Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում մթնոլորտը թունավորում են`մանր-մունր միջադեպեր սադրելով ու փոխադարձ թշնամանք ստեղծելով»

Մայիս 02,2012 17:22

Այս մասին  Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ-ի հանրահավաքի  ժամանակ խոսեց  թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված թեկնածու, Գյումրու ՀՀՇ կառույցի  ղեկավար Մուրադ Գրիգորյանը: Վերջինս նախևառաջ գնահատելով քարոզարշավի ընթացքը Գյումրիում, ասաց. «Ափսոսանքով պետք է նշեմ, որ թիվ 34 ընտրատարածքում լիարժեք քաղաքական քարոզարշավ այդպես էլ չի ստացվում, որ բանավեճերի անցկացման մեր փորձերն ու առաջարկները համառորեն մերժվում են իմ մրցակիցների կողմից, հիմնական փաստարկն էլ առավել քան անկեղծ է, մեջբերում եմ` մեր և ձեր քաղաքական ռեսուրսները անհավասար են, և նման բանավեճից մենք չեն շահի: Ինչևէ, մեր քաղաքում քարոզարշավը սկսվեց տնետուն հաշվառումով  ու տոտալ ցուցակագրումներով, երևի ընտրաշառքի բաժանման մեխանիզմը հսկելու համար: Քարոզարշավի միջնամասում օգտագործվեց  քրեածին հիմք ունեցող բոլորիս հայտնի միջադեպի անընդմեջ շահարկվող աղմուկը, որի հիմնական նպատակը բուն քարոզարշավի  թեմաները երկրորդ պլան մղելն էր, իսկ վերջնամասում էլ  ընտրակաշառքին զուգընթաց ընտրողների  հոգեբանական մշակման հնարքների տարածումն է, ասենք՝ անձնագրերի 12-րդ էջում  ինչ-որ  նշումից  մինչև քվեարկության օրը տեղամասերում նորից ինչ-որ ցուցակներում ընտրության մասնակիցների հաշվառում»: Հիշեցնենք, որ նրա մրցակիցները «Շիրակ» ֆոտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն են:

Մուրադ Գրիգորյանը  նաև ասաց, որ Գյումրիում բեսպրեդելի, բայորազրկման  ու արժանապատվության նսեմացման  մթնոլորտ է ստեղծվել: Նա զարմացած մեջբերեց օրերս  Սերժ Սարգսյանի Ազատան կատարած այցից մի դրվագ, որտեղ նախագահին տեսնելուն պես  ազատանցի ուսուցչուհին շարք կանգնած երեխաներին  հարցնում է. «Երեխաներ, ով է Հայաստանի տիրակալը» ու փոքրիկները նախագահի ներկայությամբ բացականչում են՝ Սերժ Սարգսյանը:

ՀԱԿ թեկնածուն նաև հայտարարեց, որ ինքը հավատում է ՀՀԿ-ի կարգախոսի` «Հավատանք, որ փոխենք»-ի երկրորդ մասին, այսինքն՝ հավատում է, որ ՀՀԿ-ն կփոխի Շիրակի մարզի բոլոր տեղացի ղեկավարներին, նրանց կբերի մայրաքաղաքից, որպեսզի ոչ տեղացի պաշտոնյան անվերապահորեն, առանց ամոթի կատարի վերևներից իջեցված ցանկացած հրաման: «Ո՞ւմ դեմ ամաչի, եթե այստեղ չունի հարևան ու բարեկամ, ընկերական շրջապատ և անկասկած այս ընթացքի հերթը հասնելու է խոշոր համայնքների համայնքապետերին»:

ՀԱԿ-ի թեկնածուն  նաև նշեց, որ  Հանրապետական կուսակցությունն այս անգամ Գյումրիից պատգամավոր չի ունենա ԱԺ-ում  համամասնական, ոչ էլ մեծամասնական ընտրակարգով, ու Գյումրին կթողնի անհայտ բարերարների հույսին: Նա նաև դժգոհեց, որ քաղաքի մթնոլորտը թունավորում են ` մանր սկանդալներ սարքելով ու փոխադարձ թշնամանքներ ստեղծելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031