Երեկ Գյումրու Թատերական հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթը սկսեց Սերժ Սարգսյանի 5 տարի առաջ մշակած 14 էջանոց ծրագիրը ընթերցելով ու միտինգավորներին բացատրելով, թե ինչու չարժե ընտրել Հանրապետական կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին:Սակայն, երբ նա գրպանից հանեց ծրագիրն ու առաջարկեց միասին կարդալ, միտինգավորներն ընդդիմացան` գոչելով. «Էդքան հավես ու ժամանակ չկա»: Հրանտ Բագրատյանը համոզեց, թե քիչ է, մի էջ է, սկիզբը` ողջույնի խոսքն է, երրորդ էջը վերջաբանն է, մնում է միայն մեջտեղի էջը: Այնուհետ ՀՀ նախկին վարչապետը ծաղրի ենթարկեց ծրագրում տեղ գտած որոշակի դրույթներ. «Հասարակական հարաբերությունների զարգացումը կհիմնվի բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության վրա, դուք իրանցից հանդուրժողականությու՞ն եք տեսել: Հլը մեզ մի կողմ թողած, որ մեզ ձերբակալեցին, դատեցին, նստացրեցին, բա իրար ոնց են ուտում, ասենք էն մի ոստիկանը փող ա աշխատել, չի կիսվել, տարան բերդ: Բազմակարծությունից խոսող մարդը գալիս ա պույ-պույ մկան պես մենակ կանգնում, ձեր դեմ խոսում ա՞, մի հատ հասնող տղա չունես, որ ասի` այ ընկեր, հո դու մենակ չես, պառլամենտական ընտրություն ա, ասելիքն էլ ասելիք լինի: Բազմակարծությունի՞ց է խոսում էս մարդը, իրա կուսակցության մեջ պիտի բազմակարծություն ըլի, որ Հանրապետականը հելնում ա, անկախ նրանից, որ համարն ա, ասում ա` Սերժ Սարգսյանին մեռնեմ, էս ի՞նչ ստորություն է, ստրկություն է, եթե քո կուսակցությունում հարաբերություն չկա, դու պետությունում կարա՞ս: Էս ինչ ստորություն ա, էնտեղ երևի սովորել են իրանցից վերևին քծնեն, ով որ իրանցից ներքևէ , իրանց քծնեն»:
Հրանտ Բագրատյանը ի սրտե զայրացավ ծրագրում տեղ գտած այն կետից, որտեղ Սերժ Սարգսյանը խոստանում էր մրցակցային միջավայրում դառնալ ներդրումներ ապահովող լավագույն երկիր: «Մրցակցային, ներդրումային ցուցանիշով հանրապետությունը 74 տեղից դառել ա 92-րդ, երկու օր առաջ Տիգրան Սարգսյանը մի ամերիկացու հետ նստած էս մասին ինֆորմացիա էր տալիս»,- ասաց նախկին վարչապետը:
Այնուհետեւ անդրադարձավ ծնելիությանը` դարձյալ զայրանալով, որ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք մոտ 50 հազար ծնունդից միջին թիվը իջել է նվազագույնը 35 հազար ծնունդի: «Ինչքան էլ, ինձ ասեն մութ ու ցուրտի, պատերազմի վարչապետ, սիրելիներս, երկու անգամ պակաս երեխա է ծնվել , 75 հազար ծնունդը դառել է 35-36 հազար ծնունդ»: Միտինգավորները անչափ բորբոքվեցին, երբ լսեցին Սերժ Սարգսյանի այն խոստումը, որ ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան, ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն:
Այնուհետ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, թե ինչ գործարաններ է կառուցել Գյումրու համար ու կանգնածներին հարցրեց` բա ու՞ր են`ապակու, էլեկտրատեխնիկական, գուլպանասկեղենի գործարանները, ու՞ր են մութ ու ցուրտ տարիներին կառուցված տրոլեյբուսի գծերը: Հիշեց նաև իր օրոք կառուցված Մայիսյանի կաթսայատունը, որն իր հզորությամբ միակն էր ԽՍՀՄ-ի մասշտաբով: Ո՞վ թալանեց կաթսայատունը, տարավ, ծախեց», – հարցրեց Հրանտ Բագրատյանը:Եվ երբ ժողովուրդն ասաց. «Քոչարյանը», նախկին վարչապետը ուղղեց. «Ոչ, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, դե հմի հասկացա՞ք, թե ինչու չպիտի ընտրեք Սերժ Սարգսյանին»,- եզրափակեց նախկին վարչապետը:
Կարդացեք նաև
Վերջինս այնպես էր բորբոքվել, որ գոռում էր` «Թող գնա էստեղից, գնա, սա ասում է էն մարդը, որի օրոք են եղել բոլոր հաղթանակները: Խի մենք կռվում էինք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը գային Երևանում միլիարդատեր դառնայի՞ն», -ասաց Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ինքը ինչքան պիտի հուսահատված լինի, որ նման ձևով խոսի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ