Ազատության հրապարակում ավարտվեց Հայ հեղափոխական դաշնակցության՝ մայիսի 6-ին կայանալիք խորհրդրանական ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը, որը եզրափակվեց համերգային ծրագրով ու հրավառությամբ:
«Ավարտվում է 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Կարող ենք արձանագրել, որ ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը այդպես էլ չունեցավ հավասարազոր մրցակից: Կառուցված լինելով 4 հենասյունների վրա, մեր ծրագրի իրագործումը կապահովի արդար եւ բարեկեցիկ պետության կայացում»,- հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա անդրադարձավ բացառապես ՀՅԴ-ի սոցիալական եւ տնտեսական արդարության հաստատմանն առնչվող ծրագրային դրույթներին, որոնք, նրա ասելով, «այդպես էլ ոչ ոք չկարողացավ վիճարկել»:
«Մեզ համար սոցիալ-տնտեսական հիմնական նպատակներ են համարվում չքավորության վերացումը, միջին խավի ձևավորումը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, արդար և մրցակցային տնտեսական կարգի հաստատումը, անաչառ դատական համակարգի ձևավորումը, արտագաղթի կասեցումը, բնակչության վստահության վերականգնումը երկրի ապագայի ու հանրային իշխանության նկատմամբ: Սա նշանակում է, որ Դաշնակցության հաղթանակի դեպքում՝ պետությանը պասիվ բարեփոխիչից վերածելու ենք երկրի կայուն զարգացման մասնակցի և պատասխանատուի»,- հայտարարեց Մինասյանն ու թվարկեց այս խոստմանն ուղղված 17 կետից բաղկացած քայլերը, որոնք ՀՅԴ-ն մտադիր է իրականացնել ԱԺ-ում մեծ ներկայություն ապահովելու դեպքում: Խոսքը արտահանման ընդլայնման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության աջակցության հարկաբյուջետային, դրամավարկային եւ պետական ակտիվ սուբսիդավորման քաղաքականություն վարելու, երկրի տնտեսական արդյունքը կրկնապատկելու եւ պետական բյուջեն եռապատկելու, նաեւ արդյունաբերության մի շարք ոլորտներում նորարության եւ բարձր տեխնոլոգիաների ակտիվ գործադրմամբ շուրջ 200 հազար նոր աշխատատեղ ստեղծելու մոտեցումների մասին էր: Արծվիկ Միանսյանն ասաց նաեւ, թե ՀՅԴ-ն իր սոցիալ-տնտեսական ծրագիրը մտադիր է կյանքի կոչել ձգտելով դրանում ներգրավել նաեւ Սփյուռքի կարողությունները: «Մեր ծրագիրը հաշվարկված է ամենայն մանրամասնությամբ, կազմված է միջոցառումների ժամանակացույցով: Այն իրականություն դարձնելու համար Դաշնակցությունը պետք է գա իշխանության, այլընտրանք չկա: Մայիսի 6-ին քվեարկեք համար 4-ի` ՀՅԴ օգտին եւ մասնակիցը դառեք մեր չքնաղ երկրի շենացման ու հզորացման գործին»,- իր ելույթը եզրափակեց ԱԺ պատգամավորը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև