Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Կարեն Քոչարյանի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը փող կբաժանեն

Մայիս 02,2012 15:34

Այսօր SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանն ու քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը խոսեցին Հայաստանում նախընտրական քարոզչության ընթացքում կիրառված տեխնոլոգիաների արդյունավետությունից: Մելքոնյանի ձեւակերպմամբ, ընդհանուր առմամբ, PR արշավը միապաղաղ էր, ո՛չ հետեւողական, պասիվ տպավորություն էր թողնում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերն են, թվում էր, թե այնքան թեժացած ու շիկացած պետք է լիներ նախընտրական պայքարի մթնոլորտը, որ բոլորս ընտրություններով շնչեինք: Մինչդեռ բնակչության մեծ մասը չի էլ հասկացել, թե ով ինչ է ուզում ասել»:

Քոչարյանը համարում է, որ քարոզարշավի ընթացքում ամենալավ քայլերից մեկը Նիկոլ Փաշինյանի «30 վայրկյանն» էր, սակայն, ըստ նրա՝ ՀԱԿ-ը շատ պասիվ էր, այնքան, որ ստացվեց հետեւյալը. «Նիկոլը ասաց, հետո Նիկոլը նորից ասաց ու մենակ Նիկոլը ասաց, եւ նրան ոչ մեկը չփորձեց օգնել: Իսկ ընդհանուր առմամբ՝ թիմերի մեջ էլ նույն պասիվությունն էր, բայց ահա 2 օրից՝ լռության օրը՝ լուռ կբաժանվեն փողերը»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ պետք է անեին ուժերը. մինչ «լռության օրը» փողը նախօրոք բաժանեի՞ն, թե՞ խոստումները շատ տրվեին, Քոչարյանն ասաց. «Շփումները պետք է շատ լինեին, ճիշտ է, բոլորն էլ հանդիպում էին մարդկանց հետ, որոշ բաներ ցույց տալիս, բայց տեխնոլոգիաները փոխվել են, մարդիկ հոգնել են այդ տեսարաններից: Ուժերը չօգտագործեցին այն արդի տեխնոլոգիաները, որը կիրառվում է աշխարհում, մեր ուժերը մնացին 60-70-ականների տեխնոլոգիաների հույսին»: Մեր դիտարկմանն էլ՝ «լռության օրը» հատկապես ո՞ր ուժերը կակտիվանան ու կփորձեն «լուռ փողեր» բաժանել՝ Քոչարյանը պատասխանեց՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

Մելքոնյանի կարծիքով, ոչ մի քաղաքական ուժ գրագետ PR կոնցեպցիա չէր մշակել: Վերցված էր մի ընդհանուր բանաձեւ, որը ներկայացվում էր Փարիզից մինչեւ Արամուս ու ցանկացած բնակավայրում նույն բանն էր խոսվում:

Քոչարյանի փոխանցմամբ՝ անգամ ՀՀԿ-ի մեքենաների վրայի դրոշներն էին կրկնվում, իսկ ծրագրերի առումով՝ բոլորի մոտ բառակույտ էր՝ «թութակային վիճակ, ինչքա՞ն կարելի է 30 օր նույն բանը կրկնել»:

Բանախոսները շեշտում են՝ ընտրարշավը չկողմնորոշված էլեկտորատին կողմնորոշելու համար է, իսկ չկողմնորոշվածները Հայաստանում շատ են, ու եթե այսօր սոցհարցում անցկացվի ՝ չկողմնորոշվածները կկազմեն ընտրողների 1/3-ը:

Քոչարյանը մեկնաբանելով նախագահի այցը Մաշտոցի պուրակ՝ ասաց, որ դա PR քայլ էր՝ շեղելու հասարակության ակտիվ մասսայի ուշադրությունը: Մելքոնյանն էլ նախագահի այդ քայլը անտաղանդ բեմադրություն որակեց:

Ամփոփելով ուժերի քարոզարշավը՝ Քոչարյանը նշեց. «Օրինակ՝ «Ժառանգությունը» հետաքրքիր սկսեց, ապա պակասեցրեց, հետո վերականգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքսեղմումները. սինուսոիդ էր: ՀՀԿ-ը՝ գնաց այնպես, ինչպես որ պետք է գնար, նույնը ԲՀԿ-ի դեպքում է՝ copy-paste: ՀԱԿ-ը շատ անհասկանալի էր, այնտեղ ռեալ միակ աշխատող մարդը Նիկոլ Փաշինյանն էր, մի քիչ էլ՝ Հրանտ Բագրատյանը: Թեեւ ՀՅԴ-ն հերքում էր, բայց ներքին խնդիրներ ունեն: «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսն էլ վերածվեց « ազատություն, արդարություն, ներողություն, դաշնակցություն»-ի: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին՝ նրանց չեմ մեկնաբանի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031