Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յոթ լավագույններից ընտրվելու են չորս արժանիները

Մայիս 02,2012 14:03

Մինչ օլիմպիական մարզաձեւերի Հայաստանի մարզիկները վարկանիշային մրցաշարերում շարունակում են պայքարել ուղեգրերի համար, մեր ծանրորդները, որոնք աշխարհի վերջին երկու առաջնությունների հանրագումարով վաստակել են ամառային 30-րդ օլիմպիական խաղերի վեց վարկանիշ (չորս տղա եւ երկու աղջիկ), նախապատրաստվում են Լոնդոն մեկնելու իրավունքի համար:

Եթե աղջիկների հարցում ամեն բան հայտնի է (նրանց մասին կխոսենք առաջիկա համարներից մեկում), տղաների մեջ լուրջ մրցակցություն է: «Առավոտը» զրուցել է մեր տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի հետ:

– Օլիմպիական խաղերի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնում: Ներկայումս մեր ծանրորդներն ինչո՞վ են զբաղված:

– Ապրիլի 23-ից հերթական ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում Ծաղկաձորում: Այստեղ կլինենք մինչեւ մայիսի 5-ը: Փառք Աստծո, տղաները վնասվածքներ չունեն եւ աստիճանաբար բարձրացնում են մարզավիճակը:

– Ամե՞ն ինչ է հաշվի առնված, որպեսզի ծանրորդները հասցնեն լավագույն վիճակին հասնել օլիմպիադայի օրերին:

– Լուրջ վերլուծություն է կատարվել, ու մշակվել է հստակ կազմված ծրագիր: Մեր հաշվարկներով՝ մնացած օրերի ընթացքում տղաները պետք է որ իրենց պիկին հասնեն եւ Լոնդոնում կարողանան ցուցադրել իրենց հնարավորությունների առավելագույնը: Մնում է, որ այս ընթացքում անսպասելի անակնկալներ չլինեն:

– Հավաքներին քանի՞ ծանրորդ է մասնակցում:

– Յոթ. 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 77՝ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյան ու Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյան, 94՝ Նորայր Վարդանյան եւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյան: Բայց նրանցից միայն չորս հոգի է մեկնելու Լոնդոն:

– Մինչ նրանց վերջնական ընտրությանն անցնելը կարո՞ղ եք ասել, թե Նորայր Վարդանյանը, որ հայտավորված էր Եվրոպայի առաջնությունում, ինչո՞ւ դուրս մնաց հավաքականից:

– Այո, նա պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնությանը, սակայն վերջին մարզումների ժամանակ ուսի վնասվածքն իրեն զգացնել տվեց, եւ որոշեցինք նրան թողնել տանը: Այդպես ավելի ճիշտ էր: Ավելի լավ է այսօր մի մեդալ պակաս լինի, քան վտանգենք մարզիկի հետագա կարիերան: Իսկ Նորայրը կարող է պետք գալ օլիմպիական խաղերում:

– Ձեր թվարկած 7 ծանրորդներից յուրաքանչյուրի անունն էլ քաջ հայտնի է մարզասերներին, ու նրանցից յուրաքանչյուրն էլ իրեն արդեն դրսեւորել է ամենաբարձրակարգ մրցումներում: Լոնդոնի համար ընտրությունը ինչպե՞ս է կատարվելու, որպեսզի սխալմունք չլինի:

– Մինչ հարցին պատասխանելն ասեմ, որ եթե էլի արաժանավորներ լինեին, անկախ քանակից՝ բոլորին էլ ֆեդերացիան կհրավիրեր հավաքների: Սպորտում ցանկացած անակնկալ լինում է: Կոնկրետ մարզիկի կամ մարզիկների հետ մեծ հույսեր ես կապում, անում հնարավոր ամեն բան, բայց վնասվածք կամ հիվանդանալ կա, կամ ինչ-ինչ պատճառներով պլանավորած ժամանակահատվածում ակնկալվող մարզավիճակին չհասնել: Դրա համար էլ այս հավաքներին ընդգրկել ենք 7 հոգու: Հիշենք Պեկինի օլիմպիական խաղերից առաջ Մելինե Դալուզյանի հետ կատարվածը: Նա, որ հարյուր տոկոսանոց չեմպիոն էր, վերջին պահին առողջականի հետ կապված խնդիրներ ունեցավ: Իսկ հապշտապ նրան փոխարինելու հրավիրված Հռիփսիմե Խուրշուդյանը, չնայած իր բոլոր տվյալներին, լիարժեք պատրաստ չէր օլիմպիական մրցահարթակում արժանի պայքար մղելու:

– Իսկ ի՞նչ սկզբունքով են վերջնականապես որոշվելու չորս ամենաարժանավորները:

– Դեռ գրեթե երեք ամիս աշխատելու ժամանակ կա:  Այդ ընթացքում ծանրորդներն իրենց դրսեւորելու հնարավորություն կունենան:

– Քառյակի ընտրության վերջնաժամկետ կա՞, որից հետո արդեն ամբողջ ուշադրությունն ու բոլոր միջոցները տրամադրվելու են նրանց:

– Կարծում եմ՝ դա կլինի հունիսի 20-ից հետո:

– Իսկ Լոնդոնից ի՞նչ սպասելիքներ կան:

– Գուշակություններով չեմ զբաղվում: Ասեմ միայն, որ ովքեր էլ մեկնեն օլիմպիական խաղերի, պայքարելու են մեդալի համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031