Մեջքը ուղիղ պահելը և ճիշտ կեցվածք ընդունելը դժվար չէ, բայց շատ մարդկանց համար այն դարձել է խնդիր: «Ես ընկերներիս միշտ նկատողություն եմ տալիս, երբ նրանք մեջքը ուղիղ չեն պահում, բայց ինքս մոռանում եմ և չեմ հետևում իմ կեցվածքին»,-ասում է 18-ամյա Արևիկը:
Օրթոպեդ Սամվել Հարությունյանի խոսքով` սխալ կեցվածքի պատճառով ժամանակի ընթացքում առաջանում է ողնաշարի դեֆորմացիա: Ողնաշարի դեֆորմացիայի սկզբնական փուլում այն «C» տառի ձև է ընդունում, եթե հիվանդը չի դիմում բժշկի և անուշադրության է մատնում, ինչը նրա վստահմամբ հաճախ է լինում, առաջանում է 2-րդ կորությունը, որի դեպքում ողնաշարը ստանում է «S» տառի ձև:
Ողնաշարային հիվանդությունները բժշկի խոսքով` ավելի շատ տարածված են դպրոցականների մոտ, ինչը հետևանք է ոչ միայն սխալ նստելու, այլև ծանր պայուսակը միայն մեկ ուսով պահելու: Այն հարցին, թե ինչ կարող են անել դպրոցականները նման խնդիրներից խուսափելու համար, օրթոպեդը պատասխանում է. «Առաջին հերթին գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-80 սմ, իսկ պայուսակը նպատակահարմար է ոչ թե մեկ ուսով պահել, այլ կողքի գցել, այդ դեպքում ծանրությունը հավասարաչափ կբաշխվի մարմնին»:
Սակայն բժշկի վստահմամբ՛ սա չի վերաբերում այն երեխաներին, ովքեր հակված են ունենալու կեցվածքի շեղումներ` կախված իրենց կառուցվածքային առանձնահատկություններից: Այս դեպքում սխալ դիրքով նստելը կեցվածքի շեղումների առաջացման ոչ թե պատճառ, այլ խթանող հանգամանք է դառնում:
21-ամյա մի աղջիկ, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ունեցել մեջքի սուր ցավեր. «Դիմեցի բժշկի, ինձ ասացին, որ ողնաշարային հիվանդություն` սկոլիոզ ունեմ: Ուրախությամբ պետք է ասեմ, որ հիվանդությունը դեռ չէր խորացել և բժիշկներին հաջողվեց բուժել»: Աղջկա խոսքով` սկոլիոզը, որը ողնաշարի թեքումն է իր բնական առանցքից աջ կամ ձախ, առաջացել էր բարձակրունկ կոշիկներից:
«Երբ հագնում եմ բարձրակրունկ կոշիկներ, մեջքս չեմ կարողանում ուղիղ պահել, մի տեսակ թեքված եմ քայլում, բժիշկները ինձ ասացին, որ հենց դա էլ եղել է հիվանդության առաջացման պատճառը»,-ասում է նա:
Պարոն Հարությունյանի խոսքով` սկոլիոզը լինում է բնածին և ձեռքբերովի: Այն հաճախ առաջնում է 5-15 տարեկանների մոտ, կապված ոչ ճիշտ դիրքով նստելու հետ, ինչը հանգեցնում է ողնաշարի և մեջքի մկանների անհամաչափ բեռնվածության, որի արդյունքում էլ վերջիններս հոգնում են և թուլանում:
Ողնաշարային հիվանդություններից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ֆիզիկական վարժություններ կատարել, լողով կամ շեյպինգով զբաղվել, իսկ ամենագլխավորը պարզապես մեջքը ուղիղ պահել:
Անի Գյոզալյան