Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարեւանը հարեւանին օր ու արեւ չի տալիս

Մայիս 02,2012 13:56

Այս անպիտան մեքենաները տարին 12 ամիս փակում են հարեւանի լույսը:

Արցախի 2-րդ նրբանցքի 3-րդ հասցեում գտնվող Վերգուշ Գալստյանի պատուհանի տակ տեղակայված 2 անպետք ավտոմեքենաները փակում են բնակարան ներթափանցող արեւի լույսը:

Գալստյանների ընտանիքը, որը 2001 թվականից բնակվում է նշված հասցեում, չի կարողանում հանգստություն գտնել իր նոր բնակարանում: Տարիներ շարունակ այն «կռվախնձոր» է եղել երկու հարեւանների միջեւ: Վերգուշ Գալստյանի խոսքերով, նրանց դրկիցները՝ 2-րդ նրբանցքի 1-ին տան բնակիչները, ամեն ինչ անում են, որպեսզի վտարեն իրենց հարեւաններին:

«2001 թվականին Սարի թաղի մեր հին տունը վաճառեցինք պարտքերի պատճառով, տեղափոխվեցինք նոր բնակարան: Երբեք չէի պատկերացնի, թե ինչ խոչընդոտների առջեւ ենք կանգնելու: Այս տունն ընտանիքիս համար դարձավ իսկական պատուհաս: Մեր հարեւաններն առաջին օրվանից շատ անքաղաքավարի եւ անբարյացակամ գտնվեցին մեր հանդեպ: Բերեցին մի հատ ջարդած մեքենա կանգնեցրին հենց մեր մուտքի առաջ, որպեսզի չկարողանանք գնալ-գալ: Մի կերպ ներս մտանք: Սկզբում չգիտեինք, թե ինչն է պատճառը»,-մեզ հետ զրույցում պատմեց Վերգուշ Գալստյանը:

Հարեւանների անբարյացակամ վերաբերմունքի պատճառը, ըստ Գալստյանների, գալիս է դեռ նրանց տան նախկին տիրոջից.

«Պարզվում է՝ այս տան վրա մեր հարեւաններն աչք են ունեցել, բայց մեր նախկին տանտերը չի ցանկացել նրանց վաճառել»: Հարեւանի հետ ամենօրյա տհաճ վեճերից խուսափելու համար, Գալստյանները փորձել են բնակարանը հետ վերադարձնել նախկին տիրոջը, բայց չի հաջողվել: Սակայն երբ հենց իրենց ներկայիս հարեւաններին են տունն առաջարկել գնել, այնքան գումարով, որքան գնել են, վերջիններս չեն համաձայնել, տիկին Վերգուշի խոսքերով՝ դեռ մի բան էլ սպառնացել են այնպես անել, որ «մեր կամքով թողնենք-փախչենք այս տնից»:

«Հինգերորդ տարին է՝ երկրորդ ջարդած մեքենան են կանգնեցրել մեր պատուհանի տակ: Այս տարվա առատ ձյունը լցվելով այդ մեքենաների վրա՝ ամբողջովին փակել էր մեր պատուհանը: Այնքան մութ էր ցերեկը լինում մեր սենյակում, որ առանց էլեկտրական լույսի իրար չէինք տեսնում: Իսկ ամռանը, երբ ուզում ենք պատուհան բացել, հանկարծ հիշում են, որ այդ չօգտագործվող մեքենաները պետք է լվանալ: Ջուրը դիտավորյալ այնպես են պահում, որ մեր պատուհանից ներս է լցվում: Քանի անգամ խնդրել ենք՝ դրանք մի փոքր հեռու կանգնեցնեն, բայց անօգուտ: Մեզ կռվի են հրահրում ամեն չնչին առիթով»,- պատմում էր տանտիկինը: «Մեր պատուհանի տակ կա նաեւ մի հինավուրց թթենի, որի ճյուղերը փակում են պատուհանից ներս թափանցող լույսը: Երբ ուզում ենք թեթեւացնել ծառի ճյուղերը, պատերազմ են անում: Բողոքում ենք համապատասխան մարմիններին, նրանք էլ ոչ մի լուծում չեն տալիս. գալիս՝ անօգուտ բանակցում կողմերի հետ, գործը թողնում անփոփոխ ու գնում»,- անվերջ կռիվներից հոգնած պատմում են Գալստյանները: Վերջին անգամ Վերգուշ Գալստյանն ավտոմեքենաների տեղահանման խնդրանքով Էրեբունի վարչական շրջան է դիմել 2008 թվականին: Կոմունալ կենսապահովման եւ բարեկարգման բաժնի պետ Ս. Ասլիկյանը տվել է հերթական գրավոր պատասխանը, այն է՝ հողատարածքը, որտեղ կանգնեցված են այդ ավտոմեքենաները, պետական է, ոչ մեկին չի պատկանում եւ ոչ ոք տնօրինելու իրավունք չունի: Սակայն պետական հողն այդ մեքենաներից ազատագրելու ուղղությամբ որեւէ մարմին ոչինչ չի ձեռնարկում: Քաղաքացիական օրենսգրքով արգելվում է ուրիշի պատուհանի տակ տեղադրել այնպիսի իր, ինչը կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ քաղաքացու համար: Ավելին՝ շարժական կամ անշարժ գույք տեղադրող հարեւանը պարտադիր պետք է ստանա իր դրկիցի համաձայնությունը: Էրեբունի վարչական շրջանի կոմունալ կենսապահովման եւ բարեկարգման ներկայիս բաժնի պետ Էդուարդ Ենոքյանը խնդրի առնչությամբ «Առավոտին» հայտնեց, որ Զաքեյանների կողմից այդ ավտոմեքենաներն ինքնակամ չտեղափոխվելու դեպքում, վարչական շրջանի համապատասխան մարմինները հանձն կառնեն այդ գործը: «Հիմա շատ բան է փոխվել. թաղապետն ինքը շատ լուրջ է վերաբերվում այն հարցերին, որոնք ապօրինի են եւ օրենքի շրջանակներից դուրս: Ես խոստանում եմ, որ շտապ այդ հարցին լուծում կտրվի, ավտոմեքենաները կհանվեն այդ տարածքից»,- ասաց Է. Ենոքյանը: Շուրջ մեկ շաբաթ է անցել մեր զրույցից, իսկ մեքենաները դեռ նույն տեղում են:

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031