Այսօր «Լոռի» մամուլի ակումբում հյուրընկալված պատգամավորության թեկնածուները միաբերան պնդեցին, որ թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում լուրջ խոչընդոտների չեն հանդիպել, այնուամենայնիվ, ընտրողները վախեցած են:
«Մեզ կոնկրետ արգելքներ չեն հանդիպել, բայց մեր ընտրողը վախենում է: Այն մարդիկ, ովքեր կոնկրետ մեր ձայներն են, վախենում են, որ ինչ-որ մեկը կիմանա, որ դրանք մեր կամ այլ` ՀՅԴ-ի, «Ժառանգության» ձայներն են»,-ասում է «Միավորված հայեր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Ժաննա Ժամհարյանը:
«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, ինչպես նաեւ կուսակցության մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Գառնիկ Սահակյանն էլ ավելացնում է, որ մարդիկ հիասաթափված են. «Երբ շփվում ես ընտրողների հետ, տեսնում ես, թե որքան խոր հիասթափություն կա գործող իշխանություններից, եւ որքան սպասում կա ընդդիմությունից»:
ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սարգիս Թամազյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրությունները ազատ չեն. «Թեև արգելքները ակնառու չեն, չեն երեւում, բայց վախի, սարսափի մթնոլորտը կա, այդ մթնոլորտում մենք չենք կարող ասել, որ ազատ ընտրություններ են»:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր