Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՍԴ-ն տեր է կեղծիքին, ես անտեր եմ

Մայիս 03,2012 10:30

Երկու օրից ՍԴ-ն կքննարկի ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների հայցը` Ընտրական օրենսգրքից հանել ընտրություններից հետո ընտրողների ցուցակները չհրապարակելու մասին արգելքը: ՀՀԿ-ն ընդդիմանում է` դրանով կխախտենք ընտրության գաղտնիությունը: Անիմաստ հակափաստարկ է եւ ահա թե ինչու:

Ընտրատեղամաս մտնելիս ընտրողը հրապարակային անձ է: Նրան տեսնում են բոլորը: Անձնագիրը հանձնաժողովին տալիս, ներկայությունն արձանագրելիս, քվեաթերթիկը վերցնելիս, քվեախուց մտնելու պահին, նույնիսկ քվեախցում գտնվելու պահին, ինչպես նաեւ այնտեղից դուրս գալու պահին, քվեաթերթիկը քվեատուփը նետելու պահին նա չի դադարում լինել հրապարակային անձ:

Ի՞նչ դուրս մնաց մեր տեսադաշտից այս թվարկման մեջ: Դուրս մնաց քվեարկության պահը: Գաղտնի է ոչ թե ընտրողի մասնակցությունը, այլ` ընտրողի քվեարկությունը: Այսինքն, ամբողջ գաղտնիությունը վերաբերում է քվեաթերթիկին: Ավելի ճիշտ` քվեարկողի քվեին: Հենց դրա համար էլ մտածել են քվեախցերի մասին: Թեպետ Հայաստանի ընտրատեղամասերի քվեախցերի կեսից ավելին իրականում խուց չեն, լավ էլ բաց են եւ տեսանելի: Չալարողը նույնիսկ հեռվից կարող է ենթադրել, թե ում օգտին է քվեարկում ընտրողը: Բայց ընտրողների ցուցակը չի կարող համարվել գաղտնի, որովհետեւ նրա հրապարակայնությունը ընտրական գործընթացների թափանցիկության մաս է:

 

Բացի դրանից, յուրաքանչյուրը պարտավոր է տեղեկանալ, թե հո իր փոխարեն ուրիշը չի քվեարկել, որովհետեւ եթե քվեարկել է, կրիմինալը սոսկ քվեարկության փաստի մեջ չէ: Վաղը կարող է ուրիշի փոխարեն քվեարկածը որոշակի կադաստրային եւ այլ մախինացիաների միջոցով հավակնել իր «կրկնօրինակի» ունեցվածքին: Որտեղի՞ց երաշխիք, որ նա ճիշտ չէ, եթե արդեն իմ փոխարեն է քվեարկել:

Ի՞նչ պետք է պատճառաբանի ՍԴ-ն` մերժելով մի խումբ պատգամավորների հայցադիմումը: Նա կարող է, իհարկե, տուրք տալ հանրապետականների փաստարկներին ամրագրելով գաղտնիության սկզբունքը: ՍԴ-ն կարող է ասել, որ ընտրացուցակները վերաբերվում են ոչ միայն քվեարկությանը մասնակցածներին, այլեւ չմասնակցածներին, որոնց չմասնակցելու փաստը ոչ մեկի խնդիրը չէ: Կարող է ասել, որ յուրաքանչյուրն իր մասնակցության եւ չմասնակցության տերն է, որովհետեւ չմասնակցողի բացակայությունը նույնքան մարդու իրավունքի խնդիր է, որքան մասնակցողի ներկայությունը: Իրավաբաններից մեկը այս պատճառաբանությունը որակել է որպես «իրավաշուստրիություն»:

ՍԴ-ն կարող է ընտրացուցակները նույնացնել քվեաթերթիկների հետ` մարված եւ չմարված, ու ասել, որ դրանք շարքային քաղաքացիների գործը չէ, նրանք իրենց գործառույթն իրականացրել են` մասնակցել են կամ չեն մասնակցել քվեարկությանը: Սահմանադրության 27-րդ հոդվածը սեւով սպիտակի վրա ամրագրում է քաղաքացիների տեղեկությունները փնտրելու եւ ստանալու իրավունքը:

ՍԴ-ն, ի վերջո, պետք է վկայակոչի ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի «ե» կետը, որը խոսում է «այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության» մասին: Բայց ՍԴ-ն պետք է պատասխանի գլխավոր հարցին` ի՞նչ է հասկանում այլոց իրավունքներ ասելով: Սա նրա հանրապետական «զենքն» է` ընդդեմ ցուցակների գաղտնիությունը վերացնելու օգտին արտահայտվողների:

Իսկ «այլոց իրավունքները» ավելի քան թափանցիկ արտահայտություն է: Այլոց իրավունք է ընտրությունների օրինականության հանդեպ վստահությունը: Եթե վստահություն չունես, «այլոց իրավունքը» դադարում է գործել, ավելի ճիշտ, «այլոց իրավունքը» դառնում է քո դեմ ուրիշի իրավունքը: Իսկ այդ իրավունքը ոչ թե քո քվեն կեղծածի իրավունքն է, այլ այդ կեղծիքին տեր կանգնողի իրավունքը: Որովհետեւ եթե նա տեր է կեղծիքին, ես դառնում եմ անտեր: Հետեւաբար «այլոց իրավունքը» իմ իրավունքն է: 43-րդ հոդվածի «ե» կետը հենց իմ մասին է:

Ի դեպ, նույն 43-րդ հոդվածի «դ» կետը խոսում է տեղեկություններ փնտրելու եւ սահմանափակելու իրավունքի այսպիսի պատճառաբանության մասին` դրանք սահմանափակվում են հանրության առողջության եւ բարոյականությանը վտանգելու դեպքում: Եթե ՍԴ-ն ուշադիր լինի, հենց այս դրույթն էլ ՍԴ-ին առանց որեւէ մեկնաբանության լիազորում է հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որոնք արգելում են ընտրացուցակների հրապարակայնությունը:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031