լինել ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ ողջ երկրի հաղթանակը,
երկրորդ՝ չի բացառվում, որ հետընտրական լարվածության վերածումը երկրի ներքաղաքական կացության ապակայունացման կարող է կրկին օգտագործվել Ադրբեջանի կողմից. դրա վկայությունը Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են,
երրրորդ՝ մայիսն ընդհանրապես հաղթանակների ամիս է մեր ժողովրդի համար, իսկ ներկա մայիսին լրանում է դրանց բարձրակետերից մեկի՝ Շուշիի ազատագրման 20-ամյակը, որը պարտավոր ենք դիմավորել միասնականության մթնոլորտում,
չորրորդ՝ չպետք է նաեւ մոռանալ, որ այսօր ծավալվող խորհրդարանական ներկա ընտրապայքարը «աշխարհի վերջը» չէ, քանի որ Հայաստանում իշխանության հարցը վճռահատվելու է 2013 թվականի փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում։
Այս ամենը նկատի ունենալով՝ Հայաստանի ղեկավարությունը եւ անձամբ հանրապետության նախագահը դիմում են այնպիսի քայլերի, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ հայաստանյան իշխանական ավանդույթի տեսանկյունից։
Օրինակ, ո՞վ կարող էր սպասել, որ մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը այցելելու է Մաշտոցի պուրակ եւ դիմելու է Երեւանի քաղաքապետին այնտեղ տեղադրված կիսակառույց տաղավարները ապամոնտաժելու առաջարկով։
Իսկապես, անկախ նրանից, թե Մաշտոցի պուրակի կառուցապատման հարցում ո՞ր կողմն էր ճիշտ, որը սխալ, ձեւավորված իշխանական ավանդույթը պահանջում էր, որ երկրի ղեկավարը կանգնի քաղաքապետի եւ մեծահարուստների թիկունքին։ Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը. նախագահը կանգնեց հարցի արդարացի, միաժամանակ՝ օրինական լուծում պահանջող քաղաքացիների կողքին, որոնք իրավացի էին կանաչ տարածքները համատարած սրճարանների վերածելու դեմ իրենց բողոքի մեջ։
Սրանով փաստորեն կասեցվեց այն բացասական լիցքերի կուտակումը, որ սովորաբար մեզանում լինում է ընտրությունների նախօրեին։
Հետեւաբար մայիսի 1-ի այս դրական նախադեպը կարող է դառնալ մայիսի 6-ի քվեարկության խաղաղ ու անցնցում անցկացման, դրանից հետո նաեւ՝ ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքարկումների գործընթացի օրինականության ապահովման սկիզբ։ Ի վերջո, ցանկացած ընտրություններում հնարավոր են խախտումներ, բայց եթե լինի համապատասխան բարյացակամության մթնոլորտ, ապա դրանք կարելի է վերացնել հետընտրական բողոքարկումների միջոցով։
Նման գործընթացի համար եւս Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որովհետեւ իշխանության եւ ընդդիմության պայքարը ներկայումս հստակորեն ընթանում է «բազմաբեւեռայնության» մոդելով։ Ավելին՝ դեռ հարց է՝ ՀԱ՞Կ-ն է այսօր իրենից ավելի մեծ վտանգ ներկայացնում Հանրապետականի համար, թե՞ բացահայտ պոպուլիզմով զբաղվող կուսակցությունները։
Կարծում ենք, Հայաստանում բոլոր նախադրյալները կան մայիսի 6-ից հետո նույնպես «պատը՝ պատի դեմ» մոդելից հրաժարվելու, հետընտրական գործընթացները քաղաքակիրթ հունով ուղղորդելու, իսկ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, մեզ որպես մեկ ամբողջություն՝ հաղթանակած ժողովուրդ զգալու համար։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»