Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ ուսանողների ֆորումի» հայտարարությունը

Մայիս 03,2012 11:20

Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքը ու հատկապես երիտասարդությունը խոսում են բրյուսովյան իրադարձությունների մասին: Ոմանք հիացմունքով, ոմանք թերահավատորեն, ոմանք էլ քամահրանքով ու խիստ մերժողական կեցվածքով են հանդես գալիս կատարվողի հանդեպ, բայց դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել: Շատ ավելի ցավալի հարցեր կան քննարկելու: Մեր ուսանողները և բուհի կողքին կանգնած դասախոսները վերջին շրջանում ոչ հայկական համարներից ստանում են սպառնալիքներ: Պատկերացնու՞մ եք` սպառնալ սեփական կարծիքն արտահայտելու համար: Բայց մի րոպե… ուրեմն այդ ինչու՞ պայքարողները չեն սպառնում իրենց խանգարողներին: Որքանո՞վ են ուսանողական նախաձեռնությանը դեմ արտահայտվողները վստահ, որ իրենք ճիշտ են: Աաաա… հասկացանք… Պարզապես մարդկանց գիտակցությունը սեփական շահի համար մտածելու և ապրելու մակարդակում է դեռ: Իհարկե, ո՞վ կմտածեր, որ հանկարծ կգտնվեն ուսանողներ, ովքեր կբարձրաձայնեն խնդիրներ, դեմ դուրս կգան կամայական որոշումներին, կպահանջեն իրավունքներ… Իսկ ի՞նչ է, մենք է՞լ պետք է մնանք այդ մակարդակում, մենք է՞լ պետք է մեր երեխաներին կամայականությամբ լի Հայաստան ժառանգենք, մենք է՞լ պետք է կուլ տանք և նույնիսկ չմարսենք անօրինականությունը: Չէ, Աստծու սիրուն, մենք այդպիսին չենք. մենք ուզում ենք տարբերվել ձեզնից, մենք ուզում ենք երկրում առողջ համակարգ ունենալ, մենք ուզում ենք լինել իսկապես ազատ ու անկախ Հայաստանի, ազատ ու ինքնորոշված բուհի նույնպիսի ուսանողներ, մենք ուզում ենք լինել օրենքով ապրող երիտասարդներ… այո′, մենք ուզու′մ ենք… Բայց ուզելը դեռ քիչ է. պայքարել է պետք, պայքարել հանուն նպատակի, հանուն արդարության, հանուն ներդաշնակության: Դու′ք, հարգելի′ սպառնացողներ, չեք էլ պատկերացնում, որ մենք այս ամենը ձեզ համար էլ ենք անում, քանի որ վաղը դուք էլ կարող եք կամայականության զոհ դառնալ (չնայած սպառնալով արդեն ինչ-որ մարդկանց «խնդրանքն» եք կատարում), ու մենք ձեզ համար էլ ենք պատրաստ պայքարել: Պատրաստ ենք պայքարել նաև այսօր մեզ սպառնացող դասախոսների իրավունքների համար: Այո′, չե՞ք հավատում, սպառնացո′ղ դասախոսների: Գիտեք, այսօր նրանք դաս կարդալու փոխարեն նախընտրում են քարոզ կարդալ լսարանում, այսօր ուսուցանելու փոխարեն նախընտրում են վախեցնել մեզ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍՊԱՌՆԱԼՈՒ ՆՈՐ ՁԵՎԵՐ:

Հիմա էլ պարզվում է, որ կարող է հանկարծ բանավոր կամ գրավոր քննության ժամանակ դրական չստանանք: Ապշեցուցիչ է, այնպես չէ՞: Բայց մենք սրա դեմ էլ ենք պայքարելու: Թող առաջին քայլը լինի դրա մասին բարձրաձայնելը: Հուսանք, որ տհաճ երևույթներ, այդուհանդերձ, տեղի չեն ունենա, իսկ մենք էլ ստիպված չենք լինի հրապարակել այն բոլոր ապացույցները, որ ունենք այս առնչությամբ:

Մի նորույթ ևս: Իրականում շատ ուրախ կլինեինք, եթե սահմանափակվեինք միայն մեզ ուղղված ամոթանքներով ու սպառնալիքներով: Բայց, ո՞նց ծանոթ դասախոսները չզանգեն տուն, ամոթանք չտան մեր ծնողներին: Մի ֆենոմենալ բացահայտում ենք արել. ասում են` իբրև աղջիկներին ամոթ է պայքարել, խոսել իրավունքից, օրենքներից: Ի՞նչ եք կարծում` ինչու՞: Պարզվում է, որ աղջիկ լինելն է պատճառը: Միգուցե շատերի համար զարմանալի է, բայց մենք` աղջիկ-պայքարողներս, մեզ մարդ ենք համարում (ավելին՝ ինքնորոշված քաղաքացի ենք), տերը մեր համալսարանի, իրավունքների ու, վերջին հաշվով, երկրի: Ժամանակն է հաշտվե′լ այս մտքի հետ ու վե′րջ տալ ինչպես ամոթանքներին, այնպես էլ կոչերին, քննության ժամանակ դրական գնահատական չնշանակելու սպառնալիքներին: Դասաժամը, խնդրում ենք, օգտագործել համապատասխան նպատակով: Իսկ վերջում հավելենք, որ

ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎԱՍՏԱԿԸ` ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ԸՄԲՌՆՈՒՄ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031