Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը հացադուլը պասի հե՞տ է շփոթել

Մայիս 02,2012 16:21

 26-րդ օրն է, իր հացադուլն է շարունակում արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում  Կոտայքի մարզից 2009թ. հունիսի 3-ից զորակոչված Սուրեն Կիրակոսյանը:

Հացադուլի ժամանակ նրան այցելել են ԱԺ պատգամավորության թեկնածուներ Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քիչ առաջ «Լուրեր.com» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին տեղեկացրին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը, Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Ժաննա Ալեքսանյանը հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանի տպավորությունը եղել է այսպիսին.«Ձեռքերն ու շրթունքները դողում էին»:

Հացադուլավորը պահանջում է, որպեսզի իրեն հետազոտեն եւ ազատեն կալանքից:

Զվարթ Կիրակոսյանն ասաց, որ  «Ձախ ուսագոտու եւ կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր» ախտորոշմամբ զինվորը ճանաչվել է ոչ պիտանի շարային ծառայության համար», սակայն զինգրքույկում արձանագրվել է՝ «պիտանի է շարային ծառայության համար» : Ծառայությունից 24 օր հետո զորամասի «զամպալիտը» մորն ասել է՝ ինչո՞ւ են հիվանդ տղային զորակոչել:

«Զինվորական հագուստն ու զենքը վնասել են զինծառայողի ուսի վրա առկա խալի մեծացմանը ու սիմետրիկության խախտմանը, նաեւ մազ է աճել, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը, որը նաեւ հայտնեց, որ տղան այդ իսկ պատճառով հրաժարվել է զինծառայությունից::

Զինծառայողը ստուգվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրան բժիշկը տվել է 50/50 ապրելու երաշխիք: Զինվորին սպառնացել է վիրահատությունը:

«Պաշտպանության նախարարությունից որեւէ մեկը չի պատասխանել, թե ինչ ասել է պիտանի է շարային ծառայության համար, կամ ի՞նչ է նշանակում «սահմանափակումներով է պիտանի ծառայությանը»: Ծառայության ընթացքում բժշկական եզրակացությունը թողնվում է հրամանատարի կամ բժշկի հայեցողությանը: Իսկ թե ինչպես է այն իրականանում՝ կանոնակարգված չէ»,- շարունակեց Արթուր Սաքունցը, որը նաեւ հայտնեց, որ ծնողին չեն տրամադրում իր որդուն վերաբերող բժշկական փաստաթղթերը, ասելով՝ գաղտնիք է:

Ինչպես Aravot.am-ում տեղեկացրել ենք, հացադուլավոր զինվորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 361-ի 4-րդ մասով (զորամասը ինքնակամ լքելը):Aravot.am-ի հարցին, թե ո՞վ է իրականացրել պաշտպանությունը, եւ արդյոք պաշտպանին ընտրե՞լ են Կիրակոսյանի հարազատները, մայրը՝ տիկին Զվարթը, պատասխանեց, որ որդու փաստաբանին՝ Միհրան Խանամիրյանին «իրենք» են տվել՝ քննչական մարմինները, նա որդուն չի այցելել, իսկ որ կարեւորն էր, ասել էր, թե «պաս պահելուց մաքրվում է օրգանիզմը ավելորդ թույնից», ակնարկելով հացադուլը:

Արթուր Սաքունցը խոստացավ ազատազրկման վայրերը վերահսկող դիտորդական խմբի անդամներով այցելել կալանավորին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031