Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Ես շախմատի պեշկա չեմ, որ ով ուզի՝ ինձ օգտագործի»

Մայիս 02,2012 11:18

Կրպակները ապամոնտաժելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաշտոցի պողոտայում 80 օրից ավելի հերթապահող երիտասարդներն ընդունեցին ուրախության արցունքներով եւ «այգին մերն ա» վանկարկումներով։ Մեր այցելության պահին երիտասարդները հյութով խմում էին հաղթանակի կենացը, հայրենասիրական  երգեր էին լսում ու երգում: Հետաքրքրվեցինք՝ հենց այդպես էլ ծրագրվա՞ծ է եղել, որ այգու «ազատագրման» պայքարը հանգուցալուծվեր ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ «Ես՝ որպես նախաձեռնության անդամ, կարող եմ իմ կարծիքը արտահայտել, որ ոչ մի կերպ ՀՀԿ-ի կամ իրենց քարոզարշավի հետ մենք ոչ մի կապ չունենք, ու ես էլի եմ ասում՝ շատ վատ ստացվեց, որ դա տեղի ունեցավ հենց նախընտրական շրջանում։ Ես շատ կուզեի, որ սա լիներ ոչ միայն կրպակները ապամոնտաժելու հրաման, այլ նաեւ պատժվեին այս ամենի մեղավորները, եւ մենք հետեւողական ենք լինելու, որ մեղավորները պատժվեն, այդ թվում եւ՝ ոստիկանները, որոնք ուժ կիրառեցին մեր նկատմամբ»,- ասաց Արմո Սաֆարյանը։

Ակտիվիստներն ի սկզբանե հայտարարում էին, որ իրենց շարժումը քաղաքական չէ, եւ որեւէ մեկը չպետք է համարձակվի իրենց շարժումը քաղաքականացնել։ Կրպակները ապամոնտաժելու Սերժ Սարգսյանի հայտարարությամբ իրենք չքաղաքականացվեցի՞ն եւ մասնակից չդարձա՞ն ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությանը։ Այս հարցին ի պատասխան՝ Արմոն ասաց. «Ես անձամբ շատ դժգոհ եմ այդ հանգամանքից, որ այդ հայտարարությունը տեղի ունեցավ հենց նախընտրական շրջանում, որովհետեւ 85 օրերի մեջ կարելի էր ավելի հարմար օր ընտրել, 85 օր մենք արդեն այստեղ ենք, ու կարելի էր շատ ավելի շուտ անել դա։ Շատ դժգոհ եմ։ Մենք ոչ մի կերպ չենք մասնակցում քարոզարշավին ու ողջունում ենք միայն արդյունքը, ողջունում ենք, որ այս կրպակները ապամոնտաժվելու են, ու չենք ուզում, որ սա դիտվի որպես նախընտրական մի բան։ Իմ անձնական տպավորությունն այն է, որ սա ինչ-որ ձեւով փորձեցին հարմարացնել իրանց նախընտրական քարոզչության հետ։ Բայց մենք ոչ մի կապ չունենք քարոզչության հետ, կուզենայինք, որ այս խնդիրը լուծվեր մինչեւ այս ամենը: Ու ես նույնիսկ ամաչում եմ, որ երկրի նախագահը պետք է լուծի այս հարցը»:

«Ինքը (Սերժ Սարգսյանը- հեղ.) եկավ ու ասեց՝ սիրուն չի, քանդեք, ինքը ցույց տվեց, որ էս երկրում օրենք չկա»,- իր հերթին ասաց բնապահպան Կարենը։

Բնապահպանական շարժման մեկ այլ մասնակից՝ Եղիա Ներսիսյանը, ասաց, որ հասան իրենց նպատակին, եւ այդպես էլ պետք է լիներ։ Հարցին՝ իրեն չի՞ մտահոգում, որ իրենց շարժման պահանջը կատարելը կարող է օգտագործվել ՀՀԿ քարոզչական նկատառումներով, պատասխանեց. «Ես շախմատի պեշկա չեմ, որ ով ուզի՝ ինձ օգտագործի, մենք ինքնորոշված քաղաքացի ենք, ինչ ուզում են՝ թող անեն, դա մեզ հետ կապ չունի, դա իրանց գործն է»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031