Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր նախընտրական վերջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե իբր «Ժառանգությունը» վաճառել է իր տեղերը կոալիցիոն կուսակցություններին՝ հերյուրանք են:
«Այն, որ մի քանի տասնյակ տեղերում «Ժառանգությունն» իր ներկայացուցիչները չունի, դա ոչ թե վաճառքի հետեւանք է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային սխալի արդյունք: Բացարձակ հերյուրանք է, որ «Ժառանգությունը» իր տեղը որեւէ կուսակցության է տվել, առավել եւս՝ իշխանական կոալիցիային պատկանող կուսակցության, մենք ընդդիմադիր դաշտում ենք, եւ բոլոր դեպքերում «Ժառանգությունը» բոլոր ընտրատեղամասերում ներկա է լինելու իր վստահված անձանց միջոցով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե ընտրություններից հետո արդյոք «Ժառանգությունը» կհամագործակցի՞ իշխանությունների հետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա կախված է ընտրությունների ազատ եւ արդար լինելուց:
«Եթե քսան տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությունը փոխվի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, շնորհավորանք կտանք եւ կստանանք, եւ մեծամասնություն կազմող ուժ «Ժառանգությունը» կհամագործակցի նոր ընդդիմության հետ»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ