«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայացրեց նախընտրական շրջանի երկարաժամկետ դիտարկման արդյունքները: Կազմակերպության դիտարկման առարկա են եղել քաղաքական մթնոլորտը, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների առաջադրման եւ գրանցման գործընթացները, պաշտոնական քարոզարշավը, քարոզչական նյութերը, իշխանությունների գործելակերպը, ընտրողների ցուցակները եւ այլն:
Եզրակացությունը հետեւյալն է. «Պաշտոնական քարոզարշավի դիտարկումների արդունքում «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը կարծում է, որ նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համեմատ, 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցել է զգալիորեն հավասարակշռված, հանգիստ եւ անկաշկանդ մթնոլորտում»:
Կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը ներկայացնելով որոշ խախտումներ եւ մտահոգիչ երեւույթներ, որոնք տեղի են ունեցել, այդուհանդերձ նշեց. «Այս քարոզարշավն արձանագրել է առաջընթաց` նախորդ ընտրությունների համեմատ: Եվ եթե բուն ընտրության օրն էլ անցնի այս որակով, ապա մենք հանգիստ խղճով կարող ենք արձանագրել, որ այս ընտրությունները մի քայլ առաջ են»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ