Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հարցին, թե ինչու չեն ընդունում բանավեճերի հրավերները՝ պատասխանեց, թե մամուլը, հեռուստատեսությունը մոնիթորինգի խնդիր ունեն, սահմանափակ րոպե ու ժամեր ունեն. «Սովորաբար այն քաղաքական ուժերն են մեկը մյուսի հետ վիճում, որոնք գործունեությամբ մեկը մյուսին հավասարակշռում է եւ հանդես է գալիս հասարակության մեջ: Եթե քաղաքական ուժ կա, որը 37 համամասնական ցուցակ ունի, ասում է՝ ամենամեծ տոկոսը ես պիտի վերցնեմ, նրա հետ ի՞նչ պիտի վիճեմ: Պարզապես կարելի է հեռախոսով զգուշացնել, որ ծուռ ճանապարհով ես գնում»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ եթե մամուլն է միայն խնդիրը, մենք կարող ենք հարթակ տրամադրել՝ բանավիճելու, Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ պատրաստ է բանավիճելու ՀՀԿ ցուցակի առաջին տեղերի հետ, դուք պատրաս՞տ եք՝ պատասխանեց. «Համարժեք առաջարկ է, բայց վիճելու բան չունենք, ամբողջ օրը իրար հետ վիճում ենք: Ինչի՞ պիտի այս պայմաններում որոշակի լարվածություն առաջացնենք, որ արդեն քարոզարշավը նորմալ ընթանում է: Եթե վիճեի, ասեի, գիտես, հայ-թուրքական պայմանագիրը գիտեք ինչ արեց, ցեղասպանությունը այս եղավ, դրա համար մենք դուրս եկանք կոալիցիայից, ես էլ պիտի ասեմ՝ ոչ դրա համար չէր: Որովհետեւ կանխատեսված էր առաջիկա տնտեսական ճգնաժամը, պատասխանատվությունից խուսափեցիք, դե ժողովրդին պատասխան տվեք՝ դրանից ի՞նչ է փոխվում»: Մենք փորձեցինք ճշտել՝ այսինքն՝ քաղաքակիրթ ձեւով հրաժարվո՞ւմ եք դեբատից՝ նա պատասխանեց. «Ես վիճելու մեծ ցանկություններ չունեմ, բայց իմ սատիրան ու հումորը բավական են, որ վեճի ժամանակ ընդհանրապես վիճելու խնդիրներ չլինեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ