Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունը քոնն է». «Եթե գրագետ եւ սրտացավ վստահված անձինք լինեն` ոչ մի խախտում հնարավոր չի լինի անել»

Մայիս 02,2012 13:30

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը այսօր ներկայացրեց քարոզարշավի ընթացքում նկատած որոշ մտահոգիչ դիտարկումներ, որոնք, սակայն, ըստ կազմակերպության ղեկավարի, էական եղանակ չեն ստեղծում ընդհանուր առմամբ նախորդ ընտրություններից դրականորեն տարբերվող նախընտրական արշավի հանդեպ:

Այսպես, ըստ դիտորդների, ընտրացուցակներում բազմաթիվ անհասկանալի փաստեր կան, որոնք, սակայն, դժվար է որպես խախտում արձանագրել, որովհետեւ դրանք ավելի շուտ օրենքի անկատարության հետեւանք են, օրինակ մի բնակարանում հարյուրավոր մարդկանց գրանցումը, կամ անհասկանալի վայրերում, օրինակ, կիսակառույցներում կամ բենզալցակայաններում գրանցված մարդիկ: «Երբ մենք այս հարցերը բարձրացրեցինք ոստիկանապետի մոտ, նա հանեց եւ մեզ ցույց տվեց կառավարության որոշումները, որոնց հիման վրա էլ կատարվել են այդ անհասկանալի գրանցումները: Չնայած դրան, ես ուզում եմ ներկայացնել մի քանի մտահոգիչ փաստեր: Օրինակ, թիվ 12/14 տեղամասի ցուցակում, Շիրակի 1ա հասցում գրանցված է 147 ընտրող, բայց այդ հասցեն «Հայ-բելառուսական առեւտրի կենտրոնն է: Նախորդ ընտրությունների ժամանակ Քանաքեռ շրջանցիկ թունելում գրանցված էր 376 ընտրող, ապօրինի կառույց համարովող այդ տարածքում ներկայումս ապրող 545 ընտրողներ կան: 3/30 տեղամասում 1956-1964  համարների տակ գրված ընտրողների առջեւ գրված է միայն Ֆանարջյան փողոց, բայց ի՞նչ տուն, ի՞նչ բնակարան, հայտնի չէ: Բացի այդ, կան «փողոցներ», որոնց մասին չեմ լսել երբեք, օրինակ` «Եկեղեցու բակ», «Նավթի բազա», «Կիսակայարան»… »:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը արձանագրել է նաեւ թեկնածուների առջեւ հարուցված խոչընդոտները, այդ թվում, բնականաբար, Մալաթիա-Սեբաստիայում կատարվածը: «Քրեական գործ է հարուցված այդ դեպքի կապակցությամբ, բայց չգիտես ինչու այդ գործը հարուցված է 117 հոդվածի հատկանիշներով` առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մասին, այնինչ պետք է լիներ քարոզարշավին խոչընդոտելըու վերաբերյալ, որն ավելի լուրջ հոդված է: Դատախազի տեղակալն ասաց, որ դա դեռեւս քննության մեջ է, եւ հավանական է, որ հոդվածը կփոփոխվի»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

Բնականաբար, ֆիքսվել են նաեւ «բարեգործությունները»: Ինչպես նշեց Հարություն Համբարձումյանը. «Մեր զեկույցի այդ հատվածը մենք վերնագրել ենք «Բարեգործությո՞ւն, թե՞ ընտրակաշառք»: Երբ մինչեւ քարոզչությունը նկատում էինք տարբեր նվիրատվություններ, սննդամթերք, հեռախոս, պարարտանյութ, եւ այլն, իմանալով, որ օրենքը չի արգելում, ներքուստ ասում էի` շատ էլ լավ են անում, եթե օրենքը անկատար է, կարող են անել: Բայց ես չէի կարծում, որ քարոզարշավի ժամանակ դա կարող է առավել բուռն ձեւով շարունակվել: Եվ հիմա շատ ավելի բուռն են ընթանում այդ «բարեգործությունները»: Խախտվում է նաեւ օրենքի այն դրույթը, ըստ որի` քարոզչական նյութերը ունեն տեղակայման կանոններ: Ըստ օրենքի`արգելվում է առեւտրի սրահներում, մենքենաների վրա եւ այլ տեղերում քարոզչական նյութերի տեղադրումը, սակայն դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ է կատարվում»:

Այդուհանդերձ, ընդդիմության այն մտահոգությանը, որ հիմնական խախտումները լինելու են ընտրացուցակների ուռճացման հետ կապված, պարոն Համբարձումյանը մի քիչ փարատեց, ասելով. «Այսօրվա դրությամբ Ընտրական օրենսգիրքն այնպիսի հնարավորություն է տալիս վստահված անձանց, որ նույնիսկ այս ցուցակները չեն խանագարի: Եվ եթե ուշադիր, կիրթ, սրտացավ վստահված անձ լինի, ես չեմ պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի որեւէ խախտում անելը: Վստահված անձանցից շատ բան է կախված լինելու»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031