Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի հեշտ է բնակիչներին տարհանել, քան այդքան հարցերը լուծել

Մայիս 02,2012 13:54

Երեւանի ՋԷԿ-ի մոտակայքի թաղամասի բնակիչները թունավոր օդ են շնչում

Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ մեզանում խնդիրները կարգավորվում են շուկայական տնտեսության օրենքներով: Եթե զարգացած երկրների պարագայում դա ի շահ քաղաքացու է, ապա մեր դեպքում դրանից հատկապես հասարակ մարդն է վնասներ կրում: Երեւանի ՋԷԿ-ի մոտակայքի թաղամասի բնակիչները, որոնք թվով 400-ն են, խորհրդային կարգերի փլուզումից հետո զրկվեցին բնակարան ստանալու հնարավորությունից: Իսկ հայկական պետությունից բնակարան ստանալու ոչ մի ակնկալիք չունենալով՝ հույս էին փայփայում, որ հայրենի իշխանությունները գոնե կսատարեն իրենց բնականոն ապրելակերպի պահպանմանը: Բանն այն է, որ նրանց մոտակայքում գտնվող Մաքուր երկաթի գործարանը (ՄԵԳ) տասնամյակներով վնասակար գազ ու ծուխ է արտանետում շրջակա միջավայր՝ առաջ բերելով մերձակայքում ապրողների արդարացի զայրույթը: Նշենք, որ ձեռնարկությունը վաղուց չի զբաղվում երկաթի վերամշակմամբ եւ այժմ արտադրում է մոլիբդենի խտանյութ:

Իսկ բնակիչների մեջ, ինչպես Երեւանի բոլոր թաղամասերում, կան ուժասպառ տարեցներ, մանուկներ ու ծննդկաններ: Ամեն օր նրանց գլխավերեւում գործարանից արտանետվող վնասակար գազի ու ծխի դեղին-վարդագույն ամպեր են գոյանում:

Եվ միշտ այսպես, տարին տասներկու ամիս: Բնակիչների խոսքերով, այդ ամենի հետեւանքով իրենք տառապում են անքնությամբ ու գլխացավով:

Ամեն անգամ, երբ ՋԷԿ-ի հարեւանությամբ ապրող մարդկանց բողոքների ու անհանգստությունների մասին դիմումի տեսքով գրավոր տեղեկացրել եմ բնապահպանության նախարարին, ինչպես նաեւ կառույցի այլ օղակներին, պատասխանել են, որ՝ «Արտանետումը նախարարության կողմից հաստատված չափաքանակի սահմաններում է» (05.08.2011թ.): Մեկ այլ անգամ էլ գրել էին, թե՝ գործարանի հարակից տարածքներում կատարել են «գազերի ֆոնային խտության մոնիթորինգ… ֆոնային խտությունը եղել է թույլատրելի սահմաններում» (25.07.2011 թ.): Անորոշ ու անհասկանալի այս պատասխանը քիչ բան է իրազեկում բնապահպանական իրավի-ճակի մասին, մանավանդ որ՝ դեղնավարդագույն արտանետումները բացահայտ տեսնում եւ իրենց մաշկի վրա զգում են բնակիչները: Նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանն էլ պատասխանել էր, որ՝ այս դիտարկումը կատարում է նախարարության ենթակայությամբ գործող «Շրջակա միջավայրի դիտարկման ՊՈԱԿ-ը»: Պատասխանի մեջ նաեւ նշվում է, թե արտանետումների վնասակարությունը թույլատրելի է նախարարության կողմից «հաստատված չափաքանակի սահմաններում»: Սակայն, թե ի՞նչ թունավոր նյութեր են արտանետվում եւ ի՞նչ հարաբերակցությամբ՝ պատասխան չկա:

Մի կարեւոր հանգամանք եւս: Արտանետումների վնասակարությունը կանխելու նպատակով օգտակար առաջարկ էր արել նախարարության նախկին վարչության պետ Արամ Գաբրիելյանը: Արտանետումների վնասակարությունն, ըստ նրա, ստույգ որոշելու համար կարելի է ՄԵԳ-ի մոտակայքում տեղակայել «պասիվ ամպլեր» կոչվող սարքեր: Առաջարկը հավանության է արժանացել: Բայց կյանքի չի կոչվել: Փոխարենը գերադասեցին ստուգումները շարունակել Երեւանի Կոմիտասի եւ Էրեբունի թաղամասերում տեղակայված սարքերի միջոցով, որոնք այդքան հեռու են ՄԵԳ-ից: Սակայն դրանցով այդքան էլ հնարավոր չէ հուսալիորեն ստուգել թունավորումների վտանգավորության աստիճանը:

Թաղամասի 8-րդ շենքի բնակիչները բնապահպանության նախարարին խնդրել են գիշերային այցելության ուղարկել բնապահպանների մի խումբ՝ նշյալ տարածքներում ստուգելու բնապահպանական իրավիճակը: Նախարարը համաձայնել էր, սակայն տեսուչներն այդպես էլ չկատարեցին նախարարի կարգադրությունը: Որ տեսուչ-բնապահպանները չհարգեցին նախարարի հանձնարարությունը, դա նրանց ներքին խնդիրներն են, սակայն ինչու այդ թաղամասի մարդիկ պիտի դառնան նրանց կամայականության զոհ:

Սակայն բնակիչների վատթար օրերը դեռ առջեւում են: Բանն այն է, որ շուտով Արցախից փոխադրվելիք ածուխով պետք է գործարկվի Երեւանի հին ՋԷԿ-ը: Իսկ եթե ՄԵԳ-ի արտանետումներին գումարվեն ածուխից գոյացող եւ այլեւայլ գազերը, ապա թաղամասը պարզապես կհայտնվի դժոխային վիճակում: Էլ չենք խոսում այն մասին, որ վնասակար գազ ու ծուխ են արտանետում մոտակայքի ասֆալտի եւ գերմանական մետալուրգիական գործարանները:

«Նաիրիտ» գործարանի թթվածնի արտադրամասի ու հին ՋԷԿ-ի սարքավորումների ֆիզիկական մաշվածության պատճառով էլ առաջացող պայթյուն-ոռնոցները տարին կլոր սղոցում են այստեղի մարդկանց նյարդերը: ՀՀ կառավարության համար ավելի հեշտ է բնակիչներին տարհանել եւ մեկ այլ տեղ բնակեցնել, քան այդքան հարցերը լուծել:

ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031