«Հաղթանակ» զբոսայգու լանջին «Նոյան տապան» գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցումը մեզ համար արդեն խնդիր է դարձել: Համենայնդեպս այդպես են կարծում Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի անդամները: Այդ պատճառով էլ այսօր էին կազմակերպել իրենց հերթական նիստը:
«Գրաշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ռշտունին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեմ է «Նոյան տապան» ծրագրին և առհասարակ` Երևանը այլանդակելուն. «Երբ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենն է ասում, եթե մենք չվերցնենք տարածքը, ուրիշն է զավթելու, էլ ի՞նչ ասենք: Նման վայրում բիզնես դնելը նույնն է, ինչ ասենք «Ծիծեռնակաբրդի» համալիրում: Չի լինելու նման բան: Առհասարակ այս պետությունը ոչնչացնում է ամեն ինչ»:
Ըստ Ռշտունու, ցանկացած մարդ պետք է դեմ լինի դրա կառուցմանը: Իսկ «Նոյի աղավնի» բարեգործության միության նախագահ Ռաֆիկ Գևորգյանը նիստին եկել էր իր առաջարկով: Այն էր` «Վերածնունդ» հուշակոթող համալիրի կառուցումը հանրապետության հրապարակում. «Նոյը վերածննդի խորհրդանիշն է, դրա համար էլ ցանկանում եմ որ այն կառուցվի: Ինքս դեմ եմ «Հաղթանակ» զբոսայգու լանջին կառուցվող «Նոյան տապանին»: Ամբողջ երկագունդը արդեն իսկ Նոյի թանգարանն է: Էլ ի՞նչ թանգարան»,- Aravot.am-ին ասում է միության նախագահը:
«Փրկության օր» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Կ-Տեր Հովհանիսյանն ուրախ է կառուցվելիք տապանից, բայց ինքը նույնպես ուներ իր առաջարկությունը` հունիսի 17-ը նշվի որպես Փրկության օր. «Կցանկանայի, որ օրվա հետ կապված անցկացվեն տարբեր միջոցառումներ: Մեր խնդիրը պետական միջնորդությունն է, որպեսզի նա մեզ աջակցի ֆինանսապես: Տեսնենք հանրային խորհուրդը ինչ կանի»:
Կարդացեք նաև
«Հայ ասպետ»-ի տնօրեն Կարին Տոնոյանն այսօր առաջին անգամ է լսում«Փրկության օր» հասարակական կազմակերպության մասին, բայց և այնպես ցանկանում է նրանց հաջողություն. «Երբ ծագում է միտք, ուրեմն դա Աստծո կողմից է ուղարկված, իսկ Աստված փնտրում է մեկին, ով կիրականացնի դա: Այդ մեկն էլ երևի թե դուք եք` պարոն Հովհաննիսյան»: Խոսելով «Նոյան տապան» ծրագրի մասին, ասաց, որ դեմ է, ու եթե կառուցում են դա, ապա թող վերականգնեն նաև «Մասսյաց» տոնը. «Մի անգամ գրքերից մեկում կարդացի, որ եթե մարդը մի բանով չի հետաքրքրվում, ապա դա փոշիանում է: Նույնը կարելի է ասել «Մասսյաց» տոնի մասին: Չորս տարի առաջ դիմեցի Մշակույթի նախարարությանը: Այն ժամանակ ինձ ասացին, որ կարող են միայն աջակցել, իսկ վերականգնել տոնը` չեն կարող: Ըստ իս, տոնի ընդունումը կբերի նաև զբոսաշրջության խթանին, քանի-որ կկազմակերպվեն միջոցառումներ, որոնք կհետաքրքրեն նաև սփյուռքայահությանը»: Սակայն Աննա Շահնազարյանը, ով ներկա էր որպես ՀՀ քաղաքացի, անդրադառնալով տիկին Տոնոյանի խոսքին, փաստեց, որ կան ուսումնասիրություններ, ըստ որի դրսից Հայաստան ժամանածներին հետաքրքրում է մեր բնությունը, այլ ոչ թե միջոցառումներն ու հուշակոթողները: Ինքն անձամբ եղել է տուրիզմի կազմակերպիչ, դրա համար էլ քաջատեղյակ է: Կարծում է, որ հանձնաժողովի անդամները պետք է դուրս գան ռոմանտիզմից և «Նոյան տապան» ծրագիրը հանրային քննարկվի:
Գրող, մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը սկզբունքորեն է դեմ ծրագրին, քանի-որ այդ տեսքով տապանը չի կառուցվի. «Եթե որոշվի, որ պետք է կառուցվի, Երևանի քաղաքապետարանը կհայտատարի մրցույթ: Մենք մեր ժողովներից մեկում քննարկել ենք տեղն էլ, ծրագիրն էլ ու այն ընդունվել է»: Բայց Տիգրան Ռշտունին ասում է, որ գրողը կեղծում է ու տեղի հարցը չի քննարկվել: Մեղանդրանքին Տեր-Գուլանյանը պատասխանեց այսպես. «Ով ես դու, որ ինձ նման բան ասես»:
Վեճին միջամտեց «Դալմ-Սոնա» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ղազարյանը ու նշեց, որ, եթե տեղի հարցը քննարկվել է, ապա այստեղ պետք է լիներ նաև լանդշաֆտի պատասխանատու. «Բոլորս էլ տեսնում ենք, որ նման մարդ չկա, հետևաբար այդպիսի հարց չի քննարկվել»: Պարոն Գուլանյանի համոզմաբ, հանրային խորհուրդը շինարար չէ, ուստի դա իրենց պետք չի. «Մենք քննարկում ենք միայն գաղափարը»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ