Youtube.com – ում օրերս տեղ գտած Մհերի « Վերջին զանգ » տեսահոլովակը դարձել է բուռն քննարկման թեմա : Տեսահոլովակին հետևած մեկնաբանությունները որքան էլ ոգեշնչող , այնքան էլ համեմատական են : Արդեն մի քանի տարի է ` Թաթա Սիմոնյանի « Վերջին զանգ » երգը դարձել է դպրոցն ավարտող երիտասարդության նախընտրելի ու ամենասիրված երգը , հիմա էլ դրա կողքին ավելանում է Մհերի երգն՝ սոցցանցերում իր բազմատիվ մեկնաբանություններով: Մի քանի տասնյակ հազար անգամ դիտված տեսահոլովակում դիտողներին դուր է եկել նրանում արտահայտված հուզականությունը , տեխնիկական մոտեցումները , սյուժեն , սակայն քննադատություններն էլ չեն ուշանում. դիտողներից մեկը նկատել էր տեսահոլովակի դրվագների անհամապատասխանությունը . «Մհերի պատանեկությունը մարմնավորած երիտասարդը տարիքով չափից ավելի մեծ ու խոշոր է երևում Մհերից » :
«Հզոր ձայն ունի , հետևում եմ նրա ստեղծագործական կյանքին , բայց մեկ է ` Թաթայի « Վերջին զանգը » կմնա մեր « հիմնը », իմ կարծիքով : Մեր դեպքում մենք կլսենք այս երգը՝ որպես այդ օրվան հարազատ կատարում , բայց սկզբում , ընթացքում և վերջում միանշանակ կհնչի Թաթայի կատարումը » , – նշում է 17-ամյա Նելլին :
«Դպրոցական տարիների հուշեր արթնացրեց ինձ մոտ այդ երգը , որոշեցի էջումս տեղադրել այն և լսել մնացածի կարծիքը : Չնայած կային կարծիքներ, որ այն նոր է, բայց հնի շունչ է հաղորդում, այնուամենայնիվ շատերը հավանեցին, անգամ նրանք , ովքեր քիչ են լսում Մհերի երգերը : Ընդհանուր առմամբ համակարծիք էինք , բայց ինձ թվում է Մհերը կարող էր ավելին», – մեկնաբանում է բլոգեր Սոնան :
« Իմ վերջին զանգին չկար ո՛չ Թաթայի երգը , ո՛չ էլ այլ առանձնացվող երգեր , բայց մենք պարեցինք էլ , ուրախացանք էլ , պարզապես ներկայիս երիտասարդությունը պահանջկոտ է , առավելևս, երբ դրանք ստանալը հեշտ է : Գնահատում եմ Մհերի և՛ ձայնը , և ՛աշխատանքը , կասեմ, որ լավն էր…բայց մեկ է Թաթայի «Վերջին զանգին» չի հասնի… » , – կարծում է 43-ամյա Էսթերը :
Թե ինչքանով կարդարացվի Youtube-Ի, ֆեյսբուքյան և այլ սոցիալական կայքերում անցկացվող քննարկումները, պարզ կդառնա մայիսի վերջին ` հեռուստացույց դիտելիս կամ էլ պարզապես երբ փողոցում քայլելիս նկատենք բացականչություններով ուղեկցվող « վերջինզանգյան » մեքենաները: Մենք մեր կողմից առաջարկում ենք հիմա լսել 2 երգերն էլ:
Գայանե Հարությունյան
Հ.Գ. Հիշեցնենք՝ Մհերի «Վերջին զանգ» երգի ստեղծման աշխատանքներին մասնակցել են խոսքերի հեղինակ Լևոն Բլբուլյանը, երգահան Ժաննա Բլբուլյանը, երգիչ Մհերը եւ ռեժիսոր Արեն Բայադյանը: