Մայիսի 2-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2010թ. հուլիսի 27-ի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Այն նշանակված էր ժամը 14-ին, սակայն այդ ժամին ամբաստանյալ զինծառայողները դատարան չէին բերվել:
Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը երկու անգամ հետաձգեց, այն վերսկսվեց 15.30-ին : Նիստում վկայություն տվեց նախկին զինծառայող Հայկ Նազարյանը: Նա հարցերի մեծ մասին պատասխանեց` «չեմ հիշում», իր հիշողության կորուստը բացատրելով նրանով , որ դեպքից 2 տարի է անցել, ինքն անձնական խնդիրներ ունի, եւ դա վատ է ազդել հիշողության վրա: Այս առթիվ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը վկային ասաց, որ նա այդ պահվածքով մտավոր հետամնացի տպավորություն է թողնում, մինչդեռ իրականում առողջ մարդ է: Վկան ասաց, որ ինքը մահացած Արտակ Նազարյանին դեպքի վայրում երկու անգամ է տեսել: Նա մի դեպքում հիշում էր, որ Արտակ Նազարյանին 30-40մ հեռավորությունից է տեսել, մյուս դեպքում չէր հիշում , թե ինչքան է մոտեցել, շարունակ կրկնելով, որ Նազարյանի մարմինն իրեն «տեսանելի էր»: Նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ նպատակով, ում հրամանով է ռազմական ոստիկանության հետ բարձրացել ժայռի մոտ՝ զոհված Արտակ Նազարյանի մոտ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ վկան դատարանում սուտ է խոսում, որ միջնորդելու է կեղծ ցուցմունքի համար նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: Իրավապաշտպանը վկային ասաց.«Դու այստեղ աֆերիստ մի խաղա»:
Հարցերին պատասխանելով Հայկ Նազարյանն ասաց, որ իրենց զորամասում զինծառայողների եւ Արտակ Նազարյանի միջեւ նորմալ հարաբերություններ են եղել, որ Արտակ Նազարյանը հոգեպես ընկճված չի եղել: Վկան դեպքից հետո 10 օր պահվել է Բերդի ռազմական ոստիկանությունում: Դա քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների խախտում է: Հ. Նազարյանը հայտնեց, որ ինքը ռազմական ոստիկանությունում մի քանի անգամ հարցաքննվել է: Սակայն քրեական գործում միայն մի հարցաքննության արձանագրություն է առկա: Վկան ասաց նաեւ, որ այդ ժամանակ ինքը չի մտածել փաստաբան ունենալու մասին:
Կարդացեք նաև
Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 15-ին: Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց,որ ինքը որոշում է կայացնելու գործով վկա Արթուր Մկրտչյանին դատարան բերման ենթարկելու, իսկ վկա Արման Մնացականյանին նիստին մասնակցելու ծանուցագիր կուղարկվի: Արման Մնացականյանը դատարանում նախկինում հարցաքննվել է, սակայն նրա հարցաքննությունը կիսատ է մնացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ