Բրազիլական «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբի ֆինանսական դժվարությունները խաղացողների համար դարձել են կոկորդին մնացած ոսկոր:
Ակումբն արդեն չորս ամիս չի կարողանում փակել ֆուտբոլիստների աշխատավարձի կուտակված պարտքերը: Տեղական «Ansa» թերթը բրազիլացիներին իրազեկ է պահել, որ այդ պատճառով ֆուտբոլասերների կուռք Ռոնալդինյոն պատրաստվում է մոտ ժամանակներս վերջնագիր ներկայացնել ղեկավարությանը՝ նախազգուշացնելով, որ չի պատրաստվում արդար քրտինքով վաստակած իր հասանելիք աշխատավարձը չորս ամիս չստանալով շարունակել մնալ ակումբում:
Ըստ շրջանառվող լուրերի, իմանալով այս մասին, «Անժիի» տեխնիկական տնօրեն Ռոբերտո Կառլոսը Ռոնալդինյոին հրավիրել է Մախաչկալա՝ հարձակման գծում ընկերակցելու դեռեւս «Բարսելոնայի» կազմում իր նախկին գործընկեր Սամյուել Էտո Օին: Սակայն կա մի խանգարող հանգամանք. Ռոնալդինյոի եւ Էտո Օի ջրերը մի առվով չեն հոսում: Եվ դրա մեղավորը կամերունցին է, որը նախանձում էր Իսպանիայում բրազիլացու մեծ հեղինակությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ