Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Պատգամավորն ավելին է, քան «շտապօգնությունը»

Մայիս 02,2012 16:49

Այսօր, «Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում տեղի ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի «Հաշվետու եմ» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է ԱԺ-ում նրա հնգամյա գործունեության հաշվետվությունը եւ նվիրված է ամուսնու՝ Յուրի Բախշյանի ծննդյան 65-ամյակին:

500 տպաքանակով լույս տեսած գիրքը ներառում է Ա. Բախշյանի հոդվածները, հայտարարություններն Ազգային Ժողովի ամբիոնից եւ «Խորհրդարանական ժամ» հաղորդման շրջանակներում, ինչպես նաեւ` կառավարությանն ուղղված հարցադրումները:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Բախշյանը, գիրքն ընդգրկում է իր կատարած աշխատանքի 20 տոկոսը միայն. «Ինձ հաճախ հարցնում են, թե արդյոք պատգամավորը պետք է աներ այսինչ բանը, կամ ասում են ` «դուք պատգամավո՞ր եք, թե՞ շտապօգնություն»: Ես էլ ասում եմ` պատգամավորն ավելին է, քան «շտապօգնությունը»: Նա պետք է լինի այնտեղ, ուր իրեն սպասում են»:

Գիրք հրատարակելու գաղափարը «Ժառանգության» պատգամավորին առաջարկել է «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Առաջարկից հետո առաջնահերթ հավաքագրվել են Ա. Բախշյանի մասին իր գործընկերների, կուսակից ընկերների եւ աշակերտների կարծիքները. «Այդ առումով գիրքն ինձ համար շատ կարեւոր է: Ես հուզվել եմ այդ կարծիքները կարդալուց»,- ասաց Ա. Բախշյանը:

Նա նշեց, որ իր կայացման գործում մեծ է հանգուցյալ ամուսնու` Յուրի Բախշյանի դերը. «Նա է ինձ ոգեշնչել: Ես մինչ օրս հավատարիմ եմ իմ երջանկությանն ու նրա նկատմամբ ունեցած  գգացումներին, չնայած այն հանգամանքին, որ ինձանից 9 ամիս պահանջվեց` հասկանալու համար, որ նա սիրում է ինձ»:

Շնորհանդեսին ներկա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարեւորեց Ա. Բախշյանի բազմամյա մանկավարժական փորձը. «Նրա աշակերտները դարձել են լավ քաղաքացիներ: Մենք իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում կուսակցության ներսում, քան մեր ընտանիքների հետ: Նա ոչ թե ԱԺ-ի, այլ ժողովրդի պատգամավորն է»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Ա. Բախշյանին հատուկ է մայրական հոգատարությունը եւ խստապահությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031