Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակ առաջընթաց

Մայիս 02,2012 13:41

«Ֆրիդոմ հաուս» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դարձյալ եկել է եզրակացության, որ Հայաստանը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցողների շարքին: Չգիտեմ, թե ինչ չափանիշներով է նման գնահատականը տրվում: Բայց որքան  կարող եմ հետեւել Թուրքիայի եւ Վրաստանի լրատվամիջոցներին (որտեղ մամուլը մասնակիորեն ազատ է), ես, ճիշտն ասած, չեմ նկատում, որ մենք այս պահին շեշտակիորեն զիջում ենք հարեւաններին: Իհարկե, իմ դիտարկումները գուցեեւ սիրողական են, բայց այս պահին ես, օրինակ, չեմ տեսնում, որ որեւէ հեռուստաընկերությունում սահմանափակում կա որեւէ ընդդիմադիր կարծիք հնչեցնելու: Դուք կասեք, որ դա եվրոպացիների նախընտրական մոնիտորինգի պատճառով է: Իհարկե, այդպես է, բայց 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ անց էր կացվում նույն մշտադիտարկումը, եւ «պատասխանատու» եթերով, այսպես կոչված, «խմբագրական լուսաբանումներում» ընդդիմության հասցեին հնչում էին պիտակավորումներ, որակումներ, այդ թվում՝ Իսրայելի դրոշի եւ հուդամասոնական դավադրության թեմաներով: Այո, «Ա1+»-ը հիմա էլ  եթերում չէ, եւ դա ներկայիս իշխանության խոշոր բացթողումներից մեկն է: Բայց չնկատել որոշակի «սահմանափակ առաջընթաց» (Արեւմուտքում ընդունված եզրաբանությամբ), ինձ թվում է, արդար չէ: Ի դեպ, այդ առաջընթացը կամրագրվեր նաեւ նրանով, որ ընտրություններից հետո նույնպես, անկախ դրանց ելքից, որոշում ընդունողները հասկանան, որ ընդդիմադիրների՝ եթերում հայտնվելուց աշխարհը փուլ չի գալու:

Այդ նույն «սահմանափակ առաջընթացի» դրսեւորումն է ՀՀ նախագահի միջամտությունը Մաշտոցի պուրակի խնդրին: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ երկրի ղեկավարը նման հարցերին չխառնվեր, եւ խնդիրը լուծվեր իրավական դաշտում՝ չի կարելի կենտրոնական պուրակում «բուդկեք» կառուցել՝ եւ վերջ: Ճիշտ նույն ձեւով, ավելի լավ կլիներ, որ քաղբանտարկյալներին ոչ թե նախագահը ներում շնորհեր, այլ նրանք արդարացվեին՝ չի կարելի մարդկանց դատապարտել քաղաքական հայացքներ արտահայտելու համար: Բայց մեր պետական համակարգի, մեղմ ասած, արատները ստիպում են, որ խնդիրները լուծվեն վերեւից, այլ ոչ թե նորմալ, իրավական ճանապարհով: Բոլոր դեպքերում կարեւորն, ի վերջո, արդյունքն է. Մաշտոցի պուրակում տաղավարներ չեն լինելու:

Սերժ Սարգսյանի արածը նախընտրական «փիա՞ռ» է: Շատ հնարավոր է: Բայց դուք պատկերացրեք, որ նախորդ նախագահին PR-ի լավագույն եւ աշխարհում ամենաճանաչված մասնագետը խորհուրդ տար՝ գնալ նման քայլի: Որտե՞ղ էր Ռոբերտ Քոչարյանը այդ PR-շիկին ուղարկելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031