Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրականությանը պետք է նայել բաց աչքերով

Մայիս 02,2012 13:51

Հարցազրույց Գագիկ Ծառուկյանի հետ

– Քարոզարշավը մոտենում է ավարտին. գո՞հ եք նրա ընթացքից եւ արդյունքներից:

– «Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավի փուլ մտավ լուրջ նախապատրաստական աշխատանքներից հետո: Դեռ անցած տարվա գարնանից ես սկսեցի աշխատանքային հանդիպումների մի մեծ շարք հասարակության տարբեր խավերի, այդ թվում՝ փոքր ու միջին բիզնեսի, գիտության, կրթության, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, երիտասարդ գիտնականների ներկայացուցիչների եւ սոցիալական այլ խմբերի հետ։ Բոլոր այդ հանդիպումների ժամանակ իմ կողմից հնչեցվել է մեկ սկզբունք. «Ձեր խնդիրների մասին ձեզնից լավ ոչ ոք չգիտի: Ձեւակերպեք, դասակարգեք խնդիրները: Ես պատրաստ եմ դրանք քննարկելուց հետո ներառել ԲՀԿ ծրագրում, ինչպես նաեւ ձեզ ներգրավել այդ խնդիրների լուծման աշխատանքներում»: Այդ հանդիպումներից հետո ձեւավորվեցին աշխատանքային խմբեր, որոնք հսկայական գործ կատարեցին: «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն այդ քննարկումների, հանդիպումների, աշխատանքային խմբերի գործունեության արդյունքն է:  Նաեւ դա է պատճառը, որ մեր ծրագիրն իրատեսական փաստաթուղթ է, որը կոչված է լուծելու իրական սոցիալական խմբերի իրական խնդիրները: Այդ ծրագիրը փորձաքննություն  է անցել նաեւ հեղինակավոր միջազգային կառույցների մասնագետների կողմից: Ծրագիրը կազմելուց հետո սկսեցինք ձեւավորել քաղաքական թիմը, որը կկարողանա պատշաճ կերպով հանրությանը ներկայացնել մեր ծրագիրը: Ահա այսպես մենք մտանք քարոզարշավի փուլ՝ հստակ պահպանելով մի քանի սկզբունք՝ մեր խնդիրը սեփական ծրագիրը ներկայացնելն է, մեր խնդիրը ժողովրդի ձայնը լսելն է, եւ մենք խստիվ կերպով պահպանելու ենք քաղաքական կոռեկտության կանոնները:

– Արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Ըստ Ձեզ՝ որո՞նք են հիմնական պատճառները:

– Երկրի տնտեսության վիճակը, մարդկանց սոցիալական վիճակը, արդարության պակասը եւ, իհարկե, հեռանկարի բացակայությունը: Մարդիկ գնում են, որովհետեւ չեն կարողանում այստեղ ապրել, չեն կարողանում իրենց բիզնեսը պահել, իրենց ընտանիքների համար նվազագույն բարեկեցություն ապահովել: Մինչդեռ կա մեկ պարզ ճշմարտություն՝ մարդկանց պետք է տրվի հավասար հնարավորություն՝ առաջ գնալու, զարգանալու՝ իրենց կարողություններին ու ունակություններին համապատասխան:

– Ինչպե՞ս կանգնեցնել արտագաղթը եւ ինչպե՞ս վերադարձնել մեր հայրենակիցներին:

– Դրա համար պետք է երկրում իրականացնել քաղաքական, տնտեսական լրջագույն բարեփոխումներ: Սնամեջ  հայրենասիրական կոչերով ու ճառերով այդ հարցը չի լուծվելու:

– ԲՀԿ համագումարը կարծես թե այն բեկումնային պահն էր, որից սկսվեցին նոր քաղաքական գործընթացները:

– Իրականում ԲՀԿ համագումարում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:  Մեծ հաշվով կար երկու ճանապարհ՝ կա՛մ անտեսել իրականությունը, կա՛մ իրականությանը նայել բաց աչքերով: Մենք ընտրեցինք երկրորդ ճանապարհը:

– Թեեւ Դուք ասում եք, որ հավատարիմ եք քաղաքական կոռեկտության նորմերին, սակայն Ձեր դեմ, այնուամենայնիվ, կիրառվեց սեւ հակաքարոզչություն:

– Խնդիր չկա: Ուժեղը միշտ պետք է զիջող լինի: Ի վերջո, կա հայտնի մի ճշմարտություն՝ միշտ էլ փորձում են թիրախ դարձնել ուժեղին եւ հզորին։

– Վերջերս Գյումրիում սպանություն տեղի ունեցավ, եւ այդ ողբերգական իրադարձությունը փորձ են անում օգտագործել ԲՀԿ-ի դեմ, ի՞նչ կասեք այդ մասին:

– Կարծում եմ, որ այդ խնդրի շուրջ սպառիչ մեկնաբանություն տվել է ոստիկանապետը, ուստի ցանկացած շահարկում մեր կողմից կարժանանա խիստ գնահատականի: Կուզեմ, որ իմ այս խոսքերը ամենայն լրջությամբ ընկալվեն Գյումրիում:

– Շատ են խոսում ԲՀԿ-ՀԱԿ-Դաշնակցություն հնարավոր ձեւավորվելիք դաշինքի մասին: Ի՞նչ եք կարծում՝ նման դաշինք հնարավո՞ր է:

– Ես զարմանում եմ մեր շատ հարգարժան մի շարք քաղաքագետների եւ լրագրողների վրա, որոնք հետեւողականորեն արծարծում են այս խնդիրը՝ կապված միասնական շտաբի աշխատանքների ձեւավորման շուրջ: 20 տարի Հայաստանում խոսում են ազատ, արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Եվ կարծես թե մեր հասարակության մեծ մասը դժգոհ է այսօրվա իրավիճակից: Մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն, միասին ստեղծել են միասնական շտաբ՝ գալիք ընտրությունների պատշաճ վերահսկման համար: Ի՞նչ վատ բան կա այստեղ: Նույն այդ քաղաքագետներն ու լրագրողները, խմբագիրները, ովքեր 20 տարի խոսում են ազատ ընտրությունների անցկացման մասին, նույն այդ մարդիկ այսօր զարմացած են, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են համագործակցել այս լրջագույն խնդրի շուրջ: Եվ փոխանակ սույն փաստը դրական արձագանքի արժանանա, որոշները ինչ-ինչ հակասություններ են փորձում  գտնել տարբեր քաղաքական ուժերի միջեւ: Եվ այստեղ ակամա հարց է առաջանում՝ իսկ արդյոք ոմանք իրապե՞ս անկեղծ են ազատ, արդար ընտրության պահանջի իրենց հայտարարություններում։ Կարծում եմ, որ հենց այս խնդիրն է, որ առաջին հերթին պետք է հուզի մեր հասարակությանը, մեր ողջ ժողովրդին: Եվ կարծում եմ՝ ավելորդ չէ նշել, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու գաղափարը այսօր միավորում է երկրի բոլոր առողջ ուժերին՝ անկախ նրանց գաղափարական եւ քաղաքական ուղղվածություններից: Քանզի դա մեր ժողովրդի պահանջն է, եւ դա է այսօր պահանջում նաեւ  մեր երկրի պետական շահը:

– Հենց առաջին հանդիպման ժամանակ Դուք հայտարարեցիք, որ պատրաստ եք կորցնել շատ բան՝ բացի ժողովրդի վստահությունից: Դուք այսօր ե՞ւս պնդում եք Ձեր այդ ձեւակերպումը:

– Դա այն ձեւակերպումն է, որն առանց լրջորեն կշռադատելու չես անի: Սա հուզական ձեւակերպում չէ: Այո, ես պատրաստ եմ շատ կորուստներ կրել, բայց ես չեմ կորցնելու այն ահռելի վստահության ռեսուրսը, որ կա իմ ու իմ թիմակիցների հանդեպ: Երբ հարյուր հազարավոր մարդիկ քո խոսքին, քո գործին են սպասում ու քեզ հավատում են, իրենց փրկության հույսը քո ու քո թիմի մեջ են տեսնում՝ դրանից ավելի թանկ ու կարեւոր ի՞նչ կա: Հավատացնում եմ ձեզ՝ ոչինչ:

– Քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում են, ի վերջո, իշխանության հասնելու համար: Դուք պարբերաբար հայտարարում եք, որ անձամբ Ձեզ ոչինչ պետք չէ:

– Այսօր էլ հայտարարում եմ նույնը: Անձամբ ինձ ոչինչ պետք չէ: Ես չեմ ուզում պաշտոն, աթոռ, արտոնություններ եւ այլն: Ավելին՝ ես չեմ հայտարարում, որ ԲՀԿ-ն միայնակ  պետք է իշխանություն կազմի: ԲՀԿ-ն պատրաստ է վերցնել ցանկացած բեռ եւ պատասխանատվություն: Միեւնույն ժամանակ ես հայտարարել եմ, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից: Դրա համար մենք առաջ ենք քաշել լայն համախմբման, իրական կոնսոլիդացիայի գաղափարը:

– Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն առաջին տեղում է: Մի կողմից՝ դա գոհունակություն է առաջացնում, մյուս կողմից՝ լրացուցիչ ճնշումներ են: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս վիճակը:

– Բարձր վարկանիշը նվեր չէ: Բարձր վարկանիշը մի կողմից՝ տեւական աշխատանքի արդյունք է, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն:  Միաժամանակ մենք նաեւ հասկանում ենք, որ ինչպիսին էլ լինի ԲՀԿ-ի վարկանիշը, նորից եմ ուզում կրկնել՝ առանց լայն կոնսոլիդացիայի երկրում որեւէ լուրջ խնդիր հնարավոր չի լինի լուծել:

– Ինչպիսի՞ պետության  կառուցման է  փորձելու  ձգտել ԲՀԿ-ն:

– Պետություն, որտեղ չեն լինի քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներ: Բոլոր ոլորտներում կլինեն մրցակցային պայմաններ, նորմալ բիզնես միջավայր, որտեղ փոքր բիզնեսը իր աշխատասիրության եւ ունակությունների շնորհիվ կկարողանա ամրանալ ու ծավալվել: Մենք պետք  է ունենանք այն նոր Հայաստանը, որտեղ աշխատող մարդը աղքատ չի լինի,  որտեղ աշխատող մարդուն չեն խանգարի: Մենք ապրում ենք շատ ծանր տարածաշրջանում ու պարտավոր ենք ունենալ պետություն, որտեղից մարդիկ չեն ձգտի հեռանալ, իսկ հեռացածները կամաց-կամաց  կվերադառնան:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031