Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք բոլորդ ճանաչում եք կոթեցի Յուրային: Անցած ընտրություններում տեսաք՝ Սերժ Սարգսյանին ընդունեց, տարավ աղուհաց տվեց, հարգեց, պատվեց: Հիմա ի՞նչ ենք մենք տեսնում, հիմա Յուրան որտե՞ղ է՝ քրեակատարողական հիմնարկում ու նոյեմբերյանցի Յուրայի աշխատած փողը հիմա աշխատում է ղարաբաղցի Ֆլեշը: Էս է, պարզ օրինակ է, թող այն մարդիկ, ովքեր այսօր գնացել են, հանրապետականի համար իրենց կոտորում են, թող մտածեն: Ժողովուրդ ջան, այ էն պուճուր խանութների տերեր, էդ Ֆլեշը, մեկը, մյուսը, թոռնիկները, բանը մեծացել են, պարապ են: Գնո՞ւմ եք քվեարկեք Հանրապետականի օգտին, քվեարկեք, հաջորդ օրվանից վեշերդ մանրից հավաքեք, որովհետեւ թոռնիկները գալիս են, խանութները պիտի աշխատեցնեն»:
«Առավոտը» նախկինում տեղեկացրել է, որ ծագումով Կոթի գյուղից, Պտղավան գյուղի բնակիչ Յուրիկ Հարությունյանը 2008թ. օգոստոսից գտնվում է ազատազրկման վայրում: Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության մեղադրանքով: Յու. Հարությունյանը 1989-94թթ. ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, վիրավորվել Կոթիի ինքնապաշտպանական մարտերից մեկի ժամանակ, պարգեւատրվել տարբեր մեդալներով: Հրադադարի հաստատումից հետո նա Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղում զբաղվել է անասնապահությամբ, այգիներ հիմնել, նաեւ բենզին իրացրել: Ստացած շահույթից Նոյեմբերյանի տարածաշրջանում բազմաթիվ բարեգործություններ է կատարել: Աստիճանաբար ընդլայնելով բիզնեսը՝ Հարությունյանը սկսեց զբաղվել Թուրքիայից Հայաստան հագուստի ներկրմամբ:
Նոյեմբերյանում խոսակցություններ են շրջանառվում, որ նրա այդ բիզնեսը խանգարում էր նույն գործով զբաղվող Հայաստանի ազդեցիկ որոշ մարդկանց, ինչն էլ նրան ազատազրկելու հիմնական պատճառը դարձավ:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2007 թվականին Յուրիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Կոթի գյուղում կայացավ մատաղի արարողություն, որի ժամանակ 7 ցուլ մորթվեց, բացօթյա ճաշկերույթ կազմակերպվեց, համայնքի ավագանու որոշմամբ Սերժ Սարգսյանին շնորհվեց համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների 33 համայնքների ղեկավարները, Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհուրդը Յուրիկ Հարությունյանին ազատություն շնորհելու խնդրանքով դիմել են Սերժ Սարգսյանին, սակայն՝ ապարդյուն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ