Լրահոս
Օրվա լրահոսը

Բա Հանրապետականի գովքը չէ՞ր անում (Տեսանյութ)

Մայիս 02,2012 15:20

Բոլոր ընդդիմադիր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերի  տնտեսական հատվածում «ոսկե սարեր են» խոստանում, իսկ իշխանական թեւի կուսակցությունները շատ ավելի զուսպ ու կշռադատված են խոստումների իմաստով: Այսօր «Արմատ» ակումբում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը`վստահեցնելով, որ ուսումնասիրելով առաջադրված բոլոր կուսակցությունների ծրագրերի տնտեսական բլոկը, նման եզրահանգման է եկել:

Ըստ տնտեսագետի, ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջարկվող նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելը իրատեսական չէ. «Թե «Ժառանգության», թե «ՀԱԿ»-ի ծրագրերում, մեկ տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձը հասցնել 80 հազար դրամի, հիմնավորված չէ: Կտրուկ բարձրացնելով աշխատավարձը պետությունը գործարարին ստիպում  է ավելացնել ծախսերը, որը կհանգեցնի նաեւ ապրանքի, ծառայությունների ինքնարժեքի բարձրացման եւ ինֆլյացիոն երեւույթներ կլինեն: Առաջիկա 1-2 տարիներին իրատեսական է նվազագույն աշխատավարձը դարձնել` 40-45 հազար դրամ»:

Բյուջեի ավելացման մասին տրված ընդդիմադիր կուսակցությունների խոստումները, տնտեսագետը կրկին ոչ իրատեսական է համարում. «Եթե անգամ ընդունենք, որ ստվերային տնտեսությունը 50%-է,  բյուջեն էլ հնարավոր է  ամենաշատը կրկնապատկել, ոչ թե եռապատկել, ինչպես որոշ կուսակցություններն են խոստանում: Այստեղ էլ է վիճելի, եթե անգամ կոշտ պայքար տանեն ստվերի դեմ, 1-2 կամ 5 տարիների ընթացքում ստվերը 50-ից 0% հասցնելը ռեալ չէ: Այսինքն մենք պետք է ելնենք այս իրականությունից, ոչ թե ինչ-որ լոզունգներ ասել»:

Ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, որ Կառլեն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման էր եկել ՀՀԿ-ին գովաբանելու համար, թեեւ արդարացավ, որ չի ուզում նման տպավորություն թողնել. «Ուղղակի, երբ վերլուծում ենք Հանրապետականինը, շատ ավելի խորքային եւ հստակ մեխանիզմներ է առաջարկում, ի տարբերություն այլ կուսակցությունների»: Հավանաբար, տնտեսագիտության թեկնածուի կարծիքով ՀՀկ-ի առաջարկած խորքային եւ հստակ մեխանիզմը հետեւյալն է` մեջբերում ՀՀԿ նախընտրական ծրագրից. «Ապահովելու ենք ֆինանսական կայունություն` ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը ու հասանելիությունը»: Կամ էլ` «Վերացնելու ենք շուկա մուտք գործելու խոչընդոտները եւ ապահովելու ենք հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար»: Ինչպես երեւում է, այստեղ ոչ մի հստակ մեխանիզմ նշված չէ, թե կուսակցությունն իր խոստումն ինչպես է իրականացնելու: Մենք նշեցինք ընդամենը 2 դրույթ, բայց կուսակցության առաջարկությունների մեծ մասում կոնկրետ մեխանիզմներ չկան նշված:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031