«Մի քանի ամիս առաջ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմութան նախաձեռնությունը մերժելիս իշխանությունը որպես հիմնական փաստարկ ներկայացնում էր այն, որ այդպիսով ոտնահարվում են այն անձանց իրավունքները, ովքեր չլինելով որեւէ կուսակցության անդամ՝ ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրությունների: Այս ընտրություններում ես եւ գոնե մեր մի քանի գործընկեր թեկնածուներն այն քաղաքացու օրինակն ենք, ում հղում անելով՝ ՀՀ իշխանությունը մերժեց այդ նախաձեռնությունը: Հիմա թող իշխանությունն ապացուցի, որ մեծամասնական ընտրակարգը պաշտպանում էր մարդու իրավունքները չոտնահարելու մղումով»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները գոնե այդ ընտրատարածքում անում են ճիշտ հակառակը՝ իրենց թեկնածուին անցկացնելու համար կիրառելով բոլոր հնարավոր մեթոդները՝ ընտրակաշառք, ահաբեկումներ եւ այլն: «Սակայն ընտրողները, հատկապես Արաբկիրի ընտրողները, ամեն ինչ շատ լավ հասկանում են, եւ վստահ եմ՝ թույլ չեն տալու, որ այս անգամ իշխանությունն իրենց ձայնին վերաբերվի որպես 5 կամ 10 հազար դրամով վաճառվող ապրանքի: Ես որպես թեկնածու ամեն կերպ պայքարելու եմ իշխանության կողմից քաղաքացու արժեզրկման, արժանապատվության ոտնահարման դեմ»,- ասում է Ս. Սեյրանյանը՝ պարզաբանելով, որ խոսքը ոչ թե ընտրակաշառքի գումարի չափի, այլ քաղաքացու՝ որպես իշխանության կրողի արժեզրկման մասին է:
Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա համարում
«Առավոտ» օրաթերթ