Լրահոս
Օրվա լրահոսը

Լա՛վ, արդյո՞ք այդ քննադատող մարդիկ իսկապես որևէ դրական բան չե՞ն տեսնում

Մայիս 02,2012 17:53

Հրազդանում ընտրողների հետ հանդիպմանը Հանրապետական կուսակցության նախագահը ներկայացնելով իր քաղաքական թիմի՝ ՀՀԿ-ի նոր ծրագիրն ու առաջիկա անելիքները, անդրադարձել է նաև հրապարակային գործունեություն վարող և մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող իշխանության նկատմամբ հաճախ անարդար քննադատությանն ու քննադատողների նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ցուցաբերման կարևորությանը:

«Իշխանություն լինելը պատվաբեր, բայց դժվարին պարտականություն է: Դժվարին է, քանի որ տարիներ շարունակ ամեն մի քայլ, ամեն մի գործողություն հրապարակային է, գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Ավելին, այն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրության, վերլուծության և շատ հաճախ նաև քննադատության առարկա է դառնում:

Երբեմն նաև անարդար քննադատության է ենթարկվում ու ինքդ քեզ ասում ես՝ լա՛վ, արդյո՞ք այդ քննադատող մարդիկ իսկապես որևէ դրական բան չե՞ն տեսնում, թե՞ չեն ցանկանում ուղղակի տեսնել: Երբեմն ինքդ քեզ ասում ես՝ լա՛վ, ինչո՞ւ են նման անազնիվ հարձակումներ կատարում, բայց անմիջապես ինքդ քեզ ասում ես՝ եթե իշխանություն ես, պիտի քննադատության ենթարկվես:

Պիտի դիմանաս՝ առանց նեղանալու, որքան էլ անարդար, վիրավորական ու տհաճ լինի երբեմն այդ ամենը»,-ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահը:

Հրազդանցիների հետ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ուժեղ և պաշտպանված պետության մասին. «Հայաստանի Հանրապետությունն արդեն կայացած, ուժեղ և պաշտպանված երկիր է: Այդպիսին է, քանի որ հանուն դրա տարիներ շարունակ բոլորս միասին տքնաջան ու հետևողական աշխատանք ենք կատարել:

Այդպիսին է, քանի որ մեր ժողովուրդը տարիներ շարունակ իրենից կտրել, դրել է մեր անվտանգության վրա: Այդպիսին է, քանի որ բոլորս միասին ապացուցել ենք, որ Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական: Ապացուցել ենք և ապացուցում ենք բոլորս միասին: Ապացուցում ենք Ստեփանակերտում և Մարալիկում, Կապանում և Ալավերդիում, Վանաձորում և, իհարկե, Հրազդանում:

Մեր երկրում ամեն տեղ՝ հենց նույն Հրազդանում, ես ունեմ մարտական ընկերներ: Նոր բացում էինք Մարմարիկի ջրամբարը և մեկը մոտեցավ, ասաց՝ բարև կամանդիր, ասացի՝ բարև զինվոր: Բոլոր տեղերում, իրոք, մարտական ընկերներ ունեմ՝ չնայած նրան, որ նրանցից ոմանք փոխում են իրենց սկզբունքները: Աստված իրենց հետ: Մենք մեր մարտական ընկերների թափած արյունը երբեք չենք թողնի, որ իզուր անցնի:

Մենք պիտի հիշենք, որ ազատամարտում հաղթել ենք, բայց պատերազմի հաղթանակը պիտի դեռ ամրագրենք՝ հաշտության պայմանագիր կնքելով: Ուստի և պիտի ապացուցենք մեր կյանքով ու գործով՝ ամեն վայրկյան, որ մենք արժանի ենք այդ հաղթանակին: Պիտի ապացուցեցինք, որ մարտի դաշտից հետ չեկած տղերքի արյունը իզուր չի հեղվել:

Այդ հաղթանակին արժանի լինելու համար մենք ամեն վայրկյան գործով պիտի ապացուցենք, որ մեր ստեղծած պետությունը ծառայում է ժողովրդին և յուրաքանչյուր մարդուն»:

 

ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031