Հատվածներ Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցից:
-Ինչպես նախորդ անգամները, այս նախընտրական շրջանում էլ ընտրակաշառքի թեման արդիական է: Իսկ քաղաքական գործիչների մի զգալի հատված էլ, հաճոյանալով ժողովրդին, կոչ է անում` ինչ տալիս են, վերցրեք, բայց ընտրեք ձեր «խղճի մտոք»: Այսօրինակ քարոզը, որն ինքնին ապաբարոյական է, ինչպե՞ս կարող է խղճի հետ առնչվել:
-Քարոզարշավի ընթացքում նման դրվագների բազմիցս առնչվեցինք: Ես չեմ հասկանում նրանց: Քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հանրությանը շատ հստակ ասում է` ոչ մեկի մի ասեք, թե ում եք ձեր ձայնը տալիս: Նույնիսկ խորհուրդ է տալիս` ցույց տվեք, թե հանրապետական եք, ասեք, որ իրեն եք ձայն տալու, բայց ընտրախցիկում եղած 30 վայրկյանը դուք մենակ եք եւ առանց երկնչելու մեզ տվեք ձեր ձայնը: Ճիշտն ասած, չէի ուզի, որ իմ կուսակցությանն այդպես ձայն տային: Ի՞նչ է, մենք ստախոսների՞ ազգ ենք:
Չեմ ընդունել ու չեմ ընդունում ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, բայց երբեք ինձ թույլ չեմ տա մտածել, թե նրանց նկատմամբ հաշվեհարդար պիտի լինի: Սակայն բոլորիս աչքի առաջ ՀՀՇ գործիչները այնպիսի բաներ են հայտարարում, որ անտարբեր չես կարող լսել:
Լեւոնը կանգնած խոսում է ատոմակայանի մասին` մատը թափ տալով, այսօրվա քաղաքականությունը ձախավեր բնորոշելով, երբ ատոմակայանն ու «Նաիրիտը», ողջ արդյունաբերական Հայաստանը իր ժամանակ կործանվեց ու թալանվեց: Քաղաքական ցինիզմը անտանելի է։ Ժողովրդին մանկուրտի տե՞ղ են դրել:
Ով պիտի հաղթի, թող լավ հիշի` իր բեռը շատ ծանր է լինելու: Ի դեպ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչների ինքնավստահությունն էլ չեմ ընդունում, այն նույնքան ինձ համար մերժելի է: Ի՞նչ է նշանակում` դեռ մինչեւ ընտրությունները հայտարարել, թե մենք մեծամասնություն ենք կազմում: Այդ կուշտ, «մեր դեմ խաղ չկա» հայացքով չէի ուզենա, որ խոսեն ժողովրդի հետ: Սա որքան ՀՀԿ-ին է վերաբերում, նույնքան էլ մյուսներին: Ես ուզում եմ, կասկածելով, վախենալով խոսեն, ուզում եմ ժողովրդին հարգեն:
-Բոլոր ընտրությունների ընթացքում էլ խոստումների դոզան մեծ է լինում: Ըստ ձեզ, որքանո՞վ է ժողովուրդը խոստումներին հավատում: Ի վերջո, թեկուզեւ նախընտրական շրջանում որքանո՞վ է առկա քաղաքական ուժերի` դեպի մարդը գնալու ցանկությունը:
Կարդացեք նաև
-Բագրատյանի խոստումները լսեք, կզարհուրեք, այնպիսի բաներ է ասում, որ ուզում ես ասել` 8 տարի նստած էիք, այդ ասածներիցդ գոնե մի բան անեիք: Այդ տարիների ընթացքում բացի թալանվող Հայաստանից, բան չեմ տեսել: Զանգեզուր-Ղարաբաղ ճանապարհը գնացքի նման շարվեշարան մեքենաների հարահոս էր` Հայաստանի մի մասը այստեղով էր գնում, մյուս մասն էլ` Վրաստանի ճանապարհով… Իսկ այսօր այս նույն մարդիկ` լեւոնտերպետրոսյանները, բագրատյանները, կանգնած ասում են` արդյունաբերական Հայաստանը վերջացել է: Ո՞վ է վերջացրել: Ո՞վ: Ո՞վ կմոռանա, թե գինու գործարանը քանի կոպեկով վաճառեցին նրանք:
-Քարոզարշավի համատեքստում արդեն իսկ անդրադարձել եք ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին: Ընդհանրապես ինչ տպավորություն են թողնում մյուս քաղաքական ուժերը իրենց քարոզարշավով:
-ՕԵԿ-ի համակիրը չեմ, բայց մտածում եմ, որ հետաքրքիր դպրոց է անցնում Արթուր Բաղդասարյանը, չէի ուզենա իրենց չտեսնել խորհրդարանում:
Նույն կերպ` «Ժառանգությունը» չէի ուզենա չտեսնել որպես ԱԺ-ի մաս կազմող քաղաքական ուժ: Ինձ ուղղակի հիացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի` իր թիմին ներկայացնելու մշակույթը: Մի քիչ էլ բարկացած եմ, որ Դաշնակցությունը երբեք չկարողացավ գնահատել իր ընկերներին, հատուկ սեր ունեն` մեռնելուց հետո են դա անում:
Երբ օրերս Րաֆֆին ներկայացնում էր մարդկային ճակատագրերի վրա ազդեցություն ունեցած իր թիմակիցներին, ես մտածում էի, թե քանի հարյուր մարդ առնվազն կարող է հիշել, թե ես միայնակ որպես պատգամավոր իրենց ճակատագրերում ինչ դեր եմ կատարել: Իսկ թե ընդհանրապես ՀՅԴ-ն ինչ է արել երկրի, առանձին մարդկանց ճակատագրերում…
Բնականաբար երբ այս ամենին կողքից նայում եմ, զայրանում եմ: Ու չեմ զսպում ինձ ասելու` ինչո՞ւ չեք բարձրաձայնում, ինչո՞ւ չեք ձեր ընկերներին կարողանում հավուր պատշաճի ներկայացնել: Ինչո՞ւ չեք ներկայացնում ձեր հերոս ընկերներին: Ինչո՞ւ ամբողջ դաշնակցական մշակույթը` իր ֆոլկլորով, հեղինակներով, երգերով չեք ներկայացնում: Պիտի կարողանաս սեփական ունեցվածքդ ներկայացնել:
Անահիտ ԵՍԱՅԱՆ
«Հայոց աշխարհ»