Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվական պատերազմ Գերմանիայի եւ Ադրբեջանի միջեւ

Մայիս 03,2012 11:51

Ըստ բաքվեցի վերլուծաբանների` Ադրբեջանի ջախջախիչ պարտություն է կրում այդ պատերազմում։

«Եվրատեսիլ - 2012»-ը Ադրբեջանում անցկացնելու որոշման դեմ բողոքի ցույց Բաքվում, 22-ը ապրիլի, 2012թ.

Պաշտոնական Բաքուն եւ Բեռլինը դիվանագիտական սկանդալի շեմին են:

Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Գերմանիան «Եվրատեսիլ» մրցույթից հաշվված օրեր առաջ հակաադրբեջանական քարոզչական արշավ է նախաձեռնել, որի նպատակն է խաթարել երկրի ներքին կայունությունն ու միջազգային ասպարեզում ունեցած «բարի համբավը»:

Գերմանիայի իշխանությունների դեմ այս հարձակումները սկիզբ առան Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնաթերթ «Ենի Ազերբայջան» պարբերականում: Իշխանամետ այս թերթը մեկ շաբաթվա ընթացքում երկու հոդված հրապարակեց, որոնցում պնդում էր, թե Բաքվում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելեն ադրբեջանական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ընթացքում իբր կոչ է արել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ընդդիմախոսներին միավորվել եւ միասնական ճակատով հանդես գալ իշխանությունների դեմ:

Գերմանիայի դեսպանությունը ստիպված էր հերքել այս տեղեկությունները: Սրան զուգահեռ` գերմանական մի շարք թերթերում հրապարակումներ հայտնվեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

Այս ամենը բավարար էր, որպեսզի  հակագերմանական հայտարարությունները մամուլի էջերից տեղափոխվեն Ադրբեջանի խորհրդարան։

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության  փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովը պնդում էր. – «Գերմանիայում գործող որոշ ուժեր մի նոր մարտավարություն են որդեգրել, որի նպատակն է խաթարել Ադրբեջանի վարկը: Բաքվում Գերմանիայի դեսպանը այդ մարտավարության բաղկացուցիչ մասն է»:

Բաքվեցի անկախ վերլուծաբանները, սակայն, ընդգծում են, որ չնայած հնչող կտրուկ հայտարարություններին` Ադրբեջանը ջախջախիչ հաշվով պարտություն է կրում լրատվական պատերազմում:

Քաղաքագետ Իլգար Մամեդովը, օրինակ, գրել է. – «Եթե այսօր համեմատաբար անաչառ եվրոպացիները, որոնց պարզապես հետաքրքրել է «Եվրատեսիլ» մրցույթը, հանկարծ իրենց համար հայտնաբերում են Ադրբեջանում տիրող  քաղաքական համակարգի ողջ անպարկեշտ պատկերը, ապա պատկերացրեք ինչ կլինի, երբ հանկարծ Հայաստանի հետ պատերազմ սկսվի։ Այդ դեպքում այսօրվա  մեդիա-դժոխքը մեզ պարզապես նախավարժանք կթվա»:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոլայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031