Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենք՝ ցուցակներում ընդգրկված հանգուցյալներին պարտակելու համար

Մայիս 02,2012 13:57

Անցյալ համապետական (նախագահական) ընտրությունն անարդար էր, ինչի միջոցով զավթեցին իշխանությունը, անմեղ մարդկանց արյունը հեղեցին, եւ նկատում ենք, թե ինչի հասանք՝ երկրում համատարած աղքատություն է, կոռուպցիան ահագնել է, ժողովուրդն էլ հեռանում է իր սեփական երկրից: Ներկայումս ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում ՀԱԿ-ը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կազմավորել են ընտրությունները վերահսկող միասնական շտաբ:

Իմ պատկերացմամբ, այդ գաղափարն օգտակար է, իսկ բուն նպատակը ընտրակեղծիքների խափանումն է եւ որեւէ ներքին պայմանավորվածություններ չկան: Իմիջիայլոց, այդ խնդրի պահանջը զգացվում է, որովհետեւ ընտրական իրավունքի հարաբերությունները կարգավորող նորմերը (Քրեական օրենսգրքի 149-155. 5 պրիմ) անկատար են, թերի եւ անպետք, իսկ նոր Ընտրական օրենսգրքում զետեղվել են միտումնավոր խեղաթյուրումներ: Ստորեւ դիտարկենք այդ նորմերը:

Քրեական օրենսգրքի 150 հոդված՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծելը: Նորմը ժամանակին արտագրվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի նախկին 142 հոդվածից: 2003թ. ապրիլի 7-ի Ռուսաստանի Դաշնության օրենքով փոփոխվել է նորմի ողջ կառուցվածքը, առանձին խմբավորվել ընտրությունների եւ հանրաքվեի փաստաթղթերը կեղծելու եւ քվեարկության արդյունքները կեղծելու արարքները, հստակ մեկնաբանել դրանք եւ ընդլայնել ցանկը:

Մեզ մոտ ընդհանուր եւ վերացական դրույթներով հագեցված հնությունը (արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը եւ դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հագեցնելը, քվեատուփը հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը եւ այլն) դեռեւս կիրարկվում է, որտեղ բացակայում են քվեարկության արդյունքները կեղծելու արգելված արարքների ցանկը, փոխարենը շեշտադրված է, ինչպես նաեւ որեւէ եղանակով քվեարկության եւ հանրաքվեի արդյունքները կեղծելը:

Ավելի քան 15 տարի է՝ հանրապետությունում անցկացվող ընտրությունները կեղծվում են հետեւյալ մեթոդներով. ընտրողների մասին ներկայացվում են կանխահայտորեն սխալ տեղեկություններ, ընտրական ցուցակները կազմվում են սխալ, ըստ որում՝ ընդգրկում են ընտրելու իրավունք չունեցող անձանց, մոգոնած անձանց ու հանգուցյալների, ընտրական ցուցակներում կեղծում են ընտրողների ստորագրությունները, ընտրողի կողմից նշում կատարած իրական քվեաթերթիկները փոփոխում են, ընտրողի կամքը արտահայտած քվեաթերթիկը փչացնում են կամ անօրինական ոչնչացնում, ընտրությունների ընթացքում օգտագործվող քվեաթերթիկների մեջ խցկում են չսահմանված ձեւի քվեաթերթիկներ, «կարուսել» են պտտեցնում եւ այլն:

Հարց է ծագում. օրենսդիրն այս արարքները նորմում ինչո՞ւ չի զետեղում եւ հայտարարում պատժելի, ո՞ւմ է ձեռնտու եւ որքա՞ն է շարունակվելու նման ապօրինությունը: ՀԱԿ-ը այժմ վիճարկում է ընտրողների մասին ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ ընտրողների ցուցակում ընտրելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաեւ հնարովի անձանց ու հանգուցյալներին ընդգրկելու հարցերը, բերելով հավաստի ապացույցներ:

Հանցագործության մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հաղորդումը օրինական չեն հետաքննում, այլեւ հանցանքը որակում են անճշտություն:

Հանցագործություն է նաեւ ընտրական ցուցակում ընտրողների ստորագրությունը կեղծելու արարքը, մինչդեռ նորաթուխ ընտրական օրենսդրությամբ այդ հանցագործության բացահայտումը արգելափակվել է: Այսպես. օրենսգրքի 11 հոդվածում (ընտրությունների ցուցակների մատչելիությունը) ասված է. «Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաեւ ընտրողների ստորագրած ցուցակները ազատ են ծանոթության համար: Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարահանվում եւ տեսալուսանկարահանվում»:

Այս շեշտադրումներից տրամաբանական հարցեր են ծագում. եթե օրենքը անձին (ընտրողին) արգելում է նկատելու ընտրական ցուցակում իր անվան դիմաց ստորագրությունը եւ պատկան մարմիններին չի թույլատրում դատավարական գործողություններ իրականացնել, ապա ինչպե՞ս պետք է բացահայտել հանցագործությունը: Կամ՝ ինչպե՞ս պետք է պարզել, թե ցուցակներում ընդգրկված ընտրելու իրավունք չունեցող, հնարովի անձանց ու հանգուցյալների փոխարեն ընտրությունների գրանցումը իրականացնող հանձնաժողովի ո՞ր անդամն է ստորագրել (կեղծողին):

Նորմը աբսուրդ է եւ միջոց՝ ընտրական ցուցակները կանխամտածված սխալ կազմելու, այսինքն՝ ընտրական իրավունք չունեցող անձանց, մոգոնված անձանց եւ հանգուցյալներին ընդգրկելու հանցագործությունը պարտակելու համար:

Ընտրական օրենսդրությունը ծածկադմփոց է անում նաեւ քվեարկության ընթացքում օգտագործվող քվեաթերթիկների մեջ չսահմանված նմուշի քվեաթերթիկներ խցկելու արգելված արարքը:

Ըստ նորմի, այդպիսի քվեաթերթիկներ հայտնաբերելու պարագայում փաթեթավորվում են եւ անհապաղ մարվում, այնուհետեւ առանց պարկը դնելու ներկայացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին (Ընտրական օրենսգրքի 67 հոդված, 5-րդ մաս):

Հիշյալ հանցագործությունը նույնպես Քրեական օրենսգրքի 150 հոդվածում շեշտադրված չէ եւ նկատվում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն էլ անհապաղ մարում է չսահմանված նմուշի քվեաթերթիկները պատրաստողներին եւ քվեատուփը խցկողներին, այսինքն՝ այս հանցագործությունն առանց հետաքննելու պարտակում են նման մեթոդով:

Ահա սրանք են մեր երկրի օրենքները, որոնցով առաջնորդվում ենք եւ ընտրում օրենսդիր իշխանություն: Ձեռքի հետ էլ քարոզում ենք զինված:

Եթե Ֆրանսիայում նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին կամ Ֆրանսուա Օվալդը քարոզչությունը կատարեին թվանքով, այնուհետեւ ստեին, որ թվանքը բջջային հեռախոսն է, ապա այդ պահից նրանց քաղաքական կարիերան ավարտված կլիներ: Մեր բարքերն էլ այդ են, միգուցե դրդապատճառներ կան: Հավատանք, որ փոխենք:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031