«Չեմ կիսում ընդդիմության կարծիքը, որ համատարած ահաբեկումներ կան: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը Սյունիքում ասաց, որ բոլոր ընտրարշավներից ես այսպիսի բազմամարդ հանդիպում ընտրողների հետ դեռ չէի տեսել: Եվ դա այն դեպքում, որ Սյունիքում ավելի կասկածելի էր մարդկանց գալը հանդիպման, բայց մնացած մարզերում էլ շատ քաղաքակիրթ վերաբերմունք է եղել: Եվ հետո, եթե մարդիկ տարբեր խոչընդոտներ հաղթահարելով, տաքսիներով կամ ոտքով գալիս են Ազատության հրաարակ հանրահավաքների եւ այլն, ի՞նչն էր խանգարում նրանց, որ մարզերում գնային այդ հանդիպումներին: Ես չեմ ընդունում էդ վախի մասին պնդումները»,- այսօր հայտարարեց «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը: Նա նաեւ հավելեց.«Ապրիլի 8-ից մինչեւ այսօր կատարվածը չես կարող համեմատել նախորդ քարոզարշավների հետ, երբ շատ բիրտ վերաբերմունք կար, իշխանությունները ոչ տեղ էին հատկացնում ընդդիմությանը, ոչ միկրոֆոն, ծեծկռտուք էր լինում: Այսօր վստահորեն պետք է ասել, որ հատուկենտ մտահոգիչ դեպքերը հանած` հանրապետության մակարդակով այս քարոզարշավը անցավ բավարար, եւ եթե այսպես էլ անցնի ընտրության օրը, ապա մենք իսկապես կասենք, որ մեկ քայլ առաջ ենք»:
«Առավոտի» հարցին` չե՞ք վախենում, որ այս զեկույցից հետո, որտեղ հիմնականում դրական գնահատականներ եք տալիս նախընտրական գործընթացին, ընդդիմությունը ձեր կազմակերպությանը կպիտակավորի որպես «ծախված», պարոն Համբարձումյանն ասաց.«Մենք ասում ենք այն, ինչ տեսնում ենք: Թող նայեն մեր կայքում, մեր նախորդ զեկույցները եւ տեսնեն, որ ցեխն ենք մտցրել իշխանություններին, այդ ժամանակ թող ընդդիմությունը մեզ ծափահարեր, չնայած ես ոչ ծափահարությունն եմ ուզում, ոչ էլ բան, էն ինչ մենք տեսնում ենք, այն էլ ասում ենք: Իշխանությունը արել է խախտում, քարոզարշավին բարեգործություն է արել, ասում ենք, ընդդիմությունը գնացել է, քարոզարշավին քիչ մարդ է եղել, ասում ենք, էդ դուք մտածեք»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ