Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարմինը պճնամոլության կարիք չունի

Մայիս 02,2012 14:04

Չեխովն ասում էր, որ մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ դեմքը, հագուստը, հոգին, մտքերը… Ընդամենն այս պարզ նախադասությամբ մեծ գրողն ու գեղագետը աշխարհին ներկայացրեց գեղեցիկի իր ըմբռնումը, որում ամենեւին չեն կարեւորվում, ասենք՝ 175 սմ հասակը, գոտկատեղի եւ կրծքավանդակի չափերը կամ էլ ոտքերի երկարությունը: Գրականությունից, նկարչությունից ու ֆիլմերից դժվար չէ պատկերացնել տվյալ ժամանակաշրջանի գեղեցիկ մարդուն՝ մարդ արարածին ընդհանրապես եւ ոչ թե միայն կնոջը: Ինչ վերաբերում է կնոջ գեղեցկության չափանիշներին, սովորաբար հատկանշվում են հմայքը, նազանքը, կանացիությունը, որոնք այսօր ստորադասվում են սեքսուալ լինելուն. ֆիզիոլոգիական մի երեւույթի, որին անմասն չէ կենդանական աշխարհն ընդհանրապես:

Ամեն մարդ, ամեն իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, եւ եթե այն բռնազբոսիկ փոխադրվում կամ փոխակերպվում է ինչ-որ ուրիշ բանի, վեր է ածվում այլանդակության: Համապատասխանությունն իր նշանակությանը՝ յուրաքանչյուր գեղեցկության էությունն է, առանց որի գեղեցկություն չի լինում: Իսկ ինչո՞ւ էր իմ սիրելի գրողը գեղեցկության իր չափանիշները սկսում դեմքից: Այսօր գեղեցկության սրահներում գերակշռում են երիտասարդ հաճախորդները, որոնց տարիքն ինքնին գեղեցկություն է խորհրդանշում: Եվ սկսվում է ոտքից գլուխ արհեստական, շինծու գեղեցկության քանդակումը. դնովի եղունգներ՝ անտանելի նախշերով մագիլների տպավորությամբ, դնովի մազեր, այլմոլորակայիններ հիշեցնող հոնքերի դիզայն, դաջվածքներ… Հետո առավել ճարպիկներն ու լավ սիրած ունեցողները մասնակցում են տեսահոլովակների, գովազդային հոլովակների, շոուների նկարահանումների՝ չտարբերելով համարձակությունը հանդուգն ամբարտավանությունից, չանդրադառնալով, որ պատճենը երբեք նույնքան կատարյալ չի լինում, քան բնօրինակը: Դեմքը մարդու ամենաանկեղծ արտահայտիչն է, ի վերջո մարդուն ճանաչում ենք դեմքով, նրա ապրումներն ու ներաշխարհն արտացոլում ենք դիմանկարով, վերջապես մեր անձը հաստատող փաստաթղթերում փակցվում է մեր դեմք-լուսանկարը:

Այսօր քիչ չեն բազում գեղեցիկ մանրամասներով, իսկ ամբողջության մեջ անճաշակ մարդիկ, որոնց գետնասող բույսի նման, կեղծ պչրանքներով խեղդում է քաղքենիությունը: Ժամանակն է՝ ճանապարհ տալ այն շնորհալի նկարիչ-մոդելավորողներին, որոնց ստեղծած զգեստները միահյուսում են անցյալն ու ներկան՝ ազգայինը ապրեցնելով 21-րդ դարում՝ նորագույն լուծումներով: Մեր հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում կարեւոր է բացատրական աշխատանք տանել եւ ասել, որ հագուստը, թզենու տերեւից սկսած, կոչված է ծածկել մերկությունը՝ միաժամանակ ընդգծելով եւ խորհրդավոր դարձնելով մարմինը, այլ ոչ թե Աստծո ստեղծած մարմինը վերածել ինքնամատույց օբյեկտի: Մարմինը պճնամոլության կարիք չունի, այն բնական եւ բնատուր ֆիգուր է, որն արժանի է արտահայտված լինել նաեւ հագուստի միջոցով: Ի վերջո, հագուստը պետք է ոչ թե լավ երեւալու, այլ վատ չերեւալու համար:

Դառնալով հոգուն՝ նշենք, որ հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից (Քվազիմոդո), հարուստ ներաշխարհը իր փայլը հաղորդում է նաեւ մարմնին: Անիմաստ է այն գեղեցկությունը, եթե հոգիներ չի նվաճում: Գեղեցկությունն ընդամենը միջնորդ է մարդու հոգու խորքը թափանցելու համար: Ուշադիր նայեք բթամիտ, բայց որոշակի ստանդարտների համապատասխանող գեղեցկուհիներին, խորապես զննեք յուրաքանչյուրի գիծը, բացակա ժպիտը եւ հայացքը, եւ դուք կտեսնեք, թե ինչպես ձեր աչքի առաջ մարդկային գեղեցկությունը կվերածվի ապշեցնող դատարկության:

Եվ մտքերը…

Չնայած քչերն են իրենց մտքում վեր բարձրանում առօրեականից, եւ ավելի սակավ են նրանք, ովքեր համարձակվում են վարվել այնպես, ինչպես մտածում են, բայց եւ այնպես «միայն մի մտքով կարելի է լցնել տիեզերքի անընդգրկելի տարածությունները»:

ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031