Էրեբունու պարեկապահակակետային ծառայության հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը հայտնվել էր մահացածների ցուցակում՝ մինչդեռ նա կենդանի է: Այսօր ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մահացած մարդկանց վերաբերյալ անճշտությունները հրապարակելիս ասաց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Նա ասաց, որ մահացածների հետ կապված՝ ավելի քան 3700 տեղեկատվություն են ստացել ու մոտ 1873 –ը հերքել են : Պարոն Օսիկյանի խոսքերով, մոտ 155 դեպք էլ հասցեների, անուն- ազգանունների կրկնություններ են գրանցվել. ընտրացուցակներում երկու անգամ Նաիրա Զոհրաբյան Վահանի տեսնողներն էլ շտապել են մտածել, որ ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածուն է մի քանի անգամ ցուցակում հայտնվել, բայց պարզվել է, որ տարեթվերով տարբեր անձինք են: Փոխոստիկանապետն ասաց նաեւ, որ հաշվառված, բայց ցուցակում չընդգրկված 413 դեպք էլ է գրանցվել: Նա վստահեցրեց, որ ցուցակներում մոտ 3818 անձանց հետ կապված տեղեկություններ են ճշտվել:
Ընտրակաշառքների մասին եւս ահազանգեր եղել են, բայց դրանք ոստիկանությունում վերացական են համարում, ինչպես նշեց մյուս փոխոստիկանապետ` Հունան Պողոսյանը.«Ընդամենը երկու դեպք , որի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, ահազանգերը շատ վերացական են» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ