Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հինգ որոշում ընդունեց՝ մերժելով իրեն ներկայացված բոլոր հինգ դիմում-բողոքները

Մայիս 02,2012 19:44

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ավարտեց իր արտահերթ օրակարգում ներառված թվով հինգ հարցերի քննարկումը։ Դրանցից մեկը վերաբերում էև թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազորված անձ Ա. Խաչատրյանի դիմում-բողոքին առ այն, որ ընտրատարածքում մյուս թեկնածուները իրենց քարոզչական նյութերը փակցնում են օրենքով չնախատեսված վայրերում, եւ առաջարկվում էր վարչական վարույթ հարուցել նշված խախտումները վերացնելու համար։
ԿԸՀ-ն այս դիմումը մերժեց՝ նկատի ունենալով այն, որ Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազորված անձը նույնաբովանդակ բողոքով արդեն դիմել է նաեւ թիվ 12 ԸԸՀ-ին, որն այս առնչությամբ արդեն որոշում՝  վարչական ակտ է կայացրել։

ԿԸՀ-ի քննարկման առարկա էր դարձել նաեւ ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ընտրական շտաբի պետ Ա.Հակոբջանյանի դիմումը, որով վերջինս բողոքել էր, թե քաղաքի քոլեջներից մեկի ղեկավարությունը մերժել է իրենց դիմումն ու քոլեջի կոլեկտիվի հետ նախընտրական հանդիպում կազմակերպելը մերժել է։ ԿԸՀ-ն համարեց, որ քոլեջի ղեկավարությանը օրենսդրությամբ պարտավորություն չունի նման հանդիպումներ կազմակերպելու, ուստի՝ բողոքը մերժվեց։

Օրակարգում ընդգրկված մյուս դիմում-բողոքը ներկայացրել էր ՀԱԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը։ Բողոքը վերաբերում էր մասնավորապես Ագարակ համանքում օրենքով  չնախատեսված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու խնդրին։ Այդ բողոքը եւս մերժվեց ու դարձյալ այն հիմքով, որ նույն խնդրին վերաբերող բողոքը քննարկվել է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, նաեւ, որ այդպիսի քարոզչական նյութերն արդեն հեռացվել են չնախատեսված վայրերից։

Մի բողոք-դիմում էլ ներկայացրել էր «Ժառանգություն» նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արթուր Ավթանդիլյանը։ Նրա բողոքները կարելի էր բաժանել 4 խմբի. մի մասը վերաբերում տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում նախընտրական շտաբների տեղակայված լինելու, մյուսը՝ հանրակրթական դպրոցներում, պետական մարմիններում կուսակցական կառույցներ ստեղծելու մասին ահազանգին, ընտրակաշառք բաժանելու փաստերին, որոնց թվում շեշտվում էր մասնավորապես նաեւ ԲՀԿ կողմից տրակտորների բաժանելը։ Բոլոր այս դեպքերում Ավթանդիլյանի դիմում-բողոքները մերժվեցին, որովհետեւ դրանց մի մասում ԿԸՀ-ն օրենքի խախտում չտեսավ, մյուս դեպքում՝ բերված փաստերը հաստատված չհամարվեց։
Մասամբ մերժվեց կամ մասամբ բավարարվեց  թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազորված անձ Վահագն Հովակիմյանի դիմում բողոքը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել այդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից պաշտպանվող թեկնածու Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասին թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումը, որը , դիմումատուի մատուցմամբ, ընդունվել էր ընթացակարգային խախտումներով։ ԿԸՀ-ն այս մասով բավարարեց Վ. Հովակիմյանի որոշումը, բայց մերժեց նրա մյուս պահանջը՝  պարտավորեցնել ԸԸՀ-ին դիմելու դատարան ու չեղյալ համարել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բացատրեց, որ դիմումի երկրորդ պահանջին անդրադառնալու խնդիր չկա, որովհետեւ թիվ 7 ԸԸՀ-ն պարտավոր է նորից եւ բոլոր ընթացակարգերի պահպանմամբ քննարկել Փաշինյանի դիմում-բողոքը եւ համապատասխան որոշում ընդունել, եւ եթե այդ որոշումը եւս չբավարարի Փաշինյանին ու նա էլի դիմի ԿԸՀ-ին, վերջինս նոր միայն այդ հարցը քննարկման առարկա կդարձնի: ԿԸՀ-ն իր որոշմամբ փաստորեն պարտավորցրեց թիվ 7 ԸԸՀ-ին` մեկօրյա ժամկետում  նիստ գումարել եւ քննել թեկնածուի բողոքը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031