ՀՅԴ նախընտրական քարոզչության համակարգող Աղվան Վարդանյանն իր վերջին ասուլիսում խոսում էր իսկական ու ոչ ճիշտ ընդդիմության մասին՝ նշելով, որ ՀՅԴ-ն է ամենաիսկական եւ ամենակարգին ընդդիմությունը: Նրա խոսքերով՝ «Փորձում են տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը միայն այն ուժն է, որ գիշեր-ցերեկ փողոցներից դուրս չի գալիս, ամեն ինչ անում է, որ միայն ինքը գա իշխանության եւ երկիրը տանում է ցնցումների ու դժվար վիճակի առաջ կանգնեցնում: Դա ընդդիմություն չէ, դա ուրիշ բան է»: Պարոն Վարդանյանը հստակեցրեց, որ խոսքը, այո, ՀԱԿ-ի մասին է՝ «հաշվի առնելով այն, ինչ ՀԱԿ-ն արել է 2008-ից հետո»։
Պարոն Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը, որ ի տարբերություն ձեզ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարզերում մի քանի անգամ կրկնել է, որ ընտրեք ՀՅԴ-ին, կոմունիստներին, բայց ոչ Հանրապետականին՝ պատասխանեց. «Ես ՀԱԿ-ին վատ բան չեմ ասել: Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ չի այդպես ասում: Ոչ թե ասում է՝ ընտրեք, այլ ինքն ասում է, որ իբրեւ քաղաքական կուսակցություններ՝ Հայաստանում Դաշնակցությունն է եւ կոմունիստները: Բայց ինքն ասում է կոմունիստները՝ իր 88-90 թվականի հիշողություններով: Երբ այսօր ինքն ասում է՝ Կոմունիստները Հայաստանում լուրջ քաղաքական ուժ են, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին չեմ հավատում: Երբ նա Դաշնակցությունն ու կոմունիստներին դնում է կողք կողքի, ես էլի շատ ճիշտ բան այստեղ չեմ տեսնում: Բայց որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ իբրեւ կազմակերպություն, ծրագիր, գաղափար, սկզբունքներ ունեցող Դաշնակցություն կուսակցությունն է՝ դա միայն խոսում է իր գիտելիքների մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ