Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթը Աբովյան քաղաքում. «Պաշտպանում ենք Ծառուկյանի թեկնածությունը»

Մայիս 02,2012 14:42

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ քարոզարշավի բարձր տեմպը ձեզ չի հոգնեցրել: Ընտրապայքարն ավարտվում է, և մեր ընտրողներն արդեն իրենց պատկերացումներն ունեն թեկնածուների և նրանց ծրագրերի մասին: Բայց ծրագրերի լրացուցիչ ներկայացումն ու մանրամասնումը, կարծում եմ, ավելորդ չէ և միայն օգտակար ու հետաքրքիր կարող է լինել ընտրողների համար: Մանավանդ որ դա մեր պարտականությունն է:

Սիրելի՛ աբովյանցիներ,

Մենք պահպանողական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որն ունի արժեքային կայուն համակարգ և առաջնորդվում է հստակ սկզբունքներով:

Մեզ համար առաջին տեղում մարդու և ազգի անվտանգությունն է: Առանց այդ անվտանգության, մնացած ամեն ինչի մասին միանգամից կարելի է մոռանալ: Սա հիմքերի հիմքն է, մեր գոյության խարիսխը:

Նախ՝ մարդու անվտանգության մասին: Նա պիտի լինի պաշտպանված և ապահով թե՛ տանը, թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում: Պաշտպանված և՛ ֆիզիկապես, և՛ իրավական առումներով: Մենք դա անում ենք հետևողականորեն: Նաև կատարելագործում ենք առկա մեխանիզմները: Ե՛վ ոստիկանությունում, և՛ դատաիրավական համակարգերում մենք նախաձեռնել և իրականացնում ենք լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղված են հենց մարդու ապահովությանն ու պաշտպանվածությանը: Օրինապահ քաղաքացին մեծագույն հարստություն է յուրաքանչյուր պետության համար, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի քաղաքացին խաղաղ և հանգիստ լինի և իրեն զգա երկրի տերը:

Անհատը չի կարող պաշտպանված լինել, եթե որևէ պետական պաշտոնյան նրանից կաշառք է ակնկալում: Հենց այդ պատճառով էլ մենք ձեռնարկել ենք միջոցառումների մի ամբողջ շարք նման ռիսկերը նվազեցնելու և նվազագույնի հասցնելու նպատակով: Փողոցներում ճանապարհներին տեսախցիկների տեղադրումից սկսած մինչև նոտարական գրասենյակներ ու կադաստր մենք աշխատաոճ ենք փոխում, սկզբունքներ ենք փոխում: Եվ փոխում ենք արմատական ձևով: Մենք հիմնավորապես կրճատում ենք բյուրոկրատական քաշքշուկները՝ հարկային մարմիններից մինչև մանկապարտեզ: Սրանք մանրուքներ չեն, որովհետև կարող են թունավորել մարդու կյանքը կամ առնվազն փչացնել նրա տրամադրությունը: Մեր քայլերն ուղղված են կանոնակարգելու  պետության և քաղաքացու հարաբերությունները և բացառելու լարվածությունն ու անվստահությունն այդ հարաբերություններում:

Անհատական ազատությունները մենք դիտարկում ենք որպես անձի անվտանգության կարևորագույն մաս: Մենք ամեն ինչ անում ենք ապահովելու համար ազատ ընտրության հնարավորությունները, մե՛նք ենք, որ պատասխանատու ենք դրա համար:

Մենք շարունակելու ենք նույն ոգով, բայց ավելի մեծ եռանդով, որովհետև խոսքն անձի իրավունքների և պաշտպանվածության մասին է: Իսկ դա, ինչպես նշեցի, քաղաքական ուղեգծի հիմքն է:

Ազգի անվտանգության մասին: Այս խնդիրը մեր պետության, Արցախի և ողջ հայության առջև նորովի ծառացել է Հայաստանի անկախացումից ի վեր: Անցած ժամկետում հսկայական գործ է արվել, ինչի արդյունքում ապահովվել է հավասարակշռություն հավանական հակառակորդի նկատմամբ: Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժը: Այդ մասին երկար կարելի է խոսել, բայց ես կարճ ասեմ. մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է ամենամեծ և գլխավոր արդյունքը: Այս արդյունքը մենք պահպանելու և ամրապնդելու ենք: Զգոնություն ու զգաստություն, այդ հատկությունների թուլացում չի լինելու ոչ մի վայրկյան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք վաղն ունենալու ենք ավելի պաշտպանված, ավելի անխոցելի Հայաստան, ավելի ապահով քաղաքացի: Դրա համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համատեղումը, բայց առաջին հերթին՝ համախմբումը հայոց պետականության շուրջ, երբ հարցը վերաբերում է մեր գոյության հիմքերի հիմքին՝ անվտանգությանը:

Ես ձեզ կոչ եմ անում քվեարկության օրը՝ ընտրություն կատարելիս, լինել շատ լուրջ, ավելի լուրջ, քան երբևէ, անպայման նկատի առնել, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել անձամբ ձեր և ձեր հարազատների իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիական ազատությունները և անձամբ ձեր և Հայաստանի ողջ ժողովրդի բարեկեցության կայուն բարձրացումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե յուրաքանչյուրն իրեն զգա ավելի ապահով, ուրեմն՝ մենք հասնելու ենք մեր նպատակին, ուրեմն կունենանք ավելի ապահով Հայաստան, ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ, որ միասին մեծ քայլերով մենք շարունակելու ենք առաջ շարժվել, շարունակելու ենք բարձրացնել բոլորի ընտանիքների և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, ընդլայնել աշխատելու և արժանապատիվ վաստակելու հնարավորությունները, փոխելու ու ավելի գրավիչ դարձնելու մեր երկիրն այնպես, որ հետ վերադարձնենք երկրից հեռացած մեր բոլոր քաղաքացիներին: Ես դրան հավատում եմ և կոչ եմ անում ձեզ միանալ իմ այս կողմնորոշմանն ու դիրքորոշմանը: Մենք պետք է անպայման հավատանք մեր նպատակներին: Եթե մենք չհավատանք մեր նպատակներին, մենք չենք կարող այդ նպատակներն իրականացնել: Հենց դրա համար էլ մենք ընտրել ենք կարգախոս. «Հավատա՛նք, որ փոխենք»:

Սիրելի՛ կոտայքցիներ,

Մայիսի 6-ին կոչ եմ անում բոլորիդ ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Այս ընտրությունները շատ կարևոր հանգամանք են: Այս ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչ ճանապարհով է Հայաստանի Հանրապետությունն առաջ գնալու: Այս ընտրությունների արդյունքներից են կախված, թե որ քաղաքական ուժն է մեր երկրի ղեկին լինելու: Բոլորս պետք է հասկանանք նաև, որ այս ընտրությունները մեծ հնարավորություն են տալիս ընտրել օրինական իշխանություններ ազատ, արդար ընտրությունների միջոցով և որ այդպիսի միջոցներով ընտրված իշխանությունները կարող են լինել շատ ավելի համարձակ և կարող են շատ ավելի լուրջ բարեփոխումներ իրականացնել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մյուս կողմից էլ բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկերությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին: Մենք բավականաչափ փորձ ենք ձեռք բերել և վստահ ենք, որ այդ փորձը մեզ հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու: Եվ երբ ես ասում եմ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին: Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է և պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է և ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային Ժողովում: Նա սկզբունքային մարդ է, ունի քաղաքական փորձ և այդ փորձը ծառայեցնելու է հենց իր ընտրողների շահերին:

Շնորհակալ եմ: Եվ մի բան էլ պետք է ասեմ. մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին:

ՀՀԿ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031