Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ քանդակագործը մեջբերեց Միքելանջելոյին

Մայիս 02,2012 14:01

Քանդակը ծնվում է կավի մեջ, մահանում՝ գիպսի եւ վերածնվում նյութի մեջ

Ճանաչված քանդակագործ Համլետ Մատինյանի հետ «Առավոտի» հանդիպումն ունի մի քանի պատճառ. նախ՝ արվեստագետն առաջինն է աշխարհում, որ իրականացրել է մի քանի մտահղացումներ՝ քանդակել է ամուսնական մատանիներ (տեղադրված է Ախթալայում), դուդուկ (Վանաձորում), կերտել է նաեւ «Նարեկը» (Երեւանում): Վերջինիս առիթով մինչ օրս պտտվում են խոսակցություններ, թե Երեւանում Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի տեղը ավելի հարմար է «Նարեկին», որը 2010-ից հանգրվանել է Ավան թաղամասի Նարեկացի այգում: Հիմնադրման օրվանից ժողովուրդը այցելում է այգի՝ «Նարեկի» մոտ տեղադրված աղբյուրից սուրբ ջուր խմելու: Անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանի բնորոշմամբ՝ քանդակագործի «Դուդուկը» եւս համաշխարհային գործ է: Շուրջ 5 տարի առաջ ստեղծված այս քանդակի առիթով այսօր էլ չեն դադարում խոսակցությունները, թե ամերիկացիները ցանկություն են հայտնել այն տեղափոխել Հոլիվուդ: Երեք տարի առաջ Իտալիայի Ուդինե քաղաքում տեղադրված Մատինյանի «Նուռը»՝ նվիրված Եղեռնին ու հայ-իտալական բարեկամությանը, առիթ է հանդիսացել Ուդինեի եւ Դիլիջանի քույր- քաղաքներ դառնալուն:

Համլետ Մատինյանը հեղինակ է այլ ճանաչված հուշարձանների, այդ թվում՝ Վազգեն Ա կաթողիկոսի, Վիկտոր Համբարձումյանի, Կարեն Դեմիրճյանի, Խաչիկ Դաշտենցի: Դիտարկմանը, թե Հայաստանում հուշարձաններն ավելի մեծ թիվ են կազմում, քան, ասենք, դեկորատիվ, կոմպոզիցիոն այլ աշխատանքները եւ կա կարծիք, թե դա նշան է, որ մենք ժամանակակից կյանքով չենք ապրում, մեր զրուցակիցը համակարծիք լինելով՝ հայտնեց. «Մենք այն եզակի ժողովուրդներից ենք, որ չենք կորցնում մեր հիշողությունը՝ ինչպես մեր մեծերի, այնպես էլ մեր գլխով անցածի հետ կապված… Սեպտեմբերին էլ Վանաձորի բուսաբանական այգում կտեղադրեմ այլեւս երկնային կյանքով ապրող Լոռվա բնաշխարհի նկարիչների աշխատանքներով ստեղծածս հուշարձանը, որը կրելու է «Հավերժ վերնիսաժ» խորագիրը»: Վերջինս պետք է լինի շարունակական: Տպավորություն չստեղծվի, թե սա գերեզմանատուն է: Չէ՞ որ վանաձորցի հեռացած գործընկերներս մեծ ավանդ ունեն մեր մշակույթի զարգացման գործում…»: Համլետ Մատինյանը մոտ ժամանակներս իրականացվելիք մի աշխատանք էլ բացահայտեց. «Ժամանակին այգիներում նվագում էր փողային նվագախումբ… Եվ քանի որ դա այլեւս պատմություն է, ցանկություն ունեմ ծննդավայրումս նվագախմբի գործիքները քարացած ներկայացնել աթոռների վրա՝ առանց երաժիշտների»:

Քանդակի վերջնական տեսքի հետ կապված տարածված այն կարծիքին, թե ամեն ինչ չէ, որ քանդակագործից է կախված, մեր զրուցակիցը հիշեցրեց Միքելանջելոյի խոսքերը. «Քանդակը ծնվում է կավի մեջ, մահանում՝ գիպսի եւ վերածնվում նյութի մեջ»:

Հիշեցնելով Հարավ-արեւմտյան թաղամասում տեղադրված իր «Անհաղթ աքլորի» մասին, հարցրինք՝ ճի՞շտ է, որ երբ նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը եկել է այն դիտելու, խոնարհվող աքլորի դիմաց արվեստագետը քանդակել է 1 լումայանոց դրամ: Համլետ Մատինյանը հաստատեց ասածն ու ժպտալով մանրամասնեց. «Նախկին քաղաքապետին ասացի՝ թումանյանական անհաղթ աքլորը թագավորի աղբանոցից ոսկի էր գտնում, իսկ մեր ժամանակվա խեղճուկրակները լումա էլ չեն գտնում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031