Լրահոս
Օրվա լրահոսը

6-րդ վարչության աշխատակցից մահացած ամուսնու գումարն է պահանջել

Մայիս 02,2012 17:25

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Հակոբյանի /պաշտպան Գարիկ Մալխասյան/ եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի օպերլիազոր, փոխգնդապետ Մուրադ Բաղդասարյանի /պաշտպան Սամվել Կոստանյան/ նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարան էին ներկայացել տուժողներ Անահիտ Խաչատրյանը, Սեդա Պողոսյանն ու Լեւոն Եգանյանը: Գեորգի Պետրոսյանը ներկա չէր դատական նիստին:

Տիգրան Հակոբյանը մեղադրվել է խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, նկարների կոլեկցիոներ Գեորգի Պետրոսյանին, նրա ծանոթ Լեւոն Եգանյանին, հարեւան Սեդա Պողոսյանին, Անահիտ Խաչատրյանին մոլորության մեջ գցելու եւ նրանց գույքին տիրանալու համար:

Միայն Գեորգի Պետրոսյանից ստացել է 23 հազար դոլար գումար, խոստանալով, թե ձեռք կբերի ճանաչված հայ եւ ռուս նկարիչների գործերից:

Ոսկերչությամբ զբաղվող Լեւոն Եգանյանը այսօր ցուցմունք տալով՝ ասաց, թե ինչպես է տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ Տիգրան Հակոբյանին տվել 10 000 դոլար գումար, ապա 6000 դոլարին համարժեք ոսկե զարդեր, որպեսզի նա Թուրքիայից պատվերների համար պայմանավորվածություններ ձեռք բերի:

Տուժողն ասաց, որ իր ընկերն է ծանոթացրել Տիգրանի հետ եւ որ նա այնքան է վստահել ամբաստանյալին, որ ստացական էլ չի վերցրել նրանից:

Տուժողն ասաց, որ Տիգրանի նկատմամբ վստահությունը գալիս էր նրանից, որ մեծահարուստների անուններ էր տալիս:

Պաշտպանի հարցին, թե ոսկյա իրերի գինն ինչպես որոշվեց, տուժողը պատասխանեց՝ կշռելով: Իսկ թե ինչքան գնի սահմաններում կարող է Հայաստանից ոսկյա իրը դուրս բերվել, պատասխանեց՝ 5 մլն դրամի չափով:

Խաբեության զոհ էր դարձել նաեւ տւժող Անահիտ Խաչատրյանը, որը դատավորի հարցին, թե «ճանաչո՞ւմ է ամբաստանյալին, թշնամություն, բարեկամություն ունի», պատասխանեց, որ ճանաչել է Տիգրանին, նա եղել է իր սկեսրոջ հարեւանը, իսկ ներկա պահին ՝ վիրավորված եւ ջղայնացած է իրեն զգում:

Անահիտ Խաչատրյանն ասաց, որ ունեին մի տարածք, որը սեփականաշնորհված չէր: Սկեսրոջ հարեւան Տիգրանը դիմել է նրան՝ ասելով, գումար ունենալու դեպքում կօգնի սեփականաշնորհել: Մահացել է ամուսինը:

Տիգրանին նա տվել է 2500 դոլար եւ 20 000 դրամ գումար՝ «ամուսնու գումարը»:

Տիգրանն ասել է՝ գնա կադաստր եւ վերցրու փաստաթուղթը: Գնացել է կադաստր, պարզվել է, որ ոչ մի դիմում չի էլ եղել:

Հուզվելով եկել է տուն, պատմել սկեսրոջը: Եվ քանի որ գիտեին, որ Տիգրանի «տանիքը» 6-րդ վարչությունից Մուրադն է, որին գործարքից հետո էր ճանաչել, մի քանի անգամ գնացել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, Մուրադի մոտ, պահանջելով գումարը կամ փախած ընկերոջ՝ Տիգրանի տեղը:

Սակայն ինչպես Մուրադն ասեր ընկերոջ տեղը, երբ Տիգրանի նկատմամբ 2010թ. փետրվարի 8-ից հետախուզում էր հայտարարված, եւ իմանալով այդ մասին, փոխգնդապետը լռել է:

Անահիտ Խաչատրյանը մեզ հուզված պատմեց, թե ինչպես է Տիգրանի անհետանալուց 2 տարի հետո տեսել նրան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031