Ընտրապայքարում չի խոսվել արտաքին քաղաքականության մասին, սա չի՞ նշանակում, որ չկան հակասություններ՝ արտաքին քաղաքականության մասով: Այս հարցին ի պատասխան՝ «Սիվիլիթասի» կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արտուշ Շահբազյանն ասաց. «Որովհետեւ ժողովրդին ավելի շատ հուզում են սոցիալ-տնտեսական խնդիրները: Հայ-թուրքական արձանագրությունների բերումով որքան վտանգավոր վիճակ է եղել, այդ վիճակը մնում է, հետաձգված են պարզապես լուծումները: Արտաքին հարաբերությունների խնդիրը կարծես թե մենաշնորհն է նախագահի՝ արտգործնախարարի հետ»:
«Միավորված հայերի» ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ արտաքին քաղաքականության ոլորտը նկատի չեն ունեցել՝ ասելով, որ ցույց կարող է տալ իրենց բուկլետը՝ որպես ապացույց: «Ես ինքս արտաքին քաղաքականության ոլորտը ներկայացրել եմ»:
Ստյոպա Սաֆարյանն էլ վստահեցրեց, որ իրենք էլ են ներկայացրել, իրենց ընտրողների հետ խոսել են օրվա խնդիրներից սկսած մինչեւ ազգային շահեր:
Կարդացեք նաև
Ի՞նչ կլինի, եթե ընտրությունները կեղծվեն՝ Արտուշ Շահբազյանը նշեց, որ բնականաբար Հայաստանը չի կործանվի. «Մտահոգություններս շատ մեծ են: Հայաստանն անկում է ունեցել արտագաղթի, ժողովրդագրության, սոցիալ-տնտեսական առումով: Ոչ մի նախադրյալ չկա, որ շրջադարձ կլինի ու երկիրը կսկսի զարգանալ: Չկա այն ծրագիրը, որից ելնելով ասենք, որ առաջընթաց է լինելու՝ կոռուպցիան մեծանում է, կաշառատվությունը, ամենաթողությունը մեծանում է, տնտեսությունն ավելի մենաշնորհային է դառնում: Մենք կարող ենք հասնել մի տեղ, որտեղից շրջադարձ կատարելը կարող է լինել չափազանց դժվար»:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, այս 20 տարիներին հայ ժողովրդի գլխով ավելի վատ բաներ են անցել, քան այս իշխանություններն են, բայց արդեն պատվի, արժանապատվության հարց է նորմալ ընտրություններ անցկացնելը. «Մենք կեղծվելու դեպքում շարունակելու ենք ապրել հին Հայաստանում, բայց արդյոք մենք ուզո՞ւմ ենք բերել այն նոր Հայաստանը, որտեղ հայ մարդը հույսեր կփայփայի իր երեխայի, թոռների ապագայի մասին»:
Կոմկուսի ներկայացուցչի խոսքով այսպես շարունակվելու դեպքում 2050-ին Հայաստանում մարդ չի մնա՝ ավելի լավ է Ռուսաստանի ֆորպոստ լինել, քան օլիգարխիայի, 95, 96-ից սկիզբը դրվեց այն այլանդակությունների, որ շարունակվում է այսօր: Ո՞վ է կեղծելու ընտրությունները: Եթե ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն գտնում են, որ ընտրությունները կեղծելու է ՀՀԿ-ն, ես առաջարկում եմ դուրս գալ ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին կոալիցիայից ու տեսնել, թե ոնց է կեղծելու»:
ԲՀԿ ներկայացուցչի խոսքերով՝ «ԱԺ գործունեության դադարումից հետո դադարում է նաեւ կոալիցիան, այնպես որ այս հարցը փակենք»: Նրա կարծիքով միասնական շտաբ ստեղծելով՝ իրենք արդեն իսկ մի քայլ արել են. «Եթե կեղծվեն ընտրությունները, ունենալու ենք արտագաղթ, բազմաթիվ մարդկանց խախտված իրավունքներ, ունենալու ենք այն, ինչ ունենք»:
Հարցին՝ ո՞վ է կեղծելու ընտրությունները՝ ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Երբ մարդուն ներշնչում ես, որ քո քվեարկությունը ոչինչ չարժե, մարդիկ բնապահպանական խնդիրների համար բողոքում են՝ բացարձակ անտարբերություն է՝ մարդը գալիս է եզրակացության, որ միեւնույն է, ոչինչ չի փոխվի, սա ինքնասպանության պես մի բան է: Ամիսներ առաջ շատ վստահորեն ասում էին՝ միեւնույն է մենք անցնելու ենք, թվում է թե քարոզչական հնարք է, բայց իրականում այլ բան կա՝ այսինքն՝ հանկարծ մտքներովդ ուրիշ բան չանցնի»:
Կոմկուսի ներկայացուցչի դիտարկմամբ՝ իշխանության են գալիս, սոսինձները տակները դրած՝ չեն ուզում պոկվել իրենց աթոռից. «Կոալիցիայում կան ուժեր, որ կոալիցիայում էին 5-10 տարի առաջ, ի՞նչը խանգարեց, որ ընդունեին օրենքներ՝ ժողովրդի վիճակը լավացնեին: Ինչի՞ն սպասի մեր ժողովուրդը»:
Ըստ Էլինար Վարդանյանի՝ «Իշխանությունում քաղաքական մենաշնորհ չպետք է լինի, ԱԺ-ում չպետք է լինի իմ դեմ խաղ չկա սկզբունքը, քաղաքական մենաշնորհ չպետք է լինի»:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց ԲՀԿ-ի տրակտորների մասին՝ չմոռանալով նաեւ ջեմերն ու հեռախոսները, ԲՀԿ ներկայացուցիչը տրակտորների մասով չցանկացավ հակադարձել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ