Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ն շատ ուժեղ ընդդիմություն կլինի»

Մայիս 02,2012 13:44

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հարցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընտրություններից հետո դառնալ ընդդիմություն՝ պատասխանեց. «Դա մի տեսակ երազային է թվում: Ցանկացած քաղաքական ուժ նախեւառաջ ընդդիմություն է, նրանք, ովքեր իշխանություն չեն՝ ընդդիմություն են, ովքեր ընդդիմություն են՝ իշխանություն չեն: Չնայած ՀՀԿ-ն շատ ուժեղ ընդդիմություն կլինի»: Երբ լրագրողները ճշտեցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է այսինքն ՕԵԿ-ին ընդդիմանալ՝ նա պատասխանեց. «Քաղաքական դաշտում մշտապես բարեկամներ ու թշնամիներ չեն լինում, պահ  է եկել՝ մենք ընդդիմացել ենք ՕԵԿ-ին»:

ՀՀԿ քարոզարշավներին դպրոցները կաթվածահար անելու լուրը պարոն Սահակյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի կարող լինել: Ըստ նրա, երեխաների մոտ պարզապես մեծ հետաքրքրություն է լինում, երբ նախագահն է  հանդես գալիս. «Չկա քարոզարշավ, որտեղ երեխաներ չլինեն: Մանավանդ գյուղական միջավայրում ի՞նչ է լինում»: Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե հրապարակենք Ձեր խոսքերը, հասարակության մի ստվար զանգված սուտ խոսելու համար կհիասթափվի Ձեզանից, որովհետեւ դպրոցներում շատերն ունեն երեխաներ՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Այն, ինչ խոսում ենք, գիտենք, որ կհրապարակվի: Ի՞նչ տարբերություն՝ մեր միտինգները 10 հազար կլինե՞ն, թե՞ 5  հազար: Հնարավոր չի, որ ստիպողաբար մարդկանց բերես միտինգների, մանավանդ որ միտինգների մեծ մասը դասերից հետո է լինում»:

Ինչու վարչապետը չի լինում ՀՀԿ քարոզարշավներին՝պարոն Սահակյանն այսպես բացատրեց. «Տրամաբանորեն ակտիվությունը տեսանելի չէ այն առումով, որ չօգտվեցինք հեռուստատեսության, մամուլի ծառայություններից, մի վիճակ ստեղծեցինք, որպեսզի հակադարձումներ չլինեն: Յուրաքանչյուր քաղաքական լիդեր ինքը պետք է իր պաշտոնական դիրքորոշումը ներկայացնի»: Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ այնպես չի, որ վարչապետին մեկուսացրել են քարոզարշավից. «Իշխանական կառույցը մի բան է, կուսակցական կառույցը մի այլ բան: Վարչապետն իր գործառույթն ունի եւ պարկեշտորեն կատարում է այն, կուսակցությունը բավականին արդյունավետ է համարում իր գործունեությունը»:

Լյովա Խաչատրյանն ասել էր, որ ՀՀ նախագահը ոչ մեկին չի վստահում, դրա համար է ընտրարշավների գնում միայնակ: Այս առնչությամբ պարոն Սահակյանը պատասխանեց. «Խորհուրդ կտայի Խաչատրյանին իր քարոզարշավը ճիշտ կատարել, մեկնությունները տեղին չեն մեր նկատմամբ եւ ոչ ժամանակին: Լյովա Խաչատրյանն անկախ պատգամավոր է»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Ձեր կարծիքով ժողովրդի խելքը գնո՞ւմ է ՀՀԿ-ի համար՝ պարոն Սահակյանը պատասխանեց, որ ժողովուրդը պարտավոր չէ սիրել, սիրահարվել. «Դու ինքդ պետք է սիրես սեփական ժողովրդին, սա է քաղաքական ֆորմատը: Անհատ մարդը, ժողովուրդը պարտավոր չէ սիրել: Քաղաքականությունն ավելի լուրջ գործ է, քան սերն ու լիրիկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031