Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանի շտաբի պատասխանը Վլադիմիր Կարապետյանի շտաբի հայտարարությանը

Մայիս 03,2012 11:13

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել ի պատասխան նույն ընտրատարածքում «ինքն առաջադրված Վլադիմիր Կարապետյանի շտաբի՝ մայիսի 2-ին տարածած հայտարարության, որում Կարապետյանի շտաբը պնդում էր, որ Սամվել Ֆարմանյանը խախտում է պատգամավորների թեկնածուների հավասարության սկզբունքը։
Սամվել Ֆարմանյանի շտաբի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

Այսօր (02.05.2012 – խմբ.) հերթական հայտարարությունն է տարածել նույն ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը: Այս հայտարարությունը ևս, ցավոք սրտի, բացառություն չէր և գրված է նախընտրական քարոզարշավի մեկնարկից կիրառվող նույն ձեռագրով` փորձել ամեն գնով առնվազն լրագրողական հանրության շրջանում ստեղծել տպավորություն, թե իբր ապահովված չեն հավասար մրցակցային պայմաններ:
Ի պատասխան Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի հայտարարության` ուշադրություն ենք հրավիրում ներքոշարադրյալ էական փաստական հանգամանքներին, որոնք միտումնավոր շրջանցվել են:
Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, սահմանվում է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար և վճարովի տեղեր: Ցավոք, Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը չի ընկալել այս նորմերի իրական իմաստը և դրանց տարանջատվածությունը: Ինչպես հայտնի է, այդ թվում և Վ. Կարապետյանի նախընտրական շտաբին, թեկնածու Սամվել Ֆարմանյանի քարոզչական պաստառները փակցվել են սահմանված ինչպես անվճար, այնպես էլ` վճարովի տեղերում: Սամվել Ֆարմանյանի` բազմաբնակարան շենքերի պատերին փակցված քարոզչական պաստառների ընդհանուր մակերեսը կազմել է 332.38 ք/մ, որից 231.2 ք/մ, տեղադրվել է անվճար, իսկ` 101.18 ք/մ վճարովի հիմունքներով` համաձայն գործող օրենսդրության, ինչից, ի դեպ, կարող էր օգտվել նաև մրցակից թեկնածուն:
Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը անուշադրության է մատնել օրենսդրական կարևորագույն նորմն առ այն, որ “Գովազդի մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը սահմանել է կարևոր բացառություն, այն է` “սույն օրենքը /այսինքն Գովազդի մասին՛՛ ՀՀ օրենքը/ չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները”: Սա նկատի ունենալով` ընկալելի է, որ գովազդի հետ կապված ցանկացած կարգավորում, որը զետեղված է վերը նշված օրենքում, վերաբերելի չէ քաղաքական գովազդին, ասել է, թե` տվյալ դեպքում քարոզչական պաստառներին: Վճարովի տեղերում /101.18 ք/մ / քարոզչական պաստառներ տեղադրելու համար թեկնածուի նախընտրական հիմնադրամից վճարվել է ոչ թե 50 000 դրամ, ինչպես պնդում է թեկնածու Վ. Կարապետյանի շտաբը, այլ` 256.400 ՀՀ դրամ: Տարրական թվաբանական գիտելիքները նույնիսկ բավարար են` հասկանալու, թե Սամվել Ֆարմանյանի նախընտրական հիմնադրամից ինչքան է վճարվել 101.18 ք/մ ծավալով վճարովի տեղերում քարոզչական պաստառների տեղադրման համար և ինչքան է կազմում 1 ք/մ –ի համար վճարված գումարը (ի դեպ, թեկնածու Սամվել Ֆարմանյանի պաշտոնական կայքէջի` www.farmanyan.am, համապատասխան բաժնում ներկայացված է մանրամասն ֆինանսական հաշվետվություն ինչպես նախընտրական հիմնադրամ մուտք արված միջոցների, դրանց աղբյուրների, այնպես էլ կատարված ծախսերի վերաբերյալ: Ընդ որում, նույն հայտարարագիրը ներկայացվել է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որտեղից ևս Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը կարող էր ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը):
Մյուս կողմից, ինչպես արդեն բացատրվել է նախորդ հաղորդագրությունում, ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում մատնանշված քարոզչական պաստառի մակերեսի սահմանափակումը վերաբերում է համապետական և Երևանի ավագանու ընտրություններին: Տվյալ դեպքում, համապետական են համարվում Հանրապետության նախագահի և ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունները: Ստացվում է, որ, չընկալելով համապետական ընտրությունների տարբերակումը, Վ. Կարապետյանի վստահված անձը դիմում է ներկայացնում ԸԸՀ, որը, առավել մանրամասն քննարկելով դիմումը, առարկայական և բովանդակային առումով հանգել է այն եզրակացության /որոշման/, որ Վ. Կարապետյանի վստահված անձի դիմումը ենթակա է մերժման: Նշված դիմումի ինչպես քննարկման, այնպես էլ դրա արդյունքում ընդունված որոշման անմիջապես ականատեսն ու լսողը հանդիսացել է Վ. Կարապետյանի վստահված անձ Պ. Հովակիմյանը: Ավելին. որոշումը փակցվել է թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրում: Վ. Կարապետյանի վստահված անձն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կարող էր այն բողոքարկել, որը չի արել ու օրենքով սահմանված ժամկետի բաց թողումից հետո դիմել է դատական պաշտպանության իրավունքին` այս անգամ ևս հաշվի չառնելով նորմատիվ իրավական ակտի իմպերատիվ պահանջը:
Այսպիսով, ակնհայտ է, որ Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի կողմից մատնանշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված է և իր հիմքում չունի որևէ թույլատրելի կամ վերաբերելի հիմնավորում: Առավել քան ակնհայտ է, որ նման գործելաոճը նպատակ ունի հասու բոլոր միջոցներով հասարակության և ընտրողների ուշադրությունը շեղել մեծ հնչեղություն ստացած` մայրաքաղաքի Բագրևանդ թաղամասում գտնվող իր եռահարկ առանձնատան, ինչպես նաև անձնական սեփականությունը հանդիսացող շարժական ու անշարժ գույքային տպավորիչ կազմի ձեռքբերման աղբյուրների` ընտրողների ծանոթանալու հնարավորություն ընձեռելու պահանջից:
Նման իրավիճակում, հակառակորդ թեկնածուի և նրա շտաբի կողմից ձեռնարկված ակտիվ “քարոզչական” վարքագիծն ու “դիմում-բողոքային” գործելաոճը դուրս է գալիս հավասար մրցակցություն ապահովելու տրամաբանական սահմաններից և սահուն կերպով վերածվում զրպարտության ու բացահայտ հերյուրանքի, ինչը ևս իրավական գնահատականի ենթակա հարց է, որին թեկնածու Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը չի անդրադառնում` ելնելով քարոզչության մնացյալ ժամանակահատվածը երկուստեք առավել արդյունավետ օգտագործելու նպատակահարմարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031