Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն»

Մայիս 02,2012 14:18

Քիչ առաջ Աշտարակի Կարբի եւ Օհանավանք  գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգաված Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր խոսքում հավաստիացրեց, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն. «Ոչ մի բան որոշված չի: Որ որոշված լիներ, այս խլրտոցը, քաշքշոցը կլինե՞ր»:

ԲՀԿ նախագահը հավաքվածներին կոչ արեց միասնական լինել եւ, որ ամենակարեւորն է՝ անտարբեր չլինել ընտրական գործընթացների նկատմամբ. «Մեկը կարող է աշխատում է, իր վիճակը լավ է, նա չպետք է մի կողմ քաշվի, պետք է բոլորի վիճակը լավ լինի, որ մարդը իրեն լավ զգա, մի ծաղկով գարուն չի գա»: Գագիկ Ծառուկյանը նաեւ իր անձնական օրինակի վրա փորձեց համոզել հանրությանը. «Որոշ քաղաքական գործիչներ քիչ տոկոսներ հավաքելով փոշիանում-գնում են: Ես այդ գործիչներից չեմ, քիչ տոկոս էլ հավաքեմ, միեւնույն է, հանգիստ կապրեմ: Բայց ես ուզում եմ օգտակար լինել իմ պետությանը, իմ ժողովրդին ու նրա ապագային»:

Ծառուկյանը կոչ արեց լսել բոլոր քաղաքական ուժերին, բայց ընտրություն կատարել խորը վերլուծությունից հետո ու սրտի թելադրանքով: Ներկայացնելով կուսակցության ծրագիրը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ փոքր եւ միջին բիզնեսը մեր տնտեսության ողնաշարն են, իսկ ժողովուրդը պետության ողնաշարն է, հետեւաբար պետք է ամուր պահել դրանք: Իսկ ամուր պահելու համար, ըստ ԲՀԿ առաջնորդի, մարդու համար պետք է   հարմարավետ՝ մատչելի հարկային դաշտով աշխատանքային պայմաններ ստեղծել ու հետագա վարչարարությամբ չխանգարել մարդուն իր աշխատանքում:

Ըստ Ծառուկյանի, սխալ է բյուջետային մուտքերը ապահովելը նախապես 3 ամսվա հարկահավաքությամբ: Խոսքը տաքսիների, վարսավիրանոցների եւ նմանատիպ բիզնեսների մասին է: Ըստ նրա, պետք է ամսական հարկեր հավաքել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աշխատանքով եւ ընտանիք պահել, եւ պետական հարկերը վճարել ու ավելորդ տոկոսների տակ չընկնել: Պետք է պետական սուբսիդիաներ տալ մանր ու միջին բիզնեսին: «Պաշտոնյան եթե մեկ շաբաթ հասարակ մարդու կյանքով ապրի, կհասկանա նրա խնդիրներ»,- ասաց Ծառուկյանը, հավելելով, որ երկրի ղեկավարները պետք է հաճախ շփվեն մարդկանց հետ, լսեն նրանց, «ձեռքը ուսներին դնեն ու փորձեն հասկանալ», որպեսզի կարողանան առկա խնդիրներին իրական լուծումներ առաջարկել: «Մարդը պետք է գիտակցի, որ իր ունեցվածքը իր հետ չի տանելու: Մարդը մահանում-գնում է, անուն ու հարգանք է թողնում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, ավելացնելով, որ պաշտոնյաները իրենց գործունեության առանցքում  դա պետք է ունենան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031